«Մենք չէինք կարող մտածել, որ տարածքներ հանձնելը հրադադարի հասնելու ճիշտ ճանապարհ է». Նիկոլ Փաշինյան
«Զրույց ժողովրդի հետ. վերջին իրադարձությունների մասին» վերտառությամբ ֆեյսբուքյան ուղիղ միացման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը նոյեմբերի 10-ին ժամը 01:00-ից դադարեցնելու մասին հայտարարությունը ստորագրելու պատճառների մասին, անդրադարձավ նաև այս ընթացքում հնչող մեկ այլ հարցի:
«Ինչո՞ւ, օրինակ, սեպտեմբերի 27-ին նույն պայմաններով հրադադար կամ զինադադար չի կնքվել, նույն պայմաններով»,- հարց բարձրացրեց վարչապետը, ապա հարցին նման պարզաբանում տվեց:
«Մի պարզ պատճառով՝ սեպտեմբերի 27-ին զինադադարի պայմանները շարունակում էին մնալ նույնը: Այսինքն, եթե մենք զինադադար էինք խնդրում, զինադադարը կարող էր բավարարվել կամ ընդունվել միայն ձեզ և մեզ հայտնի 7 շրջանները վերադարձնելու կամ հանձնելու պայմանով: Իսկ մենք նման քայլի չէինք կարող գնալ, որովհետև մենք հավատում էինք, որ Արցախի Պաշտպանության բանակը, հայ ժողովուրդը, մենք բոլորս կկարողանանք էնպես անել, որ ոչ թե անհրաժեշտ լինի, մենք շահագրգռված լինենք հրադադարի ռեժիմի մեջ, այլ մենք կարողանանք պարտադրել հրադադար, ինչը, սակայն, ցավոք սրտի, տեղի չունեցավ, այդ թվում՝ իմ նշած պատճառների բերումով, որովհետև մենք չէինք կարող մտածել, որ տարածքներ հանձնելը հրադադարի հասնելու ճիշտ ճանապարհ է:
Բնականաբար, հարց կհնչի, բա էդ դեպքում ինչո՞ւ որոշեցինք, այնուամենայնիվ, գնալ նման քայլի: Շատ պարզ պատճառով, որովհետև բանակի զեկույցները լսելով և կարծիքը, գնահատականները լսելով՝ մեզ համար ակնհայտ դարձավ, որ այսպես թե… հետագա շարունակության հետևանքները լինելու են շատ ավելի ծանր, և ինչքան էլ ծանր լինի, այս պահին պետք է ուղղակի կանգ առնել, որևէ ձևով ուղղակի գտնել ձևը, այո՛, ընդունել պայմաններ, որոնց առնվազն մի մասը անխուսափելիորեն կբավարարվեին, ոչ թե կբավարարվեին էդ իմաստով, այլ տեղի կունենային ռազմական գործողությունների հետագա շարունակության պարագայում: Սա ա ճշմարտությունը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: