Դեսին-Շարպիո քաղաքը Ֆրանսիայի կառավարությանը կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետությունը
Ֆրանսիական Դեսին-Շարպիո քաղաքը բանաձև է ընդունել Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ, որտեղ Ֆրանսիայի կառավարությանը կոչ է անում ճանաչել Արցախի Հանրապետությունը։
Բանաձևում, մասնավորապես, նշված է.
«Մինչդեռ ողջ աշխարհում աննախադեպ առողջապահական, տնտեսական և սոցիալական ճգնաժամ է, սեպտեմբերի 27-ից մենք ականատեսն ենք թուրքական զինված ուժերի և սիրիացի վարձկանների աջակցությամբ ադրբեջանական զինված ուժերի արտասովոր հարձակմանը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի խաղաղ հայ բնակչության դեմ:
Պատմական Հայաստանի արևելյան մասում գտնվող այս տարածքը, որ քրիստոնեության բնօրրանն է, հազարամյակներ ի վեր բնակեցված է հայերով: 1921 թ.-ին Իոսիֆ Ստալինի կամայական և միակողմանի որոշմամբ այն կցվել է Ադրբեջանին: 1988 թ-ից սկսած ժողովուրդների ազատատենչությունը Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություններին ստիպեց վերափոխվել անկախ պետությունների, որոնք, համաձայն միջազգային իրավունքի, անմիջապես ճանաչում ստացան: Արցախի ժողովուրդը հանրաքվեի միջոցով իրեն հռչակեց անկախ հանրապետություն:
Արցախի և Հայաստանի՝ Եվրոպայի դարպասների արևելյան սահմաններում գտնվող այս քրիստոնեական տարածքի ճակատագրի հարցն անցնում է միայն իր բնակիչների ապագայի սահմաններից: Եվ բոլորը դա պետք է գիտակցեն։ Նոյեմբերի 9-ին հայտարարվեց ցավալի զինադադարը, և չնայած որ մենք ողջունում ենք Ֆրանսիայի դրական վերաբերմունքը, որը հանդես եկավ մարտերը դադարեցնելու կոչով, այնուամենանիվ մենք ցավում ենք, որ վերջինս, ինչպես նաև Եվրոպան և ՆԱՏՕ-ն չմիջամտեցին՝ կանգնեցնելու նվաճողական Ադրբեջանին, որի նպատակը հայ բնակչության դեմ կրկին հանցագործություններ կատարելն է և Արցախի տարածքները աստիճանաբար զավթելը:
Արցախի ու Հայաստանի հայերը ցանկանում են ազատ ու խաղաղ ապրել իրենց պապենական հողերում: Ուստի մենք ցավով ենք արձանագրում Արցախի տարածքների կորուստը ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագրի արդյունքում:
Հետևաբար, Դեսին-Շարպիյոյի քաղաքային խորհուրդը արտահայտում է հետևյալ կոչը.
Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետության ճանաչում՝ որպես իր բնակչության անվտանգության, տարածաշրջանային և գլոբալ կայունության գրավական, մասնակցություն միջազգային մարդասիրական օգնության ալիքին՝ բացառիկ ֆինանսական օժանդակություն տրամադրելով Արցախի Հանրապետությանը»: