Պետք է իրականացվի խաղաղության պարտադրման օպերացիա՝ ՄԱԿ մանդատ, անթռիչք գոտի և միջազգային կոնտինգենտի մուտք Ղարաբաղյան հակամարտության գոտի․ Տարասով

«Եթե չեն գործում հրադադարի պայմանավորվածությունները, ապա պետք է գնալ խաղաղություն պարտադրելու ճանապարհով»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով Արցախյան հակամարտության գոտում պատերազմը դադարեցնելուն ուղղված դիվանագիտական ջանքերին, հրադադարին և անհրաժեշտ այլ քայլերին, որոնք արմատապես կփոխեն ստեղծված իրավիճակը։

Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի դարձավ, որ ԱՄՆ միջնորդությամբ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են այսօր ժամը 08։00-ից հայտարարել արդեն 3-րդ հումանիտար հրադադարը, որը արդեն իսկ խախտվել է ադրբեջանական կողմից, ՀՀ ՊՆ հաղորդագրությունների համաձայն։

Այս օրերին դիվանագիտական ակտիվություն է ցուցաբերում նաև ԱՄՆ համանախագահությունը։ ԱՄՆ-ում պետքարտուղար Պոմպեոն և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Օ՛Բրայանը հանդիպումներ անցկացրին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ, ճնշումներ բանեցրին ադրբեջանական կողմի նկատմամբ հրադադարի ուղղորդելու նպատակով։

Ուշագրավ է նաև այն, որ կիրակի օրն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով իր աջակիցների առաջ Նյու Հեմփշիրում, ասաց, որ Միացյալ Նահանգները կկարողանա հեշտությամբ հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:

Նա նաև նշել է, որ Վաշինգտոնն աշխատում է Բաքվի և Երևանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ. «Մենք ամեն ինչ կարգի կբերենք: Դա, իմ կարծիքով՝ հեշտությամբ տեղի կունենա: Պետք է որ հեշտ լինի, երբ գիտես, թե ինչ ես անում»,- ասել է նաև՝ որպես օրինակ նշելով Կոսովոն։

Թեև ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներն ամենաբարձր մակարդակով աշխատում են հրադադար հաստատել հակամարտության գոտում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ուղերձով դիմում է իր ժողովրդին՝ սպառնալով արտաքին ագրեսիայի դեպքում կիրառել Ադրբեջանի տարածքում գտնվող թուրքական F16 կործանիչները։

Նա նաև կասկածի տակ է դրել առաջիկայում Ժնևում նախատեսվող Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը՝ ակնարկելով, որ Ադրբեջանը չի հրաժարվելու իր հարձակումից։ Ադրբեջանի նախագահը նաև նշել է, որ Ադրբեջանը մեծ ճնշումների է ենթարկվում։ Արցախյան պատերազմի շուրջ դիվանագիտական գործընթացը՝ բարձր մակարդակի հայտարարությունները, «եռում» են, սակայն չկա հրադադար, և այս ֆոնին հոկտեմբերի 29-ին Ժնևում տեղի է ունենալու ԱԳ նախարարների հերթական հանդիպումը։

Ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովն ասաց, որ ընդհանրապես այս օրերին ձևակերպվող հարցերը, թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներից ո՞րը կկարողանա հաջողության հասնել՝ սխալ է, քանի որ պատերազմի շուրջ գործընթացները ցույց տվեցին, որ համանախագահները գործում են միասին։

Նա ակնարկեց, որ Մոսկվան առանձնահատուկ և առանցքային դերակատարման չի հավակնում և գործում է՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր, ինչն էլ երևաց օրերս «Վալդայ» ակումբում նրա արած մեկնաբանություններից։

«Առաջին փուլը մոսկովյան համաձայնություններն էին, որոնք տեղի ունեցան հոկտեմբերի 9-ին ԵԱՀԿ ՄԽ մյուս երկրների աջակցությամբ, երկրորդ փորձը՝ Վաշինգտոն, որը ևս ստացավ բոլորի աջակցությունը, նոր քայլ էր Թրամփի հայտարարությունը, որ սա իբրև թե կարելի է լուծել, ինչպես Կոսովոն։ Իսկ Կոսովոն լուծվեց անկախությամբ, այսինքն՝ Թրամփը երևան է բերում անկախության ճանաչման հարցը ԼՂ հակամարտությունում։ Սա նոու-հաու չէ, քանի որ այս գաղափարը 2016 թվականի ապրիլին դեռ Քերին էր առաջարկում, երբ Վիեննայի բանակցություններն էին։ Այս թեմատիկայի շրջանառությունն ամեն դեպքում ևս միտված է հրադադարին, հրադադարից հետո միայն կարելի է անցում կատարել դիվանագիտական քաղաքական գործընթացին։ Ու այստեղ արդեն բազմաթիվ խնդիրներ են ի հայտ գալիս, ուզենք թե չուզենք, շփման գիծը փոխվել է, հարց է՝ կպահպանվի՞ արդյոք Մադրիդյան օրակարգը, թե՞ ոչ, թե՞ միանգամից Կոսովոյի ճանապարհով են սկսում գնալ, ճանաչում են ի՞նչ սահմաններով, և այլն․․․ սրանք հարցեր են, որոնց շուրջ կարող ենք իմպրովիզներ անել՝ ինչքան ուզենք, սակայն դա տեղին չէ հիմա»,- ասաց Տարասովը։

Հարցին, թե ինչպե՞ս հասնել հրադադարի, երբ հրադադարի շուրջ բարձրաստիճան պայմանավորվածությունները Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջնորդությամբ չեն գործում, Տարասովը պատասխանեց՝ եթե առաջ ընթանալու համար դիվանագիտական և քաղաքական գործընթացում ոչ մի հրադադար չի գործում, ապա, ՄԱԿ մանդատի համաձայն, հայտարարվում է բաց երկինք, հայտարարվում է, որ գոտի է մտցվում միջազգային կոնտինգենտ, սկսվում է խաղաղության պարտադրման օպերացիա՝ միացյալ առաքելություն։

Նա դիտարկմամբ՝ քիչ հավանական է, որ խաղաղապահներ լինեն միայն Ռուսաստանից, դա կլինի միջազգային առաքելություն։ «Իսկ հետագայում եթե ֆրանսիացիները ևս առաջ մղեն Կոսովոյի ձևաչափը, ապա ռուսները դրան կաջակցեն, և այդ հարցում կոնսենսուս կլինի ԵԱՀԿ ՄԽ-ում։ Իսկ Կոսովոն դա պատասխանն էր Թուրքիայի ներխուժմանն այս հակամարտություն»,- ասաց ռուս քաղաքագետ Տարասովը։

Տեսանյութեր

Լրահոս