
Արցախցի կանայք վաղը կհանդիպեն ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ներկայացուցչի հետ

Վաղ առավոտից ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց ակցիա իրականացնող կանանց ու երեխաներին այսօր չհաջողվեց հանդիպել պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինի կամ պատվիրակության մեկ այլ ներկայացուցչի հետ:
ՀՀ-ում ԵՄ գրասենյակի անվտանգության աշխատակիցներն ակցիայի մասնակիցներին հայտնեցին, թե կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ գրասենյակում աշխատակիցներ չկան, ուստի հանդիպում տեղի ունենալ չի կարող: Աշխատակիցներն ակցիայի մասնակիցներին առաջարկեցին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարին ուղղված նամակն իրենց հանձնել՝ պատվիրակության անդամներին փոխանցելու համար, ակցիայի մասնակիցները չհամաձայնեցին:
Այդուհանդերձ, անվտանգության աշխատակիցները մասնակիցներին հայտնեցին, թե կարող են ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գրասենյակ գալ վաղը ժամը 11:00-ին՝ նշելով, որ այդ ժամանակ որևէ մեկը կընդունի նախաձեռնող խմբի անդամներից 3-ին, կլսի նրանց պահանջը: Եվ երբ ակցիայի մասնակիցներին վստահեցրին, որ վաղը հանդիպում կունենան ՀՀ-ում ԵՄ պատվիրակության որևէ ներկայացուցչի հետ՝ առանց անուն նշելու, ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ այսօր ավարտում են խաղաղ ակցիան, իսկ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց թողեցին արցախցի երեխաների ցանկություններով պաստառները: