«Հետախուզությունը հետևում է, գիտենք հակառակորդի մտահղացումները, ուղղությունները». Արծրուն Հովհաննիսյան

Երեկ ամերիկյան բլոգներից մեկը հրապարակեց արբանյակային լուսանկարներ, որտեղ երևում էին ադրբեջանական օդանավակայանում կայանված թուրքական F-16-երը:

Ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Սա լրիվ բավարար է, բայց մենք շատ լավ ապացույցներ ունենք, տիրապետում ենք տեղեկություններին, թե ինչպես են F-16-երը կիրառվել, կոնկրետ զենքեր կիրառել` գերճշգրիտ հրթիռներ, այդ թվում` առանձին մարտական խնդիրներ լուծող,-նշեց նա:

168.am-ի հարցին` հայկական արտադրության ԱԹՍ-ներն ինչ մասնաբաժին կամ մասնակցություն ունեն այս պատերազմում, երեկ պաշտոնական տեսանյութ հրապարակվեց հարվածային ԱԹՍ-ի մասով, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց.

«Այո, պաշտոնապես հայտարարվեց: Նրանց կիրառությունը քանակապես մեծ չէ, ցավոք, բայց դրանք ունեն իրենց դերակատարությունը: Եվ հայկական միտքն այս ուղղությամբ շարունակում է աշխատել: Նորանոր կիրառությունների ապացույցներ, եթե անհրաժեշտ գտնենք, կներկայացնենք»:

168.am-ը փորձեց պարզել նաև, թե ո՞ր ուղղություններով է հակառակորդը ներկա դրությամբ ակտիվ վերախմբավորումներ անում, այդ թվում` զրատեխնիկայի տեղափոխում մի տեղից մյուսը, և որքանով է մեր հետախուզությունը կարողանում գուշակել նրանց հետագա գործողությունները: Բնականաբար, պատասխանն ակնկալվում էր թույլատրելիության սահմանում, մասնավորապես, վերջին հատվածի հետ կապված:

Մեր հարցադրմանն ի պատասխան Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ չի կարող ասել, թե հակառակորդը ո՞ր ուղղություններով է վերախմբավորումներ անում:

«Հետախուզությունը հետևում է` ռազմատեխնիկական և այլ հետախուզության միջոցներով: Այո, տիրապետում ենք, գիտենք հակառակորդի մտահղացումները, ուղղությունները: Ռազմական միտքը տեղում է: Ռազմական ղեկավարությունը փայլուն տիրապետում է իրավիճակին: Որոշ տեղերում ստիպված ենք լինում նահանջել, վերախմբավորվել, որոշ դիրքեր զիջել, շատ հաճախ գերակայող ուժերի ազդեցության տակ, մի քանի անգամ ասել եմ` 8-12 անգամ ավելի ուժեր են կանգնած մեր զորքերի դիմաց, և շատ հաճախ այդ գերակայող ուժերի ազդեցության տակ իմաստ չենք գտնում մինչև վերջին մարդը պայքարելը: Այդ իսկ պատճառով որոշ տեղերում վերախմբավորումներ են կատարվում: Սա է խնդիրը, բայց հրամանատարությունը տիրապետում է իրավիճակին, վճռական է», -եզրափակեց նա:

Տեսանյութեր

Լրահոս