Փաշինյանը ծախել է հայ զինվորի արյունը. Աննա Մկրտչյան

«ՀՀ-ում տեղի է ունեցել պետական դավաճանություն: Պետական դավաճանի սուբյեկտը հայտնի է. անունը՝ Նիկոլ Փաշինյան, համակիրներն ու աջակիցները՝ պարգևավճար ստացող պատգամավորներով, իր ֆրակցիայով ու նախարարներով: Նիկոլ Փաշինյանի գործողությունները 2.5 տարվա ընթացքում բացառապես ուղղված են եղել հայ ժողովրդին, հայկական երկու պետականությունները մենակ թողնել՝ բոլոր ոլորտներում և բոլոր դաշտերում. արտաքին քաղաքականությունից մինչև ներքին քաղաքական որոշումների կայացում և մինչև ռազմադաշտ, բանակցությունների փուլի իսպառ տապալում, ցանկացած իրարամերժ հայտարարություն, դատարկ հայտարարություն Նիկոլ Փաշինյանի կողմից, որն ուղղված էր հայ ժողովրդին կանգնեցնելու հայրենական պատերազմի առաջ, հայրենազրկելու և ծախելու իմ և ձեր, բոլորիս հայրենիքը»,- այսօր ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հրավիրած ասուլիսի ընթացքում ասաց ՀՀԿ ներկայացուցիչ Աննա Մկրտչյանը՝ նշելով, որ սա վերջին 2.5 տարվա արձանագրումն է:

Աննա Մկրտչյանի խոսքով՝ պատերազմի 45 օրերի ընթացքում իշխանությունը ժողովրդին խաբել է, ռեալ մտածողի խոսքն էլ փորձել է ճնշվել «պետական դավաճանի» անվան տակ, հետո էլ հանրությանը հրամցրել են քարտեզ՝ «կարմիր արյամբ ներկված»:

«Ես չգիտեմ մի հայի, ով հիմա նայում է Արցախում, թե ինչպես է շուշեցին այրում իր տունը, որպեսզի չթողնի թուրքին, թե ինչպես է մեր Վանահայրը Էջմիածին տեղափոխում այդ զանգերը․․․, բայց եթե մենք հույս ունենք, որ Երևանում ապրելու ենք հանգիստ, ես ձեզ ուզում եմ հիասթափեցնել: Նիկոլ Փաշինյանը մեզ դրանից էլ է զրկելու: Ինքը մի նպատակով է եկել և մինչև այս պահը, ցավոք սրտի, բարեհաջող իրականացրել է այդ ծրագիրը՝ ծախել բոլորիս հայրենիքը, ծախել հայ զինվորի արյունը, ծախել հայոց գեներալի պատիվն ու արժանապատվությունը»,- ասաց Աննա Մկրտչյանը:

ՀՀԿ ներկայացուցչի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն այժմ «վախկոտի պես փախած է», չգիտի՝ ինչպես նայի հայ ժողովրդի աչքերի մեջ, չգիտի՝ գա ու ինչ ասի ժողովրդին:

«Ինքն այլևս երբեք չի կարողանալու այս երկրում հանգիստ քայլել: Բայց ինքը դեռ ունի հնարավորություն՝ պետական դավաճանությունը, գոնե մեզ հնարավորություն տալով՝ մի փոքր ուղղել: Այն շանսը, այն չնչին հնարավորությունը, որ մենք այս պահին հայ ժողովրդով՝ ես, դուք, բոլորս, ունենք, դա նրա հրաժարականն է: Ոչ բացարձակ պայման է, բայց անհրաժեշտ պայման է, որպեսզի հնարավորություն տա, որ հայը խուսափի հայրենազրկումից: Մենք այլ տարբերակ չունենք»,- ասաց Աննա Մկրտչյանը՝ հանրությանը հորդորելով ժամը 17:00-ին գալ, մասնակցել հանրահավաքի՝ «փրկելու մեր հայրենիքը»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս