«Պետք չէ ունենալ պատրանք, որ Ադրբեջանը պահելու է հրադադար». Անժելա Էլիբեգովա

Թեև Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպման արդյունքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում այսօր ժամը 12:00-ից հաստատել հրադադար, սակայն ադրբեջանական զինուժը շարունակում է ռազմական գործողությունները:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը նախ տեղեկացրեց ժամը 12:05-ին «Կարախամբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ ադրբեջանական գրոհի մասին, ապա նաև՝  Հադրութ քաղաքի հրետակոծության:

168.amադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայից հետաքրքրվեց՝ արդյո՞ք  Ադրբեջանի այս պահվածքը նշանակում է՝ հաշվի չառնել Մոսկվայում պայմանավորվածությունը, զրոյացնել 11 ժամ տևած աշխատանքները: Ի պատասխան՝ նա նշեց. «Առաջին հերթին՝ պետք չէ ունենալ պատրանք, որ Արդբեջանը պահելու է հրադադար՝ անկախ նրանից, թե ինչ կորոշվի, քանի որ դա կտևի. այս պահի դրությամբ պաշտոնապես մենք չգիտենք՝ ինչ որոշում է ընդունվել ժամկետների առումով:

Ամեն դեպքում, պետք է հասկանալ՝ Ադրբեջանը խախտելու է, սադրանքների է գնալու, հայկական կողմին ավելի է փորձելու մեղադրել խախտումների մեջ, դրան պետք է պատրաստ լինել»:

Ադրբեջանագետը հավելեց՝ պետք է հասկանալ, որ պատերազմական գործողությունները դեռ չեն ավարտվել, և այս ժամանակահատվածն օգտագործել ուժերը համալրելու համար, վերադիրքավորվելու համար.

«Այս հրադադարը զուտ հումանիտար բնույթ է կրում, որպեսզի դիակները կարողանան հանել դաշտից, բայց դա չի նշանակում, որ Ադրբեջանը չի փորձելու նորից սադրանքների գնալ առաջնագծում, և պետք է, այո՛, վերադիրքավորվել, այո՛, համալրել ուժերը, այո՛, նոր ռազմավարական փոփոխությունների համար օգտագործել ժամանակը: Եվ ես կարծում եմ՝ էդպես էլ կա, և՛ ՊՆ-ն, և՛ ՊԲ-ն ակտիվորեն դրանով կզբաղվեն»:

Տեսանյութեր

Լրահոս