«Այս պատերազմից խուսափելու մեկ հնարավորություն կար». Նիկոլ Փաշինյան
«Զրույց ժողովրդի հետ. վերջին իրադարձությունների մասին» վերտառությամբ ֆեյսբուքյան ուղիղ միացման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը նոյեմբերի 10-ին ժամը 01:00-ից դադարեցնելու մասին հայտարարությունը ստորագրելու պատճառների, դեռևս սեպտեմբերի 27-ին զինադադարի չգնալու մասին, անդրադարձավ մեկ այլ հարցի, որը, ըստ Նիկոլ Փաշինյանի, շատ կարևոր էր արձանագրել:
«Արդյո՞ք այս պատերազմը անխուսափելի էր և արդյո՞ք այս պատերազմից հնարավոր չէր լինի խուսափել». սա էր, ըստ Փաշինյանի, այն հարցը, որի մասին շատ կարևոր էր խոսել:
«Ես ուզում եմ շատ ուղիղ ասել, որ այս պատերազմից խուսափելու կար մեկ հնարավորություն՝ 5 տարածքների հանձնում՝ առանց Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման: Եվ սա, ըստ էության, եղել է բանակցային այն ժառանգությունը, որը մեր կառավարությունը ստացել է: Ընդ որում, բանակցային գործընթացում, բանակցային գործընթացում այդ իրավիճակը այնքան երկար էր ձգվել, ես տենց գիշերվա եթերում ասեցի, բայց մի քիչ կոպիտ ձևերով, որովհետև բանակցային գործընթացում հստակ ա եղել մի բան: Ցավոք սրտի, 94 կամ 5 թվականից սկսած բանակցային գործընթացում հստակ ա եղել միայն մի բան, որ 7 շրջանները պետք է հանձնվեն Ադրբեջանին: Այսինքն՝ սա բանակցային գործընթացի միակ շատ հստակ ձևակերպումն ա եղել, որը 94 թվականից ի վեր անընդհատ բանակցություններում ներկա ա եղել, բոլոր հնարավոր բանակցություններում ներկա ա եղել այդ դրույթը, որ 7 տարածքները պետք ա հանձնվեն Ադրբեջանին:
Մնացած որևէ բան որոշակի չի եղել: Օրինակ, գրված ա՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտում: Եղել ա այդպիսի քննարկում 25 տարի: Շատ լավ, կարգավիճակի ճշգրտում, ի՞նչ ա նշանակում՝ կարգավիճակի ճշգրտում: Ադրբեջանն էլ ասել ա՝ «շատ լավ, կարգավիճակի ճշգրտում, քանի որ կա նաև տարածքային ամբողջականության սկզբունքը, ուրեմն, հա, ինքնորոշման իրավունք, եթե կա ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականություն, ուրեմն ինքնորոշման իրավունքը պետք է տեղի ունենա տարածքային ամբողջականության շրջանակում: Եվ էստեղ եղել են բանաձևեր: Մենք ասել ենք, հայկական կողմը ասել է՝ «չէ, մենք համաձայն չենք», Ադրբեջանը իր մեկնաբանությունն է տվել:
Նկատի ունեմ, էս մասը բանակցությունների ինքը անընդհատ տարընթերցումների և մեկնաբանությունների տեղիք է տվել և մեզ բանակցային 25 տարվա ընթացքում չենք կարողացել այս թեզը՝ «ի՞նչ ա նշանակում ազգերի ինքնորոշում», բանակցային գործընթացում ճշգրտել, «ի՞նչ ա նշանակում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակ»՝ բանակցային գործընթացում ճշգրտել:
Եվ այդ ընթացքում Ադրբեջանը ֆինանսական և ռազմական որոշակի կարողություններ ձեռք բերելով, սենց քայլ-քայլ-քայլ-քայլ-քայլ-քայլ, ըստ էության, սկզբից Լեռնային Ղարաբաղին ընդհանրապես դուրս են մղել բանակցային գործընթացից, հետո Լեռնային Ղարաբաղի Ադրբեջանից դուրս կարգավիճակի հարցն են դուրս դրել բանակցային գործընթացից, և, ըստ էության, բանակցային գործընթացը եղել է մի բանի մասին, ոչ թե մի բանի մասին ա եղել, ըստ էության, այլ բանակցային գործընթացում հստակ, կոնկրետ, հասկանալի, շոշափելի, բռնելի եղել ա մի բան՝ տարածքները պետք ա վերադարձվեն Ադրբեջանին:
Եվ, իմիջիայլոց, բանակցային բոլոր գործընթացների սեղանին դրված բանակցային փաստաթղթերը սկսել են հետևյալից: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի նպատակներն են՝ 1-ին. 7 շրջանների վերադարձը Ադրբեջանին, 2-րդ. Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտում: Այսինքն՝ առաջին նպատակը եղել ա 7 շրջանների վերադարձը, հանձնումը Ադրբեջանին: Եվ մենք անընդհատ էս բազայի վրա ենք հիմնվել: Մենք էս թեզը չենք կարողացել դարձնել մեկնաբանելի, մինչդեռ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին նշումը, կամ ազգերի ինքնորոշման մասին նշումը դարձել է տարածական, շատ մեկնաբանելի: Այսինքն՝ բանակցությունների ընթացքում միակ բանը, միակ բանը, որը չի վիճարկվել ու միևնույն ժամանակ եղել ա առարկայական, առարկայական, շոշափելի, կոնկրետ, եղել է տարածքների հանձնումը Ադրբեջանին:
Եվ մենք բանակցային գործընթացը ժառանգել ենք մի կետում, երբ որ այս անառարկելի դրույթը, ըստ էության, արդեն իսկ 25 տարի եղել է բանակցային գործընթացի առաջնահերթություն: Եվ անընդհատ խուսանավելով, էս կողմ-էն կողմ տանելով, ինչ-որ, ինչ-որ ձևերով հայկական կողմը էդ հարցը հետաձգել է, բայց հստակ դրված, բանակցություններում հստակ դրված գործը կարելի ա ձգձգել 1 տարի, կարելի ա ձգձգել 5 տարի, կարելի ա ձգձգել 15 տարի, կարելի է ձգձգել 20 տարի, բայց ի վերջո գալիս է պահը, երբ որ ձևավորվում ա էսպիսի մի իրավիճակ, որ միջազգային հանրությունը ունի կոնսենսուս, որ, «քանի որ Ղարաբաղի ստատուսի ճշգրտման հարցը շատ բարդ հարց է, շատ տարածական հարց է, և մենք սեղանին ունենք մի կոնկրետ հարց, որը շրջանների, տարածքների հանձնումն է Ադրբեջանին, ուրեմն եկեք էդ կոնկրետ հարցը լուծենք, հետո կանցնենք մնացած հարցերին»:
Նիկոլ Փաշինյանի պնդմամբ՝ 2018 թվականի մայիսի դրությամբ սա եղել է կոնսենսուս համանախագահների միջև, կոնսենսուս: «Եվ արդեն իսկ 2018 թվականից առաջ, 2018 թվականից առաջ, 2016 թվականին նույնիսկ սա արդեն ծայրահեղ անհրաժեշտություն էր իրականացնելու: 2016 թվի պատերազմը ինչի՞ մասին էր: Էդ պատերազմը սկսվեց, հետո կանգ առավ, կանգ առնվեց ի՞նչ պայմանով: Հենց այդ պայմանով: Բայց էդ փորձը արդեն այլևս թույլ չէր տա, որպեսզի պատերազմը սկսվեր, կանգներ այդ պայմանով, որ՝ «դե, տեսնենք՝ էլ ինչքան կարող ենք ձգել», որովհետև այլևս ձգելու հնարավորություն որևէ մեկը չի ուզում տալ: Եվ պատերազմից առաջ էլ մենք փորձել ենք բանակցային այս տրամաբանությունը փոխել, մենք փորձել ենք չհանձնվել, մենք փորձել ենք ամեն ինչ անել, որպեսզի բանակցային էս տրամաբանությունը փոխվի, և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը կամ կարգավիճակի ճշգրտումը առնվազն գա հասնի էն որոշակիությանը, որը ունի տարածքների հանձնման հարցը: Եվ այս պայքարն է, որ բերել է ի վերջո պատերազմի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: