«Պետք է այնպես լինի, որ Իրանի և Միացյալ Նահանգների շահերը մեր տարածաշրջանում որևէ կերպ չբախվեն». Սուրեն Սարգսյան

168.amի հետ զրույցում միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն անդրադարձավ Արցախի հիմնահարցի հետ կապված՝ Միացյալ Նահանգների և Իրանի ակտիվությանը և դրա հնարավոր վտանգներին։

«Վերջին մեկ-երկու ամիսների ընթացքում, մասնավորապես՝ Վաշինգտոնում  Միացյալ Նահանգները Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ շատ ակտիվ է եղել։ Նախ, կազմակերպել է այդ հանդիպումը, որը մոտ երեք օր է տևել, այսինքն՝ ինտենսիվ շփումներ է եղել ամերիկյան ղեկավարության հետ՝ թե՛ պետքարտուղարի մակարդակով, թե՛ անվտանգության հարցերով խորհրդականի մակարդակով, և թե՛ պետքարտուղարի տեղակալի մակարդակով։ Դրանից հետո, երբ ձեռք բերված պայմանավորվածությունն ըստ էության չի պահպանվել Ադրբեջանի կողմից, շարունակություն է նկատվում, երբ Պոմպեոն զանգահարում է ՀՀ վարչապետին, ինչպես հասկանում եմ՝ ոչ մեկ անգամ, նաև ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդականն է անընդհատ կապի մեջ թե Հայաստանի, ու թե Ադրբեջանի արտգործնախարարների հետ։ Այնպես  որ, շատ լուրջ ակտիվություն է նկատվում այս առումով Միացյալ Նահանգների կողմից»,- նշեց Սուրեն Սարգսյանը։

Միաժամանակ նա հավելեց, որ այս ամենի ֆոնին ակտիվանում է նաև Իրանը, հանդես է գալիս նախաձեռնողականությամբ, երբ երկրի փոխարտգործնախարարն այցելում է տարածաշրջանային մայրաքաղաքներ՝ Բաքու, Անկարա, Մոսկվա, Երևան, որպեսզի նոր մոդել առաջարկի Արցախի խնդրի կարգավորման համար։

«Այս ամենը հաշվի առնելով, նաև այն, որ Միացյալ Նահանգներն ու Իրանն էապես տարբեր հայացքներ ունեն աշխարհում գրեթե բոլոր խնդիրների վերաբերյալ, և մեծ հաշվով շատ լարված հարաբերություններ ունեն, ապա սա կարող է վտանգավոր լինել, եթե նրանց շահերը բախվեն նաև մեր տարածաշրջանում, ինչից այսքան ժամանակ հնարավոր է  եղել խուսափել։ Պետք է հուսալ, որ մեր դիվանագիտությունն այնքան ճկուն կլինի, որ այս երկու տերությունների բախումը մեր տարածաշրջանում տեղի չունենա։ Եվ ընդհանրապես այս հարցում տարաձայնություններն անկառավարելիության մթնոլորտ չձևավորեն»,- նշեց Սուրեն Սարգսյանը։

Ինչ վերաբերում է Մինսկի խմբի ձևաչափի փոփոխությանը և այն մեկնաբանություններին, որ Իրանը ցանկանում է դրան այլընտրանք առաջարկել Իրան-Ռուսաստան-Թուրքիա ձևաչափը, Սուրեն Սարգսյանն ասաց, որ Մինսկի խմբում Թուրքիան կա, բայց համանախագահ չէ, որը փորձեր է կատարում ներքաշվել Մինսկի խմբում, ինչը մինչև այժմ նրան չի հաջողվել։

«Մինսկի խմբի մեջ մտնում են Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Թուրքիան, Բելառուսը, բայց համանախագահ պետությունները  երեքն են՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները։ Իրանը չկա Մինսկի խմբում, այս պահին ամբողջական պատկերացում չունեմ, թե Իրանի փոխարտգործնախարարը լուծման ինչ հնարավոր տարբերակներ է առաջարկել կողմերին։ Կարծում եմ՝ Մինսկի խմբի համանախագահության փոփոխությունը որևէ հիմնավորում ունենալ չի կարող, չեմ կարծում, որ կարող են լինել այլ պետություններ, որոնք ավելի արդյունավետ կարող են աշխատել, քան Մինսկի խումբը»,- շեշտեց միջազգայնագետը։

Նրա կարծիքով՝ հարևան Իրանի նախաձեռնած քայլերը չեն կարող վնասներ հասցնել Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին։

«Ցանկացած պարագայում Իրանի ներգրավվածությունը մեզ համար կարող է շատ հետաքրքիր լինել ու դառնալ քննարկման առարկա։ Այսինքն՝ ես չեմ կարծում, որ Իրանը մի բան է առաջարկելու, որը չի բխելու Հայաստանի շահերից, իհարկե, հաշվի առնելով փոխզիջումների անհրաժեշտությունը։ Միևնույն ժամանակ հաշվի առնելով Իրան-ԱՄՆ լարված հարաբերությունները, դրանք, բնականաբար, լրացուցիչ լարում կարող են մտցնել մեր տարածաշրջանում, եթե, ենթադրենք՝ Մինսկի խմբի ձևաչափը փոփոխվի, և տարբեր պետություններ փորձեն դառնալ Մինսկի խմբի անդամ։ Մինսկի խումբը միակ ձևաչափն է, որտեղ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը միմյանց հետ աշխատում են։ Կարծում եմ՝ ավելի արդյունավետ ձևաչափ հնարավոր չէ պատկերացնել Մինսկի խմբի համանախագահների համար, որովհետև սա մի ձևաչափ է, որտեղ ներգրավված են գերտությունները։ Պետք է այնպես լինի, որ Իրանի և Միացյալ Նահանգների շահերը մեր տարածաշրջանում որևէ կերպով չբախվեն, որովհետև այն կարող է տարածաշրջանի համար բավականին լարված իրավիճակ ստեղծել»,- եզրափակեց Սուրեն Սարգսյանը։

Տեսանյութեր

Լրահոս