Քարավաճառի շրջանի հանձնումը ռազմական տեսանկյունից ինքնասպանությունն է, և այն պետք է ամեն գնով կանխել. Ավետիք Չալաբյան
Նոյեմբերի 9-ին ստորագրված Կապիտուլացիոն ակտի 6-րդ կետով, նախատեսված է, որ մինչև նոյեմբերի 15-ը Հայաստանի Հանրապետությունը վերադարձնում է Ադրբեջանին Քարավաճառի շրջանը։ Այս մասին գրառում է կատարել «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը:
Նա մասնավորապես նշել է.
«1. Նախ, Հայաստանի Հանրապետությունը չի կարող իր վրա այսպիսի պարտավորություն վերցնել, քանի որ այն չի վերահսկում Քարվաճառի շրջանը, այլ Արցախի Հանրապետությունը, դա ֆիքսված է նաև ՄԱԿ-ի 1993 թ․ համապատասխան բանաձևերով, որի վրա պարբերաբար հղում է կատարում Ադրբեջանը։ Ուստի, այս պարտավորությունը որևէ իրավական ուժ չունի, առանց Արցախի Հանրապետության կողմից վերահաստատման։
2. Հայաստանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության հետ կապում են հինգ ճանապարհներ, որոնցից մեկը ներկայումս լիովին օկուպացված է թշնամու կողմից (Կապանից Ջաբրայիլ), Գորիս-Ստեփանակերտը Շուշիի հատվածում վերահսկվում է թշնամու կողմից և չի գործում, և միայն Քարավաճառի շրջանի տարածքով անցնող Վարդենիս-Մարտակերտ մայրուղին, և հարակից լեռնային երկու ճանապարհներն են, որոնք դեռ հնարավորություն են տալիս անխափան կապ ապահովել Արցախի հետ։ Եթե այդ ճանապարհները նոյեմբերի 15-ին հանձնվեն թշնամու վերահսկողությանը, Արցախում գտնվող հայկական զինված ուժերը կհայտնվեն լիակատար ՇՐՋԱՓԱԿՄԱՆ մեջ, և ստիպված կլինեն ողջ կազմով անձնատուր լինել թշնամուն, նրա կողմից ռազմական գործողությունների վերսկսման դեպքում, ինչը թուրքից երբեք չի կարելի բացառել։
3. Քարվաճառի շրջանը ինքնին հսկայական տարածք է, անմատչելի պաշտպանական ամրություններով, որտեղ թշնամին այս պատերազմի ընթացքում էլ, իր ողջ առավելությամբ, չի կարողացել առաջանալ, և որտեղ հիմա էլ կարելի է արդյունավետ պաշտանություն կազմակերպել։
Այս երեք գործոնն արդեն բավական են հասկանալու, որ այս պայմաններում Քարավաճառի շրջանի հանձնումը ռազմական տեսանկյունից ինքնասպանությունն է, և այն պետք է ամեն գնով կանխել։ Կա դրա մի քանի միջոց՝
ա) նախ, վարչապետ Փաշինյանի կողմից ստորագրված Կապիտուլյացիայի ակտը իրավական ուժ չունի, քանի այն չի վավերացվել ՀՀ ԱԺ կողմից, Սահմանադրական դատարանի համապատասխան եզրակացության հիման վրա։ Ուստի, մինչև համապատասխան պրոցեդուրաների իրականացումը, ցանկացած պետական պաշտոնյա, որը կփորձի Կապիտուլյացիայի ակտի հիման վրա գործողություններ իրականացնել, իրեն այդպիսով կդնի օրենքից դուրս։ Սա պետք է հստակ լինի ցանկացած պաշտոնյայի համար, և ցանկացած ոք, ով նման հրաման կստանա վերադասից, պետք է պահանջի համապատասխան պատճաշ իրավական ակտ՝ այդ հրամանը կատարելու համար, այլապես հրաժարվի այն կատարելուց։
բ) Վարչապետ Փաշինյանի կողմից ստորագրված Կապիտուլյացիայի ակտը նաև պարտադիր բնույթ չի կրում Արցախի Հանրապետության իշխանությունների համար։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը արդեն հայտնել է, որ ինքը համաձայն է նրա պայմաններին, սակայն ինչպես և Հայաստանի դեպքում, համապատասխան որոշում պետք է ընդունի նաև Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, քանի որ խոսքը գնում է նրա սահմանադրական տարածքի մասին։ Այդպիսի որոշման բացակայության պայմաններում, Արցախի Պաշտպանության բանակը իրավական հիմք չունի էվակուացնելու Քարավաճառի շրջանը, և չպետք է այդպիսի գործողություններ կատարի։
գ) Բացի երկու հանրապետությունների Ազգային ժողովները, համապատասխան որոշումներ պետք է ընդունեն նաև նրանց Անվտանգության խորհուրդները։ Տվյալ դեպքում, ավելի քան իմաստավորված է նրանց համատեղ նիստ անցկացնել, մանրամասն քննարկել բոլոր ռազմաքաղաքական գործոնները, վերլուծել Քարավաճառի շրջանի թե հանձման, թե ընդհակառակը՝ պահման և դրա արդյունքում ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման հետևանքները, և միայն այդ դեպքում կոլեկտիվ որոշում կայացնել, որը կբխի իրավիճակի խորը ըմբռնումից, և կհիմնվի կոլեկտիվ պատասխանատվության և ազգային շահի լիարժեք գիտակցության վրա։ Այս նիստին պետք է պարտադիր հրավիրվեն ՀՀ և ԱՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարները, որպեսզի նրանք ևս հնարավորություն ունենան ներկայացնել իրենց տեսակետները, լսել մյուս տեսակետները, և գալ միասնական որոշման։
Մինչ այս, Հայաստանի Հանրապետությունը պաշտոնական խողովակներով պետք է տեղեկացնի Կապիտուլյացիայի ակտը ստորագրած մյուս երկու կողմերին, որ այն հետաձգում է 6-րդ կետի կատարումը՝ վերը նշված պատճառներով։ Անկեղծ հույս ունեմ, որ իրավիճակի հետագա զարգացումը հնարավորություն կտա այդ կետի կատարումը ընդհանրապես չեղարկել, բայց դա արդեն կպահանջի բոլորիս համակարգված ջանքերը։ Նաև, նոյեմբերի 15-ին մնացել է ընդամենը երեք օր, ուստի բոլորիս պետք է շտապել»։