«Նույն ՄԱԿ-ը հաստատել է, որ Արցախի Հանրապետության անկախության հռչակումը համապատասխանում է ՄԱԿ-ի կանոնադրությանը». Սիրանուշ Սահակյան
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն այսօր հայտարարություն էր տարածել Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու անհրաժեշտության վերաբերյալ:
Հայտարարության մեջ մասնավորապես նշված էր, որ Ադրբեջանի լայնածավալ զինված հարձակումն Արցախի Հանրապետության վրա ուղեկցվում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի, ինչպես նաև զինված հակամարտությունների ժամանակ կիրառվող օրենքների և սովորույթների լուրջ խախտումներով։ Մասնավորապես՝ ադրբեջանաթուրքական զինված կազմավորումները միտումնավոր գնդակոծում են Արցախի քաղաքները, գյուղերը և քաղաքացիական օբյեկտները՝ խաղաղ բնակչության ահաբեկման և ոչնչացման նպատակով։ Նրանց հանցավոր գործողությունների արդյունքում խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր։
«Միջազգային հանրության բոլոր պահանջները և կոչերը լկտիաբար մերժվում են Թուրքիայի, Ադրբեջանի և ահաբեկչական կազմակերպությունների եռյակ դաշինքի կողմից։ Կոչ ենք անում միջազգային հանրությանը ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը՝ Արցախի քաղաքացիների կյանքի և խաղաղ զարգացման իրավունքների ապահովման համար։ Ստեղծված պայմաններում Արցախի միջազգային ճանաչումը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերականգնման միակ գործող մեխանիզմն է»,- ասված էր հայտարարության մեջ:
168.am-ը զրուցեց միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանի հետ՝ պարզելու համար, թե միջազգային իրավունքի տեսանկյունից գործընթացն ինչ խնդիրներ կարող է առաջացնել:
«Ճանաչումը լինում է դե ֆակտո և դե յուրե: Դե ֆակտո տեսանկյունից կարող ենք ասել, որ փաստացի հարաբերությունների մեջ մտնելով են պետությունները ճանաչում ճանաչվող սուբյեկտին, իսկ դե յուրեի պարագայում լինում են քաղաքական հայտարարություններ»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:
Նրա խոսքով՝ ճանաչումները սովորաբար ուղեկցվում են կոնֆլիկտներով, և դրանք դառնում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննության առարկա, և այն պարագայում, երբ ինքնորոշումը հակասել է միջազգային իրավունքին, այդ կառույցը կարող է դատապարտել միակողմանի հռչակումը և պետություններին չճանաչելու կոչ անել:
«Եվ այն երկրները, որոնք կհամարձակվեն ճանաչել միակողմանի հռչակված անկախությունը, նրանք ևս կխախտեն ՄԱԿ-ի կանոնադրությունը: Միջազգային պրակտիկայում նմանատիպ դեպքեր եղել են: Որպես օրինակ՝ կարող ենք նշել Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը, որը թեև հռչակեց իր անկախությունը, Թուրքիան էլ ճանաչեց այն, բայց հարցը քննարկվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում (ԱԽ) 1983թ., և ԱԽ-ն կոչ արեց աշխարհի բոլոր երկրներին չճանաչել որևէ այլ կիպրական պետություն, քան նշված տարածքի նկատմամբ Կիպրոսի Հանրապետության իրավունքները»,- ասաց միջազգային իրավունքի մասնագետը՝ հավելելով, որ նման օրինակներ էլի կան:
Ըստ Սիրանուշ Սահակյանի՝ ՄԱԿ-ը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 1993թ. ընդունած իր 4 բանաձևերում կոչ չի արել չճանաչել ԼՂՀ-ն և ըստ էության ընդունել է, որ անկախության միակողմանի հռչակումը չի խախտել միջազգային իրավունքը, այսինքն՝ նրա միջազգային ճանաչումը համապատասխանում է միջազգային իրավունքին, և նրան արգելափակող նորմեր, կառույցների գործընթացներ չկան:
«Հետագա գործընթացը բացառապես քաղաքական է, և կարծում եմ, որ Արցախի ԱԳՆ-ի հայտարարությունն ամբողջովին տեղավորվում է միջազգային իրավունքի տրամաբանության ներքո: Նույն ՄԱԿ-ը հաստատել է, որ այդ անկախության հռչակումը համապատասխանում է ՄԱԿ-ի կանոնադրությանը»,- ասաց Սիրանուշ Սահակյանը՝ նշելով, որ քանի որ այս փուլում վտանգի տակ է դրված Արցախի ժողովրդի անվտանգությունը, պետությունները պետք է հերթով ճանաչեն նրա անկախությունը, որպեսզի նա դառնա ճանաչված պետություն և լիարժեքորեն իրացնի պետւթյուններին բնորոշ իրավունքները:
Ըստ Սիրանուշ Սահակյանի՝ իրավական տեսանկյունից սա խիստ հիմնավոր պրոցես է, և մնում են բացառապես քաղաքական գործընթացներ:
«Միջազգային իրավունքի տեսանկյունից ամենակարևոր հարցերից մեկն այն է, որ, եթե կոնֆլիկտը քննարկվում է, և կա անկախության հռչակում, ՄԱԿ-ն արգելափակում է դրա ճանաչումը, եթե կա որևէ պետության տարածքային ամբողջականության խախտում՝ այսպես կոչված, collective non recognation call-ի միջոցով»,- ասաց նա:
Սա մեր դեպքին, ըստ նրա, չի սպառնացել, և ներկայումս էլ այլևս չի կարող սպառնալ:
«Գործընթացի իրավականությունն ընդունված է, մնում է առաջ տանել քաղաքական գործընթացները»,- եզրափակեց Սիրանուշ Սահակյանը: