
«Միշտ ասել եմ՝ Թուրքիայի, մասնավորապես՝ Պոլսի հայ համայնքը պատանդ է Թուրքիայի ձեռքում». Ռուբեն Սաֆրաստյան

Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ միշտ էլ ասել է, որ Թուրքիայում ապրող հայ համայնքի կյանքը մշտապես վտանգի սպառնալիքի տակ է, հատկապես այն ժամանակ է վտանգը մեծանում, երբ Արցախում սրվում է իրավիճակը։
«Ես միշտ ասել եմ, որ Թուրքիայի, մասնավորապես՝ Պոլսի հայ համայնքը պատանդ է Թուրքիայի ձեռքում։ Երբ ինչ-որ իրադարձություններ են տեղի ունենում, իրավիճակը սրվում է, հատկապես՝ Հայաստանի ու Արցախի հետ կապված։ Վտանգը, որը կախված է հայ համայնքի գլխին, ավելի է սրվում։ Այնպես որ, իսկապես այս իրավիճակը Պոլսի հայ համայնքի համար վտանգավոր է դառնում, ամեն րոպե կարելի է սպասել, որ «Գորշ գայլերի» և այլ ծայրահեղականների, իշխանությունների կողմից ոտնձգություններ կարող են լինել հայ համայնքի նկատմամբ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Սաֆրաստյանը։
Ինչ վերաբերում է Պոլսի Հայոց պատրիարքարանին և նրա հնարավորություններին, թե դժվարին օրերին կարո՞ղ է պաշտպանել հայ համայնքին, Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ Պոլսի պատրիարքարանն իր հնարավորությունների սահմաններում տեր է կանգնել հայ համայնքին։
«Այդուհանդերձ չմոռանանք, որ Պատրիարքարանը նույնպես ենթարկվում է իշխանություններին։ Այնպես որ, նրա վիճակն էլ է որոշ չափով ծանր»,- հավելեց Ռուբեն Սաֆրաստյանը։
Նա նաև շեշտեց, որ հայ համայնքի դեմ այն ոտնձգությունները, որոնք տեղի են ունեցել և կարող են այժմ տեղի ունենալ, պետք է դառնան միջազգային հանրության հետաքրքրության առարկան, որպեսզի այդ ճանապարհով գոնե հնարավոր լինի զսպելու այն վտանգը, որը կախված է համայնքի վրա։