«Այս պայմաններում՝ մարդիկ կարո՞ղ են մտածել, որ այս օրհասական պահին նման քննարկումներ նախաձեռնելու նպատակը սխալները թաքցնելն ու վերահաս պատասխանատվությունից խուսափելն է»․ Ռուբեն Մելիքյան
Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Աչքովս ընկավ լուր այն մասին, որ Միասնական տեղեկատվական կենտրոնում նշանակված է քննարկում «Հնարավոր էր արդյոք խուսափել պատերազմից» թեմայով։
Նախ, մի ակնթարթ ուրախացա՝ մտածելով, որ պատերազմը երևի արդեն ավարտվել է, և ահա մարդիկ սկսում են փորձագիտական մակարդակով քննարկել պատերազմի պատճառները, ընթացքը, արդյունքները․․․
Բայց՝ ցավոք, ոչ։ ՊԲ-ի պաշտոնական էջից էլ տեղեկացա, որ քաղաքացիական անձանց համար ժամանակավորապես փակվել են Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի Բերձոր-Շուշի հատվածի որոշ կտորներ, քանի որ մերոնք թշնամական ուժերի որոնողական աշխատանքներ են իրականացնում։ Այսինքն՝ պատերազմը ոչ միայն շարունակվում է, այլև շարունակվում է, ցավոք, ամենևին ոչ՝ Գետաշենը և Շահումյանն ազատագրելու բաղձալի սցենարով։
Բա եթե ծանր պատերազմը շարունակվում է, էլ ի՞նչ քննարկում, ի՞նչ բան։ Ինչի՞ համար եք դա անում։ Օրենքով արգելել եք կառավարության քննադատությունը․ այդ պայմաններում էլ ի՞նչ քննարկում։ Օրինակ, եթե ինչ-որ մեկն ունի կարծիք, որ (պայմանական եմ ասում) պատերազմից լավ էլ հնարավոր էր խուսափել, եթե գործող իշխանությունները վարեին ճիշտ արտաքին քաղաքականություն, չփչացնեին մեր դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերությունները, ժամանակին բացահայտեին վտանգները և փորձեին չեզոքացնել դրանք, որ (պայմանական եմ ասում) պատերազմից լավ էլ հնարավոր էր խուսափել, եթե 8-9 ամիս առաջ չխախտվեր կողմերի ուժային հավասարակշռությունը՝ թուրքական բայրակթարների մատակարարմամբ, կարո՞ղ է այդ կարծիքը բարձրաձայնել, թե՞ արգելված է, թե՞ չի կարող, քանի որ դա այս պահին կվնասի մեր հիմնական ու միակ ազգային գործին՝ թշնամուն դիմադրելուն ու Մեր Հայրենիքը պաշտպանելուն։
Էլ ի՞նչ քննարկում, եթե կարծիք արտահայտելու ազատությունը սահմանափակված է։ Դա եղավ քննարկու՞մ, թե ներքաղաքական ուղղվածության քարոզչություն։ Այս պայմաններում՝ մարդիկ կարո՞ղ են մտածել, որ այս օրհասական պահին նման քննարկումներ նախաձեռնելու նպատակը սխալները թաքցնելն ու վերահաս պատասխանատվությունից խուսափելն է։
Ես կարծում եմ՝ լավ կլինի, եթե Միասնական տեղեկատվական կենտրոնի աշխատանքը լինի իրավիճակին համարժեք։ Այսինքն՝ հանրությանը տրամադրվի անհրաժեշտ տեղեկատվություն ռազմաճակատից, մեզ տրվեն հանձնարարականներ այն մասին, թե որ մեկս ինչ անի ու ինչպես անի, որ առավելագույնս օգտակար լինի…
Իսկ մնացածը՝ հետո»։