««ՄԱԿ ԱԽ-ն իր այս հայտարարությամբ ասաց՝ ո՛չ, Մինսկի խումբը պետք է զբաղվի Արցախի խնդրով». Միքայել Զոլյան
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կոչը Հայաստանին և Ադրբեջանին ու տարածված հաղորդագրությունը համարում է Ադրբեջանի տապալում, և այն էլ՝ նման կարևոր միջազգային հարթակում։
«Նման բարձր մակարդակով Արցախաադրբեջանական խնդիրը քննարկվեց, սա ինքնին ձեռքբերում է՝ թեև մեր շատ քաղաքացիներ սպասում էին, որ ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից ավելի հասցեական հայտարարություն պետք է արվեր։ Իրականում, եթե հաշվի առնենք դիվանագիտական լեզվի առանձնահատությունները, ապա կարևոր է նկատել, որ այդ հայտարարության մեջ հղում է արվում Մինսկի խմբին, որի գործունեությունը խափանելուն էր ուղղված Ադրբեջանի և Թուրքիայի վերջին տարիների աշխատանքը։ Այդ պետությունները ցանկացել են, որ Թուրքիան Մինսկի խմբում նոր ձևաչափով ընդգրկում ունենա, որ Թուրքիան մեծ տեղ զբաղեցնի, և հիմա ՄԱԿ ԱԽ-ն իր այս հայտարարությամբ ասել է՝ ոչ, Մինսկի խումբը պետք է զբաղվի խնդրով։ Սա շատ կարևոր ձեռքբերում է՝ մեզ համար, և տապալում՝ Ալիևի և Էրդողանի համար։ Սրանից բացի, ՄԱԿ ԱԽ այս վերջին հայտարարության մեջ չկան նախորդ 4 բանաձևերում առկա հակահայկական ձևակերպումները, որոնք ադրբեջանական կողմն ընտրողաբար այս ողջ ընթացքում օգտագործել է»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Զոլյանը՝ ընդգծելով, որ ակնհայտ է, որ ՄԱԿ-ի ԱԽ հայտարարությամբ թեև պատերազմը չի կարող կանգնեցվել, սակայն, ակնհայտ է, որ այն անհետևանք չի կարող մնալ։
Ըստ Զոլյանի՝ թեև արցախաադրբեջանական սահմանի ողջ երկայնքով արդեն մի քանի օր շարունակվող ռազմական գործողություններին միացել է նաև թուրքական ռազմական ակտիվությունը Հայաստանի սահմանին, սակայն Հայաստանը դեռ չի դիտարկում ՀԱՊԿ-ին դիմելու հարցը, որովհետև հայկական զինուժը կարողանում է իր առջև դրված մարտական խնդիրը լուծել, սակայն ակնհայտ է, որ միջազգային հանրությունը պետք է սկսի զսպել թուրքական գործոնը, իսկ միջազգային հանրություն ասելով՝ առաջինը նկատի ունենք Մինսկի խմբի համանախագահող երկրներին։
«Համանախագահող երկրները հասկանում են, որ Թուրքիայի ակտիվությունն ուղղված է հենց իրենց դեմ, Թուրքիան ցանկանում է Հարավային Կովկասում սահմանափակել Ռուսաստանի ազդեցությունը, ինչը դուր չի գալիս Ռուսաստանին, դրա համար էլ Կրեմլի խոսնակ Պեսկովը բավականին կոշտ հայտարարություն է արել և նշել, որ Ռուսաստանի զինվորականները շատ ուշադիր հետևում են շփման գծում իրավիճակի զարգացման գործընթացներին։ Այս ձևակերպումը նորություն էր»,- ասաց նա։
Անդրադառնալով արցախաադրբեջանական շփման գծում խաղաղապահներ տեղակայելու մասին վերջին օրերին շրջանառվող լուրերին ու դրանց ի պատասխան՝ վարչապետ Փաշինյանի այն պատասխանին, որ Հայաստանը չի քննարկում ղարաբաղյան հակամարտության գոտի միջազգային խաղաղապահներ մտցնելու հնարավորությունը, Միքայել Զոլյանը նկատեց, որ խաղաղապահներ տեղակայելու թեման ավելի շատ կեղծ օրակարգ է։
«Խաղաղապահները չեն կարող ինքնին լինել խաղաղության երաշխիք, այդ երաշխիքը մեզ համար վերջին 25 տարում եղել են հայկական Զինված ուժերը, այնպես որ, խաղաղապահների օրակարգն արհեստական է։ Մեր տարածաշրջանի իրողությունների հետ խորությամբ ծանոթ մարդը հասկանում է, որ այս իրավիճակում խաղաղապահի տեղակայումը կարող է ավելի շատ բարդություններ բերել։ Օրինակ, Իրանը սահման ունի Արցախի հետ, և հարց է առաջանում՝ խաղաղապահի տեղակայումը Իրանի համար ընդունելի՞ է, թե՞ ոչ, կամ ո՞ր երկրներն են, որոնք շահագրգռված կլինեն մեր երկիր խաղաղապահ ուղարկել, կամ ինչպե՞ս են վերաբերվում ռուս խաղաղապահների տեղակայմանն Արցախում Մինսկի խմբի համանախագահող երկրները, և, ի վերջո, ինքը՝ Ռուսաստանը, դա ցանկանո՞ւմ է։ Սրանք հարցեր են, որոնք ցույց են տալիս, որ այս տարածքում խաղաղապահների տեղակայումը շատ ավելի կբարդացնի իրավիճակը»,- ասաց նա։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում