«Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները բավարար չեն, որ ունենանք ռազմական գործողությունների դադարեցում». Աշոտ Ղուլյան

ԱՀ ԱԺ նախկին նախագահ, ՀՀ ԱԺ նախագահի խորհրդական Աշոտ Ղուլյանն այսօր Արցախում տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասաց, որ Արցախում սպասում էին պատերազմի, բայց ինչ-որ ներքին ձայն միշտ հուշել է, որ թշնամին դասեր քաղած կլինի նախորդ պատերազմներից:

«Պարզվում է՝ ոչ միայն դասեր չեն քաղել, այլև բոլոր հնարավոր ու անհնարին միջոցներով պատրաստվել են հերթական ամենաանմարդկային գործողությունների:  Բոլոր նշաններն առկա են, որ Ադրբեջանը երկար տարիներով պատրաստվել է լայնամասշտաբ գործողությունների: Մենք մտածում էինք, որ մեր դեմ լինելու է միայն Ադրբեջանը՝ իր բոլոր հնարավորություններով՝ ռազմական, տնտեսական, քաղաքական: Մեր պատրաստվածությունը դրան համարժեք էր, բայց պարզվում է, որ Ադրբեջանը, իր ուժերին վստահ չլինելով, ձեռնարկել է Թուրքիայի և միջազգային ահաբեկիչ խմբերի մասնակցությունը: Ունենք մեծածավալ ռազմական թատերաբեմ, որն ամեն րոպե պատրաստ է վերածվել ոչ թե տարածաշրջանային, այլև ավելի մեծ հակամարտության»,- ասաց Ղուլյանը:

Նրա խոսքով՝ Արցախի կողքին համախմբվել է ոչ միայն ամբողջ հայությունը, այլև այն երկրները, որոնք լավ են պատկերացնում, թե ի՞նչ է նշանակում՝ տարածաշրջանային և միջազգային անվտանգություն: Ղուլարյանի պնդմամբ՝ վերջին օրերին միջազգային հանրության գնահատականներն այս պատերազմին փոխվել են:

«Մենք տեսնում ենք, որ աշխարհը սկսել է այլ կերպ արձագանքել: Սա տեղի է ունեցել հոկտեմբերի 1-ից հետո, երբ, իմ կարծիքով, որոշակի տվյալներ ու փաստեր են հայտնվել և՛ ռուսական, և՛ ֆրանսիական ռազմաքաղաքական ղեկավարության տրամադրության տակ, վստահ եմ՝ ոչ միայն իրենց: Կարծում եմ՝ տրամադրությունները փոխվել են, քանի որ այս երկրները հասկացել են, որ այստեղ միայն Ղարաբաղի խնդիր չէ, այստեղ տարածաշրջանը  Մերձավոր Արևելքի նոր հակամարտության անվերջ ծխացող օջախ դարձնելու խնդիր է, որը Թուրքիայի ձեռագիրն է, Ադրբեջանն  այստեղ կամակատար է»,- ասաց Ղուլյանը:

Չնայած ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություններ տարածել է ստեղծված իրավիճակի մասին, սակայն, Ղուլյանի գնահատմամբ՝ դա բավարար չէ:

«Այն հանգամանքը, որ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, համանախագահող երկրների բարձրագույն ղեկավարները հանդես են եկել մի քիչ ավելի համարձակ հայտարարություններով, բավարար չէ, որ ունենանք ռազմական գործողությունների դադարեցում: Շատ կոնկրետ քայլեր պետք է արվեն, չեմ էլ կասկածում, որ դրանք արվում են, արվում են երևի ներքին խողովակներով ՝ դիվանագիտական, պետական, պաշտոնական, բայց շատ կարևոր է, որ մենք էլ դա զգանք: Պետք է շատ ռիսկային քայլերի գնալ, որոնցից մեկը, գուցե ամենաերևացողը, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն է: Դա շատ կարևոր, զսպող, սաստող միջոց կարող է լինել»,- ասաց Ղուլյանը:

Նա նշեց, որ միջազգային հանրությունից սպասելիքներն ավելի մեծ են:

«Մենք ուզում ենք օր առաջ տեսնել այն ազդեցությունը, որը միջազգային ֆակտորները պետք է ունենան և փորձում են ունենալ տարածաշրջանային հակամարտությունների վրա: Անչափ կարևոր է, որ Ադրբեջանի և Թուրքիայի հանդեպ լինի այն հիմնական ազդեցությունը, ներգործուն միջոցները, որոնք թույլ կտան ակտիվ ռազմական գործողությունները տեղափոխել բանակցային դաշտ»,- ասաց  ԱՀ ԱԺ նախկին նախագահը:

Ղուլյանի խոսքով՝ Հայաստանն ավելի մեծ ակնկալիքներ ունի Ռուսաստանից, և դա պատահական չէ:

«Տարածաշրջանային բոլոր բարդ գործերի ժամանակ մենք ավելի շատ ապավինում ենք Ռուսաստանի Դաշնությանը կամ նախկին հետխորհրդային տարածքի վրա ավելի շատ ազդեցություն ունեցող  պետություններին: ՌԴ-ն վաղուց շեշտել է, որ  լինելով Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ փորձում է իր քաղաքական քայլերը տեղավորել այս միջազգային միջնորդի պարտավորությունների շրջանակներում: Իմ անձնական տեսակետն է, որ Ռուսաստանը շատ ավելի մեծ լծակներ և գործիքներ ունի ազդելու տարածաշրջանի վրա՝ Թուրքիային խաղաղություն պարտադրելու համար: Մեր սպասելիքներն առաջիկա օրերին այդ ուղղությամբ են լինելու»,- ասաց Ղուլյանը:

ԱՀ ԱԺ նախկին նախագահը նշեց, որ այսօր ամեն ինչ որոշվում է ռազմի դաշտում, և շատ կարևոր է, որ մենք կարողանանք  պահել այն բնագծերը, որոնք Արցախի ռազմավարական պաշտպանության համար շատ կարևոր են:

Տեսանյութեր

Լրահոս