ԱՄՆ-ի օդուժն Աֆղանստանում գրոհել է թալիբների դիրքերի վրա
Ամերիկյան մարտական ինքնաթիռները Վարդաքի նահանգում, որը գտնվում է երկրի կենտրոնում, գրոհել են «Թալիբան» արմատական շարժման կողմնակիցների դիրքերի վրա: Հոկտեմբերի 26-ին այդ մասին հայտնել է աֆղանական 1 TV հեռուստաալիքը, մեջբերելով Աֆղանստանում ԱՄՆ-ի ուժերի ներկայացուցիչ գնդապետ Սոննի Լեգետի հայտարարությունը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի ինքնաթիռները հոկտեմբերի լույս 26-ի գիշերը «թալիբների դիրքերին կետային հարված են հասցրել Վարդաքի նահանգի Ներհի գավառում»:
Ինչպես նշել է Լեգետը, գրոհի արդյունքում ոչնչացվել է «Թալիբանի» հինգ զինյալ: Ամերիկացի զինվորականը հավելել է, որ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի գրոհը կատարվել է «աֆղանական անվտանգության ուժերի պաշտպանության նպատակով եւ չի հակասում հաշտության համաձայնագրին, որը կնքվել է ԱՄՆ-ի եւ «Թալիբանի» միջեւ (Կատարի մայրաքաղաք) Դոհայում»:
Գործնականում ամերիկացի գնդապետի հայտարարության հետ միաժամանակ Աֆղանստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ «Վարդաքում կառավարական ուժերի հակահարձակման շնորհիվ ոչնչացվել է արմատական շարժման 26 կողմնակից»: Պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչը չի հիշատակել գործողությանն ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի մասնակցության մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: