Դատավորը իրավաչափ համարեց Աշոտ Մինասյանի ձերբակալումը. փաստաբան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, որոշեց մերժել Սիսիանի կամավորական ջոկատի հրամանատար, Աշոտ Երկաթ անվամբ հայտնի Աշոտ Մինասյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրա ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու վերաբերյալ:

«Դատավորը գտավ, որ իրավաչափ է Աշոտ Մինասյանի ձերբակալությունը այն պայմաններում, որ դատավորն ուղղակիորեն հարցրեց դատական նիստին մեղադրանքի կողմում հանդես եկող գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանին, մեկ այլ դատախազի և ԱԱԾ-ի Քննչական դեպարտամենտի 2 քննիչներին, թե որոնք են ձերբակալման արձանագրության հիմքերը, որովհետև ձերբակալման արձանագրության մեջ դա չկար: Ու այդ պայմաններում, ոչ մի պատասխան չստանալով, դատավորը ամեն դեպքում գտավ, որ ձերբակալությունը իրավաչափ է»,- դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտնեց Աշոտ Մինասյանի պաշտպան Արամ Վարդևանյանը:

«Դիտարկել այս դատական ակտը տրամաբանության իրավունքի տիրույթում, հնարավոր չէ: Դիտարկել քաղաքական իրադարձությունների զարգացումների տիրույթում, միանշանակ է»,- հավելեց փաստաբանը:

Փաստաբան Արամ Վարդևանյանը նշեց, որ ձերբակալության արձանագրությունում եղել են «0 փաստական տվյալներ»:

Նա նշեց նաև, որ դատական նիստի ընթացքում փորձ է արվել լսել նաև կալանավորման միջնորդությունը, սակայն դա մեղադրող կողմին չի հաջողվել:

Փաստաբանը դեռևս չի ստացել նրա կալանավորման միջնորդության նյութերը: Այս պահին դեռևս հայտնի չէ, թե երբ դատարանը կքննի կալանավորման միջնորդությունը:

Հիշեցնենք, որ Աշոտ Մինասյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի՝ իշխանության յուրացման և 35-305-րդ հոդվածի՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման և 235-րդ հոդվածի՝ ապօրինի զենք զինամթերք պահելու կասկածանքով։

Նրա անունը նաև հիշատակվում էր երեկ ԱԱԾ-ի տարածած հայտարարությունում, որի համաձայն՝ ԱԱԾ-ն կանխել է պետական գործչի սպանության, ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալու, բացահայտել է մի խումբ անձանց կողմից այդ նպատակով ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, պահելու դեպքեր:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս