Կոստանտին Տեր-Նակալյանը վնասվածքներ է ստացել թաղեցու հետ վիճաբանության ընթացքում
Երեկ երեկոյան համացանցում տեղեկատվություն տարածվեց, որ հարձակման է ենթարկվել Ադեկվատ միաբանության անդամ Կոստանտին Տեր-Նակալյանը։
Նոյեմբերի լույս 17-ի գիշերը «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «վերին շրթունքի և աջ ականջի պատռված վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Կոստանտին Տեր-Նակալյանը։
Ոստիկանության Մաշտոցի բաժնի և Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները, համագործակցելով Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների հետ, օպերատիվ կերպով պարզեցին, որ Կոստանտին Տեր-Նակալյանն ու հարևանությամբ բնակվող 30-ամյա մի տղամարդ բանավիճել են։
Վեճը վերածվել է ծեծկռտուքի, ինչի ընթացքում էլ Կոստանտին Տեր-Նակալյանը վնասվածքներ է ստացել։
Ահազանգից րոպեներ անց տղամարդն իր բնակարանից բերման է ենթարկվել ոստիկանություն ու կատարվածի վերաբերյալ բացատրություն տվել։
Կոստանտին Տեր-Նակալյանը հրաժարվել է հաղորդում և բացատրություն տալ։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Դատաբժշկի ուղեգիր է տրվել նաև բերման ենթարկվածին։
Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։