Բաժիններ՝

Արցախից Հայաստան կենդանիների և մսեղիքի տեղափոխումը վերահսկվում է

Արցախից Հայաստան է տեղափոխվել 3 191 գլուխ կենդանի, որոնց տեղաշարժը հստակ արձանագրված է:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ Արցախից Հայաստան կենդանիների և մսեղիքի տեղափոխումը վերահսկվում է:

«Անասնաբուժությանն առնչվող գիտական և հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև ոլորտի պատասխանատու կառույցների ներկայացուցիչների հետ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախաձեռնությամբ անցկացված հանդիպման արդյունքում ստեղծվել է ուղեցույց, համաձայն որի համապատասխան անասնաբուժական ծառայություններ մատուցող կազմակերպություններն ու պատկան մարմինները պատերազմական պայմաններում ծավալել և մինչ օրս էլ իրականացնում են միջոցառումներ՝ անասնահամաճարակային իրավիճակը, ռազմական գործողությունների գոտուց Հայաստան տեղափոխվող կենդանիների, ինչպես նաև մսեղիքի տեղաշարժը վերահսկելու և բնակչությանը կենդանիներից փոխանցվող հիվանդություններից զերծ պահելու համար: Այս պահին Արցախից Հայաստան է տեղափոխվել 3 191 գլուխ կենդանի, որոնց տեղաշարժը հստակ արձանագրված է: Գործընթացը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ, պետական պատվերի շրջանակում, իրականացվում են տեղափոխված կենդանիների պատվաստման աշխատանքներ: Կենդանիներն անցնում են նաև հետազոտություն բրուցելոզ հիվանդության նկատմամբ:

ՍԱՏՄ մասնագետների կողմից պատերազմական գործողությունների մեկնարկից ի վեր իրականացվում են նաև վերահսկողական աշխատանքներ հանրապետության իրացման ցանցում՝ բացառելու համար չստուգված մսեղիքի վաճառքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս