«Հայաստանում էդ թասիբը հլը դեռ էդքան չի եռում, և էստեղ, իմ կարծիքով, մեծ դեր ունեն մեր կանայք». Նիկոլ Փաշինյան

Պատերազմի 30-րդ օրն է, ու ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանը երևի հիմա զարմանում է, թե ոնց չեն հանձնվում հայերը, երբ ողջ աշխարհից զենք է բերում, «ամբողջ զենքը թափում Արցախի գլխին», հատուկ նշանակության ջոկատայիններ է գործի դնում:

«Մենք պետք ա ասենք, որ չենք հանձնվի, էդ պետք ա ասենք, ժողովուրդ ջան»,- ֆեյսբուքյան ուղիղ միացման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Բայց, վարչապետի խոսքով, դա պետք է լինի ոչ միայն Ֆեյսբուքի լայքի ու աջակցության խոսքերի միջոցով, այլ, որ Հայաստանում չպիտի լինի բժիշկ, որ պատրաստ լինի թեկուզ իր ամենահարազատին, իր որդուն տալ տեղեկանք, որ ինքը կորոնավիրուսով հիվանդ է, ու չլինի մարդ, որ ձեռքը պարզի ու այդ տեղեկանքը վերցնի՝ սահման չգնալու համար:

Ըստ Փաշինյանի՝ այս իրավիճակը պետք է մարդու համար ավելի ծանր լինի, քան հայրենիքի համար զոհվելը:

«Էսօր պետք ա զինկոմիսարիատների առաջ տեղ չլինի, հերթեր գոյացած լինեն՝ դիմակներով: Շատ լավ է, կամավորագրումը գնում է, շնորհակալ եմ բոլոր էն քաղաքացիներին, ովքեր արձագանքել են, բայց ես ուրիշ բան եմ ասում: Ասում եմ, որ պետք ա տեղ չլինի, հերթեր պետք ա լինեն՝ ընդ որում, 24 ժամ, 24 ժամ պետք ա հերթեր լինեն, և մարդիկ պետք ա գնան, պատրաստականություն, մարտական պատրաստություն անցնելու, և պետք ա պատրաստ լինեն ՊԲ հրամանատարի ցանկացած հրաման կատարելու, որովհետև մեր ճակատագիրն է: Էսօր մեր ժողովրդի ճակատագիրն է որոշվում: Էսօր մեր ժողովրդի ճակատագիրն է որոշվում, և չկա ճակատագրի լուծման ավելի լավ տարբերակ, քան ճակատագրի ղեկը սեփական ձեռքը վերցնելը, ինչը չի նշանակում, թե մենք էդպես կարծր… օրինակ, Ադրբեջանը ուզում ա Ղարաբաղի կապիտուլյացիան, բայց Ղարաբաղը չի ուզում Ադրբեջանի կապիտուլյացիան, չի ուզում: Էդպիսի խնդիր չունի ինքը դրած: Պետք ա էդպես անի, էնպես պետք ա հայ ժողովուրդը աջակցի Ղարաբաղին, որ Ադրբեջանն էլ Ղարաբաղի կապիտուլյացիան չուզենա:

Իրանք հիմա ինչքան մտածեն, որ՝ «այ հես ա, մի քիչ ա մնացել, մի քիչ էլ, մի քիչ էլ, մի քիչ էլ, և իրանց հարցը կլուծեն», հիմա մեր ժողովուրդը իր արձագանքով պետք ա ցույց տա, որ չէ, տենց չի լինելու, չի լինելու տենց լուծում, կապիտուլյացիա չի լինելու, կոտրվել չի լինելու, համաձայնվել չի լինելու: Եվ դրա արտահայտությունը, թիվ մեկ արտահայտությունը էն ա, որ ասում եմ՝ պետք ա զինկոմիսարիատների դիմաց հիմա հերթեր լինեն 24 ժամ, հերթեր լինեն 24 ժամ»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ասաց, թե շատ է նեղվում ու կուզենար, որ բոլորը «օնլայն ռեժիմով» իմանային, թե ինչ է կատարվում, կուզենար բոլոր մանրամասները պատմել, ասել, թե առաջնագծում որտեղ ինչ է տեղի ունեցել, բայց իր շատ գործընկերներ, ըստ Փաշինյանի, իրեն հետ են պահում, ու դա վարչապետը հասկանում է: Ըստ նրա՝ ներքին խոսակցության հնարավորություն չկա: Ու այն, որ շատ բաներ չեն ասում, պարզապես պայմանավորված է ռազմական դրությամբ:

«Ես մեկ-մեկ նեղվում եմ, որ, ասենք, ինչ-որ մի ժամանակ ա լինում, երբ որ ինֆորմացիա չենք տալիս մենք ժողովրդին ամբողջական: Քավ լիցի, որևէ մեկը հանկարծ չմտածի, թե դա անում ենք էն պատճառով,որ ինչ-որ բան ուզում ենք թաքցնել: Բացարձակապես, բացարձակապես: Միայն էն պատճառով, որ ռազմական դրություն ա, ռազմական պայմաններն ունեն իրենց առանձնահատկությունները: Եվ գիտեք, դրանից, ընդամենը դրանով ենք կաշկանդված, էդ առանձնահատկությունները հիմնավոր են, էնպես չի, որ ձևեր ա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Խոսքի ավարտին էլ վարչապետը կոչով դիմեց կանանց:

«Էսօր մեր երկրում պետք ա, էսպես, թասիբը եռար, եռար, այ սենց… Հայաստանը և Արցախը և Սփյուռքը պետք ա թասիբի կաթսա լիներ: Սփյուռքը, իմիջիայլոց, թասիբի կաթսա ա հիմա, եռում ա, Սփյուռքի թասիբը հիմա եռում ա, ինչի կապակցությամբ ուզում եմ գլուխ խոնարհեմ մեր սփյուռքահայ ժողովրդի առաջ:

Հայաստանում էդ թասիբը հլը դեռ էդքան չի եռում, և էստեղ, իմ կարծիքով, մեծ դեր ունեն մեր կանայք: Եվ մեր կանայք պետք ա մեր տղամարդկանց ասեն, որ էս իրավիճակում որևէ երկմտություն որևէ մեկի կողմից չի ներվելու: Կանայք ոչ թե պետք ա պայքարից, հաստատակամությունից ետ պահեն իրենց տղամարդկանց, որդիներին, ամուսիններին, եղբայրներին, այլ, ընդհակառակը, պետք ա թասիբը եռա Հայաստանի Հանրապետությունում, և սա է մեր հաջողության գրավականը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ իր ելույթն էլ վարչապետը եզրափակեց՝ շեշտելով, որ քանի դեռ Գերագույն հրամանատար է, պահանջում է, որ յուրաքանչյուր քաղաքացի ենթարկվի իր կոչին, իր որոշմանը, իր հրամանին, ու նաև նշեց, որ ինքն էլ պատրաստ է ժողովրդի ցանկացած որոշմանը ենթարկվել:

«Իմ հրամանն էն ա, որ ամեն տղամարդ հենց հիմա պետք ա ոտի կանգնի և գնա իր զինվորական կոմիսարիատ: Սա իմ հրամանն է: Եվ կանանց էլ խնդրում եմ քաջալերել: Էն կանայք, ովքեր իրանց մեջ ուժ են գտնում՝ կանգնելու հանուն հայրենիքի, իրանք էլ թող գնան, թող իրենք էլ ջոկատներ կազմեն: Սա հազարամյա կռիվ է: Էսքանը, Շնորհակալ եմ»,- ուղիղ միացումը եզրափակեց վարչապետը:

Տեսանյութեր

Լրահոս