«Բաքու-Ջեյհան նավթամուղը սնում է Իսրայելը. հարվածելով դրան՝ թույլ չենք տա, որ Իսրայելից զենքը հասնի դեպի Ադրբեջան և ուղղվի մեր դեմ». Արմեն Մանվելյան

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանն Արցախի սահմանի ամբողջ երկայնքով սկսել է պատերազմ՝ լայնածավալ ռազմական գործողություններ, և հիմա հայկական կողմի համար այդ պատերազմը զսպող մեխանիզմ կարող է լինել ադրբեջանական նավթագազային համակարգերի թիրախավորումը։ 168 TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Էներգետիկ աշխարհաքաղաքական հարցերով փորձագետ Արմեն Մավելյանը։

«Տարիներ շարունակ կար կարծիք, որ Բաքու-Ջեյհան, Բաքու-Էրզրում նավթամուղերը զսպող գործիք են պատերազմ սկսելու համար, և Ադրբեջանն ինքն է հասկանում, որ պատերազմ սկսելու դեպքում հայկական կողմը դրանց կարող է հարվածել։ Սակայն տարիները և սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը ցույց տվեցին, որ այդ ենթակառուցվածքներն Ադրբեջանի համար այլևս զսպող գործիք չեն։ Այս խոշոր նավթամուղերը պատկանում են երկու կոնսորցիումի, որոնց գլխավոր օպերատորը «Բրիթիշ փեթրոլիում» ընկերությունն է։ Ադրբեջանը հենց այս ընկերության առաջ ունի պարտավորություն՝ ապահովելու այս նավթամուղերի անվտանգությունը։ Հայկական կողմը որևէ պարտավորություն չունի։ Բաքուն իր ռազմական ավանտյուրայով Հայաստանին մղում է նման գործողության»,- ասաց Մանվելյանը՝ շեշտելով, որ, եթե հայկական կողմն իր թիրախում պահի և խոցի նման կարևորության օբյեկտ, ապա դա կբերի միջազգային հանրության կողմից Ադրբեջանի վրա ճնշումների, և, թեև չի բացառվում, որ հայկական կողմն էլ միջազգային հանրության կողմից քննադատության արժանանա, սակայն, երբ Ադրբեջանը սկսել է լայնամասշտաբ պատերազմ, նման միջազգային մեղադրանքներից պետք չէ վախենալ։

«Մեկ անգամ պետք է գնալ այդ քայլին, և այն շատ երկար կաշխատի՝ որպես զսպող գործիք։ Ադրբեջանական նավթամուղերի խոցումը որոշակի մեսիջ է լինելու այն ուժերին, որոնք պարտավոր են հասկանալ՝ եթե ուզում են, որ այդ նավթամուղերը բնականոն աշխատեն, պետք է կարողանան բոլոր կողմերի հետ լեզու գտնել, և չհենվեն կողմերից մեկի վրա։ Բաքու-Ջեյհան նավթամուղը սնում է Իսրայելը, հարվածելով դրան՝ մենք թույլ չենք տա, որ Իսրայելից զենք հասնի դեպի Ադրբեջան և ուղղվի մեր դեմ։ Մենք կարող ենք հարված հասցել որոշակի պոմպային համակարգի, որից հետո նավթի բիզնեսով զբաղվող միջազգային հանրության համար Ադրբեջանը կդառնա անվստահելի երկիր»,- ասաց Մանվելյանը՝ շեշտելով, որ դրանից հետո այդ նույն հանրությունը կարող է դնել Ադրբեջանում քաղաքական փոփոխության հարց։

Ըստ նրա՝ Ադրբեջանի համար հայկական կողմի նման գործողությունները կբերեն ծայրահեղ վտանգավոր իրադրության, քանի որ առանց այն էլ նավթի գների անկումը, շատ խորը սոցիալ-տնտեսական իրավիճակը, նավթի վաճառքից տարեկան ստացվող փողի կրճատումը՝ 32 միլիարդից 12 միլիարդի, ՀՆԱ-ն 77 միլիարդից մոտ 40 միլիարդի, հասնելը Ալիևի կլանի համար բերելու է լրջագույն խնդիրների։

«Ադրբեջանը «Բրիթիշ փեթրոլիում» ընկերության հետ ունի ռազմավարական համաձայնագրեր, այդ ընկերությունը երաշխիք է տալիս Ալիևի կլանին, և հիմա Ալիևն այդ նույն ընկերության համար դառնալու է ոչ վստահելի գործընկեր։ Այն, որ Ալիևը ոչ վստահելի գործընկեր է, պետք է ցույց տա հայկական կողմը, իսկ հայկական կողմից տրվող այս մեսիջը ևս կարող է հիմք ստեղծել Ալիևյան կլանի փոփոխության համար»,- ասաց Մանվելյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս