Դատապարտյալների և կալանավորված անձանց՝ կամավոր առաջնագիծ գնալու դիմումների վերաբերյալ որևէ ընթացակարգ չի սահմանվել. ՔԿԾ

Դեռ սեպտեմբերի 27-ին, երբ Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսեց Արցախի դեմ, քրեակատարողական հիմնարկների դատապարտյալներ, կալանավորված անձինք, այդ թվում՝ նաև սպաներ, դիմումներ էին գրել՝ առաջնագիծ գնալու համար: Նրանք պատրաստակամություն էին հայտնել ռազմական դրությունից հետո վերադառնալ՝ շարունակելով կրել իրենց պատիժը: aravot.am-ի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը նշել էր, թե ՔԿՀ-ներում պահվող ազատազրկված անձինք «գրեթե միաձայն դիմում են ներկայացրել վարչակազմին՝ մասնակցելու Արցախյան ազատամարտին։ Նրանց անկեղծ ցանկությունն է հայ ժողովրդի կողքին լինել, սատարել հայրենիքին իրենց ուժերի ներածին չափով»:

Երեկ 168.am-ը դիմել էր  ՔԿԾ հանրային կապերի վարչություն՝ ճշտելու, թե արդյո՞ք որևէ ընթացք տրվելու է դիմումներին՝ հաշվի առնելով փաստը, որ ազատազրկված անձինք կամավոր են նման ցանկություն հայտնել: Խնդրել էինք նաև պարզաբանել՝ եթե արդեն կայացվել է որոշում՝ ովքե՞ր են կարողանալու դուրս գալ, ի՞նչ ընթացակարգ է սահմանվել:

Այսօր ՔԿԾ հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը մեր հարցմանը պատասխանել էր, որ վարչակազմին ներկայացված դիմումների վերաբերյալ որևէ ընթացակարգ չի սահմանվել:

«Ռազմական դրության ընթացքում զորահավաքի գործընթացի կարգավորման իրավական հիմքերը սահմանված են «Պաշտպանության մասին», «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներով, ինչպես նաև 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «ՀՀ-ում ռազմական դրություն հայտարարելու մասին» ՀՀ կառավարության N 1586-Ն որոշմամբ և պաշտպանության ոլորտի քաղաքականությունը մշակող լիազոր մարմնի կողմից ընդունված համապատասխան իրավական ակտերով, որոնցով Արցախյան ազատամարտին մասնակցելու ցանկություն հայտնած դատապարտյալների և կալանավորված անձանց զորակոչելու հնարավորության մասին հատուկ իրավակարգավորումներ նախատեսված չեն։ Ըստ այդմ, նրանց դիմումների վերաբերյալ որևէ ընթացակարգ չի սահմանվել»,- նշված է ՔԿԾ հանրային կապերի վաչության պետի պատասխանում:

Հիշեցնենք նաև, որ այսօր հայտնի դարձավ, որ քրեակատարողական հիմնարկների ծառայողներից կազմված կամավորական համահավաք վաշտը ճանապարհվել է ռազմաճակատ։

Տեսանյութեր

Լրահոս