«Այդ փաստաթուղթը ոչ թե վատ առաջարկ էր, այլ իրավիճակով էր թելադրված՝ ռազմական դրությամբ էր թելադրված». Լենա Նազարյան
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը ճիշտ չի համարում այս պահին գնալ արտահերթ ընտրությունների՝ մարդիկ վշտի մեջ են, այլ կերպ ասած՝ դրա ժամանակը չէ:
«Անցումային կառավարություն ձևավորելու վերաբերյալ քննարկումներ չի եղել, ես չեմ կարող որևէ բան ասել»,- լրագրողների հետ կարճ զրույցում ասաց Լենա Նազարյանը:
Իսկ թե որն է ստեղծված վիճակից դուրս գալու լուծումները, Լենա Նազարյանն ասաց, որ լուծումներ կան, դրանք քննարկվում են, սակայն կոնկրետ չնշեց որևէ լուծում. «Բոլոր առաջարկվող լուծումները քննարկվում են»:
168.am-ի հարցին, իսկ այդ լուծումների մեջ կա՞ վարչապետի հրաժարականի հարց, Լենա Նազարյանը պատասխանեց. «Ես չեմ կարող հստակ ասել, չեմ կարող բացահայտել: Եթե քաղաքականության մեջ բացահայտ ոչինչ տեղի չի ունենում, դա չի նշանակում, որ ոչինչ տեղի չի ունենում, քննարկումներ տեղի են ունենում, այդ թվում՝ վարչապետի հետ»:
Մեր հաջորդ հարցին՝ խորհրդարանական երկրում նորմա՞լ է, երբ Արցախի կապիտուլյացիայի փաստաթուղթ է ստորագրվում, իսկ ԱԺ նախագահը, փոխնախագահը, պատգամավորները և երկրի նախագահը տեղյակ չեն լինում, Լենա Նազարյանը պատասխանեց. «Երբ այդ փաստաթուղթը ստորագրվեց, դա տեղի ունեցավ այնպիսի պայմաններում… ասածս այն է, որ այդ փաստաթուղթը ոչ թե վատ առաջարկ էր, որը պետք է բերվեր, քննարկվեր և մերժվեր, այլ իրավիճակով էր թելադրված՝ ռազմական դրությամբ էր թելադրված, արդեն տրվել է բացատրություն»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում