«Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբի պետը փաստաթուղթ է ստորագրել, որով 520 հոգի վարձկան ներգրավվում են ադրբեջանական զորամաս և մասնակցում մարտական գործողություններին». Վաղարշակ Հարությունյան
Ադրբեջանաթուրքական քարոզչամեքենան փորձում է միջազգային հանրությանն ապակողմնորոշել՝ ներկայացնելով, որ Արցախի դեմ ագրեսիայում չկա թուրքական մասնակցություն. մի կողմից, որ չկան վարձկաններ, որոնք բերվում են հակամարտության գոտի, ինչպես նաև՝ չեն թիրախավորվում եկեղեցիները և քաղաքացիական օբյեկտները:
«Արմենպրես»-ի մամուլի սրահում կազմակերպված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանը՝ հավելելով, որ վարձկանների առկայությունը հակամարտության գոտում հերքում է և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի նախագահը:
Մինչդեռ, ըստ նրա, բոլոր համանախագահ պետությունները հաստատել են այս փաստը. Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Թուրքիայի նախագահի հետ հեռախոսազրույցում, ևս մտավախություն է հայտնել դրա մասին, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնը:
«Նույնիսկ ԱՄՆ պետքարտուղարը Թուրքիային մեղադրեց, որ նա ապահովում է այդ մարդկանցով Ադրբեջանին»,- հավելեց Հարությունյանը՝ նշելով, որ Ադրբեջանը վարձկանների հետ համագործակցել է դեռևս արցախյան առաջին պատերազմի ժամանակ՝ 1990-ականներին:
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը՝ որպես ասվածի ապացույց, ցույց տվեց մի փաստաթուղթ՝ Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Նեջմեդդին Սադիկովի կողմից ստորագրված, որի համաձայն՝ 520 հոգի ներգրավվում են ադրբեջանական զորամաս և մասնակցում մարտական գործողությունների:
«Դրանից հետո կա հրաման, որ զորակոչեն պահեստազորից սպաների, որոնք տիրապետում են ֆարսի լեզվին: Կան կոնկրետ ազգանուններ, այդ 15 հոգունը, որոնց զորակոչել են»,- մանրամասնեց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականը: