ԵՄ-ի ղեկավարները կարող են քննարկել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները
Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը հնարավոր է համարել, որ ԵՄ-ի ղեկավարները դեկտեմբերին կայանալիք գագաթնաժողովում կարող են քննարկել Անկարայի նկատմամբ պատժամիջոցները՝ Արեւելյան Միջերկրածովում նրա գործողությունների համար:
«Ցավոք, ամեն անգամ տեղի են ունենում նոր սադրանքներ, ուստի դա Թուրքիայի ձեռքում է: Եթե մինչեւ դեկտեմբեր Թուրքիայից դրական ազդակներ չլինեն, եթե լինեն հետագա սադրանքներ, ինչպես Էրդողանի այցը Հյուսիսային Կիպրոս, ապա կլինեն շատ դժվարին բանավեճեր (դեկտեմբերին ԵՄ-ի ղեկավարների)»,-հայտարարել է Մաասը ԵՄ ԱԳ նախարարների խորհրդակցությունից առաջ, որը տեղի է ունեցել տեսախորհրդաժողովի ձեւաչափով: Առայժմ, նրա խոսքով, Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ հակամարտության կարգավորման փորձերն արդյունքների չեն հանգեցրել, որոնք ակնկալում են Եվրոպայում: Պատասխանելով այն հարցին, թե հնարավոր են արդյոք Անկարայի դեմ պատժամիջոցները, նախարարն ընդգծել է, որ ԵՄ-ում այդ հարցը բարձրացրել են նաեւ ավելի վաղ: Մաասը կոնկրետ երկրներ չի նշել, բայց ակնարկել է Կիպրոսը եւ Հունաստանը, որոնք ընթացիկ տարում այդ հարցը դրել են եվրոպական բանակցությունների շրջանակներում:
«Եթե բարելավումներ չլինեն Թուրքիայի առնչությամբ, ապա կելնեմ այն բանից, որ թեման (պատժամիջոցների) կրկին դեր կխաղա դեկտեմբերին ԵՄ-ի խորհրդում»,-հայտարարել է Մաասը: Վերջին ժամանակներս Աթենքի եւ Անկարայի միջեւ հարաբերությունները կտրուկ սրվել են: Դա կապված է այն բանի հետ, որ թուրքական Oruc Reis նավը սեյսմիկ հետազոտություններ է անցկացնում Արեւելյան Միջերկրածովի շրջանում, որը Հունաստանը համարում է իր բացառիկ տնտեսական գոտին (ԲՏԳ): Հունաստանի զինված ուժերը բարձր մարտական պատրաստության են բերվել: Թուրքիան նաեւ հետազոտություններ է անցկացնում Կիպրոսի մերձակայքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: