«Ռազմաքաղաքական դաշինքի ստորագրումից հետո պետք է նախաձեռնվի Արցախի ճանաչումը ՀՀ-ի կողմից». Թևան Պողոսյան
«Մենք պարտավոր ենք հաղթել, այլ ելք չունենք». այսօր Արցախում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Թևան Պողոսյանը: Նա վստահեցրեց, որ մեր հաղթանակի միակ գրավականը մեր միասնականությունն է, և, որ այսօր լուծվում է մեր ապագայի խնդիրը:
«Սա կյանքի և մահու խնդիր է: Ցավոք սրտի, Արցախյան խնդիրը չունի ընդամենը 30 տարվա պատմություն, այլ 102 տարվա, իսկ հայկական հողում ապրելու մեր իրավունքի համար պայքարը սկսվել է 1915-ից՝ ցեղասպանության օրերից, երբ արևմտյան մասում Թուրքիան կարողացավ հայերին քշել իրենց հայրենի հողերից, կոտորել, ջարդել, ցեղասպանություն կազմակերպել: 18թ.-ից սկսած էլ իր, այսպես ասած, «մեկ ազգ, երկու պետություն», իր կողմից նախաձեռնած, Ադրբեջանի Հանրապետությունը փորձեց Արցախում նույն քաղաքականությունը վարել, և չստացվեց»,- ասաց Պողոսյանը:
Քաղաքագետը պնդեց, որ խնդիր ունենք Արցախյան հարցն աշխարհին նորովի ու մանրակրկիտ ներկայացնելու, մենք պետք է կարողանանք բարձրաձայնել, թե ի՞նչ է տեղի ունենում այժմ արցախաադրբեջանական սահմանին:
«Ցավոք սրտի, միջազգային հանրությունն այս օրերին լավագույն հարցը որ տալիս է՝ «իսկ ինչի՞ հիմա ինչ-որ մի բան տեղի ունեցավ», որովհետև եթե իրենք չեն հասկանում արմատները, իրենց համար սա պարզապես հոլիվուդյան կինոյի նման մի երևույթ է դառնում, որ եկել են, ինչ-որ մի բանի պատճառով որոշել են իրար վրա կրակել, ինչ-որ խնդիրներ լուծել, ինչ-որ հողեր են, ինչ-որ տարածքներ են, որոնք և՛ վաշինգտոնյան, և՛ մոսկովյան, և՛ բրյուսելյան, և՛ միգուցե այլ մայրաքաղաքներից մեկ-մեկ նայվում է ավելի շատ շուկայական տարբերակով՝ «դե, դուք մի քիչ ստեղ տվեք, մի քիչ իրանք ստեղ մի բան կանեն, և այլն: Մենք պետք է այսօր բան ապացուցենք, էդ բան ապացուցողներն այսօր մեր զինվորներն ու հրամանատարներն են, մեր ամբողջ ազգն է»,- շեշտեց Թևան Պողոսյանը:
Քաղաքագետն ասաց, որ իրեն հաճախ են հարցնում, թե ե՞րբ ու ինչպե՞ս են Հայաստանն ու Ադրբեջանը նորից նստելու բանակցային սեղանի շուրջ, ինչին ինքը պատասխանում է, որ բանակցություններ, հնարավոր է՝ տեղի չունենան դեռ երկար:
«Եթե մեր պապերը 1991-94 թթ. չձևավորեին իրական հողի վրա այն իրականությունը, որը 1994-ին մենք ունեինք, Բիշքեկյան եռակողմ համաձայնագիրը չէր ստորագրվելու: Ես մի բան եմ հասկանում, եթե մենք ցանկանում ենք, որ բանակցությունները լինեն իրական, և ունենանք փաստաթուղթ, որը թույլ կտա էլի ժամանակ շահել հզորացնելու մեր երկիրը, որովհետև իմ պատկերացմամբ՝ մենք դեռ սերնդեսերունդ այս խնդրով անցնելու ենք, ապա մենք պետք է կարողանանք ամեն ինչ անել, որ հողի վրա նոր իրականություն ձևավորենք»,- ասաց Պողոսյանը:
Նա հույս հայտնեց, որ մեր զինվորներն ու սպաները կկարողանան տեր կանգնել Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի արած հայտարարությանը, որ, եթե նոր պատերազմ լինի, ապա լինելու են նոր տարածքներ:
«Մենք պետք է կարողանանք դա անել, չփորձենք ինքներս մեզ իլյուզիաների մեջ դնել, և մտածենք, որ ինչ-որ մեկն ինչ-որ ճնշումներով մեր տեղը գալու է մեր խնդիրը լուծելու: Այս հարցում մենք դաշնակից չունենք, մեր միակ դաշնակիցը, եթե մեկին ցանկություն ունենք այդ բառակապակցության մեջ ձևակերպում տալու, ապա Արցախի Հանրապետության միակ դաշնակիցը Հայաստանի Հանրապետությունն է, իսկ Հայաստանի միակ դաշնակիցն Արցախն է: Հուսով եմ, որ մոտ ապագայում, այն խնդիրները, որ լսեցինք ԱԺ-ում, որ քննարկվում է նաև իրական փաստաթուղթ ստորագրելու հարցը, կդառնա իրականություն, իմ պատկերացմամբ՝ նույնիսկ ռազմաքաղաքական դաշինքի ստորագրումից, հաջորդ րոպեից պետք է սկսվի և նախաձեռնվի Արցախի ճանաչումը ՀՀ-ի կողմից»,- ասաց քաղաքագետը:
Թևան Պողոսյանը պնդեց, որ թշնամին կորցնում է հույսերը շատ արագ խնդիրը լուծելու, քանի որ մեր տղաները «ջարդը տալիս» են: Իսկ ինչո՞ւ է Թուրքիան ներգրավվել պատերազմին: Քաղաքագետը պնդում է՝ պատճառն այն է, որ ադրբեջանական բանակն իրենից լուրջ միավոր չի ներկայացնում:
«Տարածաշրջանում ձևավորվել է մի իրավիճակ, որտեղ Ադրբեջանի մի քանի տարվա փորձերն ապացուցել են, որ իրենց բանակն իրենից որևէ լուրջ խնդիր չի ներկայացնում, չեն կարողանում իրենց խնդիրը լուծել: Քաղաքական որոշում են կայացրել, որ թուրքական զինուժը պետք է գա և գործողություններ անի՝ իրենց նպատակներին հասնելու համար: Դա է վկայում 4000 իրենց վարձկանների մասնակցությունը, այն, որ 2 ամսից ավելի թուրքական ռազմական ուժերը գտնվում են Ադրբեջանի տարածքում, պերմանենտ, «նոն ստոպ» իրավիճակով ռազմական զինավարժությունների շրջանակներում, և այս երկու օրը, ինչպես երեկ՝ ՀՀ-ի օդային տարածքը խախտելու, այնպես էլ՝ Արցախի տարածքները խախտելու, Մարտակերտի վրա կրակելու, տարբեր գործողություններ անելով, ապացուցում են, որ իրենք էլ չունեն վստահություն Ադրբեջանի զինված ուժերի նկատմամբ, և Թուրքիան ինքն է ստանձնել այդ դերակատարումը»,- ասաց Պողոսյանը:
Քաղաքագետը կոչ արեց այն երկրներին, որոնք ունեն ազգային շահեր տարածաշրջանում, անտարբեր չմնալ, քանի որ թուրքական վարձկանները սպառնալու են նաև իրենց:
«Շատ երկրների թվում է, որ իրենք կարող են հանգիստ ապրել այդ 4000 վարձկաններից հետո: Լավ, մի մասին արցախյան և հայկական զինուժն ուղարկեց իրենց ալլահի մոտ, բայց էն մյուս մասը, որը մնալու է, նա իմ պատկերացմամբ՝ այլևս չի տեղափոխվելու Սիրիա, գնալու է դեպի հյուսիս, Ռուսաստանը հետո ավելի մեծ խնդիրներ է ունենալու, պետք է այսօրվանից գիտակցի, որ այստեղ կան ավելի հեռահար քայլեր»,- ասաց Պողոսյանը:
Քաղաքագետը նշեց, որ Վրաստանի պահվածքի հետ կան խնդիրներ, սակայն չպետք է մոռանալ, որ գոյություն ունեն առաջնորդող երևույթներ՝ շահեր, որոնցով առաջնորդվում են պետությունները, և եթե մենք ուզում ենք ունենալ մեր հարևանների աջակցությունը, ապա պետք է ձևավորենք, ստեղծենք այնպիսի շահեր, որ մեր հարևաններն ունենան մեր կարիքը և չցանկանան ոչ մեր օգտին հայտարարություններ անել: