«Նիկոլ Փաշինյան, դու անմիջապես պետք է հեռանաս, պարտված ղեկավարը չի կարող ոչ մի տեղ բանակցություններ վարել»․ Մելքումյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր ԱԺ նիստում հայտարարեց, որ հիմա չի կարող այլ օրակարգ լինել, բացի Նիկոլ Փաշինյանի հրաժարականից:

Դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ Մելքումյանը նշեց, որ նման բան նրան ոչ ոք թույլ չի տվել, և եթե չի կարողանում կառավարել, պետք է հեռանաս անմիջապես:

Ըստ Մելքումյանի՝ պատերազմի սկսելու երկրորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին, ԱԺ-ից անհասցե դիմում էին միջազգային հանրությանը, այնինչ ինքն ասել է, որ պետք է դիմել ռազմավարական դաշնակցին:

«Ի՞նչ արեց միջազգային հանրությունը: Ամսի 29-ին պետական դումայում, երբ քննարկվեց այդ հարցը, լավ կլիներ մենք արդեն դիմած լինեինք նրանց, նրանք զանգեցին, ասացին՝ թուղթը կա, հենց հիմա գրպանս դրված է, գալիս ենք միջնորդական առաքելությամբ երկու ժամից Երևան, ապա Ստեփանակերտ, հետո Բաքու: Տեսա՞ք ինչ եղավ: Այն ժամանակ ի՞նչ խաղաղապահ, այն ժամանակ խաղաղապահի մասին էլ խոսք չկար, կար ռազմական դիտորդների մասին խոսք, հիմա էս ի՞նչ ենք անում, եթե դու չես տիրապետում իրավիճակին, ղեկավար, գերագույն գլխավոր հրամանատար, չես տիրապետում ինչ է լինելու… բա ո՞ւր է քո արտաքին քաղաքականությունը: Չկա՞ն պաշտոնյաներ Զոհրաբ Մնացականյանից հետո, որ պետք է շարքով հրաժարական տային, գնային»,- ասաց նա:

Նրա խոսքով՝  հիմա պետք է մեկ օրակարգ լինի. «12 հազար քմ-ից դու թողել ես 2.7 հազարը, սա 100 տարվա մեջ անասելի ցավ է մեր ժողովրդի համար, բայց, Նիկոլ Փաշինյան, դու անմիջապես պետք է հեռանաս, որովհետև պարտված ղեկավարը չի կարող ոչ մի տեղ բանակցություններ վարել: Նոր իշխանություններ, նոր բանակցություններ. կարող է միայն այդ օրակարգը լինել»,- ընդգծեց նա:

Տեսանյութեր

Լրահոս