Պատերազմական գործողությունների սկզբից կիբերհարձակման շուրջ 692.000 դեպք է գրանցվել. ԱԱԾ

ԱԱԾ պետի տեղակալ Արմեն Աբազյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց պատերազմական գործողությունների սկզբից ԱԱԾ իրականացրած գործունեությունն արտաքին հետախուզության բնագավառում: Պաշտոնյայի տեղեկացմամբ՝ Ադրբեջանի ուղղությամբ իրականացվել են տեղեկատվավերլուծական աշխատանքներ, գնահատվել է ոչ միայն Ադրբեջանի կողմից լայնածավալ ռազմական գործողություններ ծավալելու հավանականությունը, այլև ռազմական գործողությունների ընթացքում հակառակորդի հետապնդած ռազմաքաղաքական նկրտումները:

«Արձանագրել են մարտական գործողություններին մասնակցող արաբ գրոհայինների զրույցներ, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի կողմից պատերազմական գոտում տեղադրված մի շարք վարձկան գրոհայինների անձնական տվյալներ»,- ասաց Արմեն Աբազյանը:

Ըստ նրա՝ ԱԱԾ-ն նաև աշխատանքներ է տանում կիբերհարձակումների դեպքերի բացահայտման ուղղությամբ: Արմեն Աբազյանը հայտնեց, որ այս մեկ ամսվա ընթացքում ընդհանուր առմամբ կիբերհարձակման շուրջ 692.000 դեպք է գրանցվել:

ԱԱԾ տնօրենի տեղակալը նաև հայտնեց, որ համացանցում կեղծ հրապարակումների, սոցիալական ցանցերում խուճապ տարածելու, ինչպես նաև մարտական գործողությունների վերաբերյալ գրառումներ, լուսանկարներ, տեսագրություններ տարածելու վերաբերյալ մինչ օրս գրանցվել է 245 դրվագ, որոնք փոխանցել են Ոստիկանություն:

Խոսքն ավարտելով՝ ԱԱԾ տնօրենի տեղակալն անդրադարձավ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ներգրավվածությանը պատերազմական գործողություններին, նշեց, որ այս ընթացքում ԱԱԾ-ն ունեցել է 37 զոհ, 4 անհետ կորած և 243 վիրավոր:

Տեսանյութեր

Լրահոս