«Արցախ գնալով՝ հյուրանոցի սենյակներից, թանկարժեք ռեստորաններից այն կողմ չհասավ»․ Գեղամ Մանուկյան

«Արդեն մի քանի օր շարունակ ամբողջ Հայաստանը, ամբողջ հայությունն ալեկոծվել է։ Մի քանի օր շարունակ հայ ժողովուրդը քուն, հանգստություն, խաղաղություն չունի՝ ի տարբերություն մեկ մարդու և նրա նեղ շրջապատի և 84 պատգամավորների,  որոնք չեն հասկանում Հայրենիքի կորստյան զգացումը, չեն գիտակցում, թե ինչ են կորցրել։ Միգուցե չեն էլ կորցրել, որովհետև իրենցը չի եղել։ Հայ ժողովուրդը սգում է, ապրում և ողբում է այդ կորստով։  Թերևս պատահական չէր, որ այսօր Արցախի թեմի 30 տարվա առաջնորդ Պարգև Սրբազանը սրտի կաթված էր ստացել, որովհետև ով-ով, Պարգև Սրբազանն է, որ գիտի՝ ինչ է կորցրել։ Պարգև Սրբազանն է, որ 1992 թվականի մայիսի 8-ին արտասվելով աղոթք էր կարդում Ղազանչեցոց եկեղեցում։ Պարգև Սրբազանն էր Շուշիի ամեն վերանորոգվող տան հետ ուրախանում ու ապրում, ամեն մի ծնունդով ուրախանում, կնքում հարյուրավոր երիտասարդների, ովքեր պսակվեցին Արցախում, զավակներ ունեցան հենց այնտեղ։

Պարգև Սրբազանն էր, որ հասկանում էր՝ ինչ է Շուշին, ինչպես ամեն մեկն է հասկանում՝ ի տարբերություն ՀՀ այդ մեկ մարդու, որ անամոթ պատգամավորների առջև Շուշին անամոթաբար մռայլ քաղաք է համարում, որովհետև երևի կյանքում մի քանի անգամ Արցախում լինելով, հետո որպես վարչապետ՝ Արցախ գնալով՝ հյուրանոցի սենյակներից, թանկարժեք ռեստորաններից այն կողմ չհասավ, չտեսավ Հադրութը, բազմաթիվ գյուղեր, Քարվաճառը, Դադիվանքը։ Ամեն ինչ պատկերացնում էր միայն ՀԴՄ կտրոնով,- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի ժամանակ ելույթի իր խոսքում ասաց  ՀՅԴ անդամ, լրագրող Գեղամ Մանուկյանը՝ շարունակելով,- ՀԴՄ կտրոնները վերցրու և գնա, Նիկո՛լ։

Ժողովուրդը կվճարի այդ ՀԴՄ կտրոնները, հավերժ քո թոշակն էլ կտա, ընտանիքիդ թոշակն էլ կտա, կապահովի քո անվտանգությունը, բայց հանուն երկրի, հանուն մեր արժանապատվության՝ գնա։ Այսօր ժամեր շարունակ խոսում էր, այդ ամբողջ ընթացքում նայում էի աշխատակիցներիս դեմքերին, ահավոր էր։ Նիկոլ, հասկացիր, արդեն մարդկանց հոգեվիճակի վրա ես ազդում, մարդիկ դժբախտ են, դու կրկնակի ես դժբախտացնում՝ քո անիմաստ խոսքերով, ամեն րոպե սուտ խոսելով, ռուսի ասած՝ կռուտիտ լինելով՝ 30 տարի այդպես ապրեցիր, թերթովդ այդպես ապրեցիր, հարամեցիր ժուռնալիստիկա մասնագիտությունը, մեկից փող առնելով՝ իր դեմ երկու օր հոդված չտպեցիր, փողով մեկի դեմ գրեցիր։ Աստծու սիրուն, գնա։ Այսօր էլ երեկվա չգիտեմ ինչ հոգեվիճակում ու ինչից հետո ցնդաբանություն գրությունից հետո այսօր արդարանալու համար է խոսում, թե վստահեցնում եմ՝ բռնություն չեմ կիրառում։

Նիկոլ, տարիներ շարունակ դու այնքան չես սիրել մեր երկիրը, մեր ժողովրդին, որ միշտ սադրել ես բռնությամբ։ Այդ բռնության հետևանքով ունեցել ենք ցավալի զոհեր, դու միշտ սադրել ես, բռնության սադրիչը դու ես, այստեղ կանգնած մարդիկ չեն։ Այս քաղաքական կուսակցությունները, որ հավաքվել են այսօր՝ Հայրենիքի համար են հավաքվել։ Հանուն հայրենիքի նրանք բռնության չեն դիմելու, և դրա համար էր, որ հենց առաջին բռնության դեպքը, երբ մութ, անհայտ մարդիկ գրոհեցին Ազգային ժողովը, կառավարությունն ու կառավարական ամառանոցը, հենց այդ կուսակցությունները հրապարակային դատապարտեցին բռնությունը։ Այսօր ասում է՝ թող կուսակցություններն ասեն, որ դատապարտում են բռնությունը։ Հարյուրավոր հարցազրույցներ կարելի է աչքդ կոխել, Նիկոլ։ Եթե աչքդ ուզենար տեսնել, ականջդ ուզենար լսել, դու հաստատ լսած կլինեիր տասնյակ նման դատապարտումները»։

Տեսանյութեր

Լրահոս