Երբ կսկսվեն բանակցությունները

Արցախյան հակամարտության գոտում վերսկսված պատերազմական թեժ գործողություններին զուգահեռ՝ վերջին օրերին արագացել են հրապարակային դիվանագիտական գործընթացները։ Դրանցում ակտիվ մասնակցում են Թուրքիան, Ռուսաստանը, Իրանը, Եվրամիությունը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ մյուս երկրները՝ Ֆրանսիան, ԱՄՆ-ը, ինչպես նաև, բնականաբար, հակամարտող կողմերը։ Նկատելի է, որ վերջին օրերին արևմտյան և ռուսական ոչ այնքան ակնհայտ, սակայն ակտիվ ճնշումների արդյունքում հաջողվեց փոքր-ինչ մեղմել Թուրքիայի ռազմատենչ հռետորաբանության մակարդակը, և դա հատկապես նկատելի դարձավ վերջին 3 օրերին Լավրով-Չավուշօղլու, Չավուշօղլու-Ստոլտենբերգ բանակցություններից հետո, որոնց, ի դեպ, հաջորդեց թուրք ԱԳ նախարարի այցն Ադրբեջան։

Նախօրեին վերջին տասնօրյակում առաջին անգամ կայացավ Ալիև-Պուտին հեռախոսազրույցն ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ, որն ըստ ամենայնի ՌԴ նախագահի ծննդյան օրվա առիթով էր, սակայն Արցախյան թեման չէր կարող մնալ լուսանցքում և քննարկվեց, դրան հաջորդեց նաև Փաշինյան-Պուտին 5-րդ հեռախոսազրույցը։

Նախօրեին մեկ այլ նշանակալի իրադարձություն ևս տեղի ունեցավ․ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերջին շրջանում առաջին անգամ մեկնաբանեց ստեղծված իրավիճակն Արցախյան հակամարտության գոտում՝ նշելով, որ տեղի ունեցողը ողբերգություն է, քանի որ և Հայաստանում, և Ադրբեջանում, և Ղարաբաղում ապրում են մարդիկ, որոնք ռուսների համար օտար չեն։ Նա ասաց, որ որքան հնարավոր է արագ պետք է դադարեցվեն մարտերը Ղարաբաղում։ Պուտինը վերահաստատեց, որ Ռուսաստանը պատրաստ է կատարել իր դաշնակցային պարտավորությունները Հայաստանի հանդեպ։ Այս մեկնաբանության ֆոնին շրջանառվող ակնկալիքները, թե ՌԴ նախագահի միջնորդությամբ եռակողմ հանդիպում տեղի կունենա Փաշինյան-Պուտին-Ալիև ձևաչափով, տեղին չեն․ ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովն ասաց, որ նման հանդիպում չի ծրագրվում, ՌԴ նախագահը ծրագրեր չունի բանակցություններ վարել նաև Թուրքիայի նախագահի հետ։ Չնայած ՌԴ նախագահի կողմից դիվանագիտական նախաձեռնությունների բացակայությանը, ռուսական կողմն ինտենսիվ աշխատում է ԱԳ նախարարության մակարդակով թե Թուրքիայի, թե Իրանի, թե հակամարտող երկրների հետ առանձին, թե ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահների հետ միասին։

Հարկ է նաև հիշեցնել, որ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում այսօր Ժնևում, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին։ Հետաքրքրական է նաև այն հանգամանքը, որ եվրոպացի պաշտոնյաների հայտարարություններում, խոսքը թե Ֆրանսիայի ԱԳ նախարարի, թե ԵՄ Բարձր Ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի մասին է, խոսքը գնում էր նախարարական հանդիպման մասին, սակայն հայկական կողմն ԱԳՆ մակարդակով հայտարարություն տարածեց, որ նման հանդիպում չի նախատեսվում։ Սակայն ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 12-ին պաշտոնական այց է կատարելու Մոսկվա, որտեղ բանակցություններ է վարելու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։

168am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Վադիմ Դուբնովն ասաց, որ ռուսական նախաձեռնության ձևավորումն ընթանում է պատերազմի վերսկսման առաջին իսկ օրերից, սակայն Մոսկվան արտաքին դիտորդի դիրքորոշում է զբաղեցրել առավելապես, և դրանով են զբաղված համարյա թե բոլոր գլխավոր խաղացողները, քանի որ համարում են, որ հակամարտության թեժ փուլում դրան միջամտելն անիմաստ է։

Նրա կարծիքով, բոլորը սպասում են կա՛մ միջանկյալ արդյունքների (այսինքն՝ շփման գծում նոր բնագծերի հաստատման), կա՛մ առավել կայուն տակտիկական հավասարակշռության ձևավորման, երբ պարզ դառնա, որ Ադրբեջանը լուրջ կերպով առաջ գնալ չի կարողանում։ Դեռ, ըստ Դուբնովի, ոչ մի հարցում հստակություն և պարզություն չկա։

«Այն մարդիկ, ովքեր հետևում են իրավիճակին, լավ չեն հասկանում նաև, թե ինչ է տեղի ունենում Հարավում, իսկ ինձ թվում է, որ հակամարտության ճակատագիրը որոշվում է հենց Հարավում։ Ինձ թվում է նաև, որ Ադրբեջանը խնդիր է դրել զբաղեցնել մի շարք տարածքներ, ինչպես Ջաբրաիլի շրջանը, իսկ հետո շատ բան կախված կլինի նրանից, թե ինչպես կընթանան զարգացումները, բայց կարծում եմ՝ հարավային ուղղության վրա շատ բան է որոշվելու։ Հնարավոր է՝ ինչ-որ մեկը՝ Մոսկվայում, ինչ-որ մեկը՝ Անկարայում, Փարիզում, Վաշինգտոնում մի փոքր ավելին գիտեն այս ամենի մոտ լինելու մասին, ուստի նախօրեին զգացողություն առաջացավ, որ կողմերն ակտիվացել են։

Այն, որ Պուտինն ասաց, թե ՀԱՊԿ-ը չի միջամտի, դա տրամաբանական էր և դա տարօրինակ, բացասական չէր, ՀԱՊԿ-ը կանի իր պարտավորությունները միայն ՀՀ տարածքի դեպքում, սրանով Մոսկվան նաև ազդանշան է ուղարկում, որ պատրաստ է բանակցությունների, բայց առանց միջամտության, և դրանով իսկ Թուրքիային է դնում որոշակի դիրքորոշման մեջ, կանխորոշում Թուրքիայի դիրքորոշումը, զսպում ակտիվ միջամտությունը։ Չավուշօղլուի այցերը Եվրոպա և Ադրբեջան վերբալ պարզություն է մտցնում, Թուրքիայի իրական մասնակցությունը գերագնահատված և դրամատիզացված է։ Ուստի այս ամենը նշան է նրա, որ ինչ-որ բան պատրաստվում է։ Բարձրաստիճան նախաձեռնությունը և դրան համաձայնությունը Փաշինյանի և Ալիևի կողմից, երբ այնտեղ թեժ մարտեր են գնում, դժվար պատկերացնելի է։ Ռուսաստանը Թուրքիայի, ԵՄ-ի և այլ բոլոր մակարդակներում աշխատանքներ է տանում, դա երևում է և դա կտա իր արդյունքները»,- ասաց Դուբնովը՝ շարունակելով նշել, որ միևնույն ժամանակ՝ լիովին հասկանալ, թե ինչ է տեղի ունենում ռազմաճակատում և դիվանագիտական ճակատում, անհնար է, քանի որ կազմակերպված ոչինչ տեղի չի ունենում, սակայն ինչ-որ սևագրեր, ակնարկներ են հայտնվում, և Ալիևի, Փաշինյանի միջանկյալ տողատակերում որոշակի նշաններ այնուամենայնիվ կան։

Խոսելով հակամարտության «ճակատագրի» մասին՝ Վադիմ Դուբնովը ցավով նշեց, որ սա այս հակամարտության վերջին փուլը չէ, նման իրավիճակները նմանատիպ հակամարտությունների դեպքում, ինչպես ասում են, միշտ նախավերջինն են։

«Շատ կարևոր է և դրանից շատ բան է կախված, թե ինչ իրավիճակում և ինչ պայմաններով կսկսվեն բանակցությունները։ Եթե Հայաստանը պարտվածի դիրքից վերսկսի բանակցությունները, դա մեկ պատմություն է, եթե կողմերը ճանաչում են ո՛չ հաղթանակ, ո՛չ պարտություն, ապա դա այլ է։ Այսինքն՝ ամեն ինչ կախված է, թե որն է լինելու հակամարտության միջանկյալ ֆինիշը, և, եթե Ադրբեջանին հաջողվի ինչ-որ բան պատերազմով վերցնել, ապա ինձ թվում է, որ Բաքուն դա կներկայացնի՝ որպես իր ջախջախիչ հաղթանակը, և այստեղ հասկանալի է միջազգային հանրության սպասումը, քանի որ Ադրբեջանը ցանկանում է հաջողություններ ներկայացնել իր հասարակությանը։ Այսինքն՝ չի պատրաստվում դադարեցնել գործողություններն առանց որևէ արդյունքի, իսկ դա ամենակարևոր բաղադրիչներից է Ալիևի համար։ Այս փուլում դեռ հաղթանակի ապացույցներ Ալիևը չունի։

Այս պահին դեռ անկայուն իրավիճակ է, և այդ իրավիճակում խոսել բանակցություններից, անիմաստ է, քանի որ Բաքուն չի հաղթել, իր ցանկությունը կարծես չի կատարել և դեռ շարունակելու է, դեռ նաև չի պարտվել։ Ուստի, եթե չլինի պարզություն ռազմական հողի վրա, դիվանագիտությունը ինչի՞ վրա պետք է հենվի։ Անհասկանալի է, թե ինչ է պետք կողմերին առաջարկել այս իրավիճակում։ Երբ պարզ դառնա, որ Ջաբրաիլը վերցրել են, դա արդեն վերջնակետ է կամ մեկնարկային կետ բանակցությունների համար։ Իսկ երբ պարզվի, որ Ջաբրաիլը հնարավոր չի վերցնել, և Հայաստանը դա կապացուցի, դա լիովին այլ իրավիճակ է։ Այսինքն՝ պետք է պարզություն մտցվի իրավիճակում, և դրա վրա կհենվի դիվանագիտությունը»,- ասաց Դուբնովը։

Տեսանյութեր

Լրահոս