
«Մեր կառավարությանը, մեր պաշտպանության նախարարին հարց եմ տալիս՝ ի՞նչ իրավունքով եք տարել 11 օրվա ծառայող երեխային առաջնագիծ». Անհետ կորած զինծառայողների հարազատների բողոքի ակցիա

Անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա էին անցկացնում Պաշտպանության նախարարության շենքի մոտ: Նրանք պահանջում էին հանդիպում նախարարի հետ:
«Մեկ պահանջում ենք մեր երեխաներին, բայց ամիսուկես ոչ մի դրական արդյունք չենք ստացել»,- դժգոհում էին նրանք:
ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը տեղեկացրեց, որ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը շուտով կմոտենա բողոքի ակցիայի մասնակիցներին, ի պատասխան, սակայն, ակցիայի մասնակիցները հարցրեցին՝ «Նա մեզ կարողանալո՞ւ է հստակ պատասխաններ տալ, թե՞ գալու է մեզ հետ կանգնի. Եթե գալիս է էստեղ կանգնի, անիմաստ է, թող չգա»:
Մխիթարյան Գագիկը նշում է, որ իր եղբորորդու՝ Մխիրթարյան Մխիթարի համար տարբեր կառույցների է դիմել. համոզված է, որ դեռ ողջ է. «1.5 ամիս է՝ ոչ մի լուր չունենք մեր երեխայից: Համոզված ենք, ճշտել ենք. 5 անգամ գնացել ենք Ղարաբաղ, կոնկրետ ինֆորմացիաներ ենք ստացել, գտնվելու վայրը որտեղ է եղել, որ օրն են այդ գործողությունները եղել»:
Նրա տեղեկությամբ՝ Մխիթարը վիրավորվել է վիրավոր սպային հանելու ժամանակ. «Կամբատն ուղարկել է վիրավոր օֆիցերին հանելու, 10 երեխա զինվոր բեկորներից վիրավորվել են, ու ոչ մեկը չի մոտեցել էդ երեխեքին՝ տեսնի՝ ո՞ղջ են, թե՞ զոհվել են: Հարց եմ տալիս՝ եթե տեսար՝ ռմբակոծում են, ինչո՞ւ էիր ուղարկում, ասում է՝ վիրավորին թողնեինք դաշտո՞ւմ: Ասում եմ՝ բա գոնե միջոցներ ձեռնարկեիք, ասում է՝ ռմբակոծությունը շատացավ, փախանք:
Ամսի 5-ին ենք խոսել Մխիթարի հետ ու մինչ օրս լուր չունենք, մեր երեխան եղել է 11 օրվա ծառայող զինվոր, ու տարել են առաջնագիծ: Ես այսօր մեր կառավարությանը, մեր Պաշտպանության նախարարին հարց եմ տալիս ՝ ի՞նչ իրավունքով եք տարել 11 օրվա ծառայող երեխային առաջնագիծ: Ասում են՝ պատերազմական իրավիճակ էր, ասում եմ՝ չէ՞ որ նա պատրաստ չի եղել պատերազմին, ինչո՞ւ եք տարել, ու էսօր ոչ մի պատասխան չունենք ոչ մի ծնողի տալու»:
Անդրանիկ Քոչարյանը մոտեցավ հավաքի մասնակիցներին և տեղեկացրեց. «Այսօր կառավարությունում քննարկվելու է՝ նմանատիպ բոլոր հարցերի լուծման համար ինչ քայլեր պետք է արվեն:
Վաղը ես առաջարկում եմ, այս քննարկումը կլինի, ձեր միջից ընտրեք 15-20 հոգի, ԱԺ-ում կգա Պաշտպանության նախարարը, Արտակարգ իրավիճակների նախարարը, մենք կներկայացնենք այն ճանապարհը, որով մենք այս հարցի լուծումն առաջարկելու ենք բոլորիդ»:
Պատգամավորի ասածը վրդովեցրեց հավաքվածներին. «Այս դեպքից ավելի արտակարգ դեպք կա՞, թող այսօր արտահերթ նիստ հրավիրի, ամեն վայրկյանը մեր երեխեքի համար կարևոր է:
«54 օր է՝ իմ երեխան չկա, ասեք՝ ես ումի՞ց պահանջեմ էրեխուն, քո արածն ի՞նչ է, էսքան ժամանակ ի՞նչ էիք անում»,- Ա. Քոչարյանին դիմեց ծնողներից մեկը:
Գագիկ Մխիթարյանը լրագրողների հետ զրույցում ավելի ուշ հայտնեց, որ ՊՆ-ում ոչ մի բան չեն ձեռնարկում. «Ականջները կախ լսում են, ուղղակի ժողովրդին նայում ու հեռանում»:
Հարցին, թե արդյո՞ք հանդիպել են նորանշանակ նախարարին, նա պատասխանեց.
«Նորանշանակ նախարարի հետ չենք ունեցել, բայց Դավիթ Տոնոյանի հետ ունեցել ենք հանդիպումներ, տվել է խոստումներ, իրենից առաջ Բալայանը տվել է խոստումներ, բայց ոչ մի բան չեն արել, ոչ մի գործողություն չեն անում»: