«Բացի իր ազդեցությունը մեծացնելուց, Թուրքիան ունի մեկ այլ նպատակ ևս՝ փորձում է ուժի միջոցով փոխել բանակցային գործընթացի ձևաչափը». Թուրքագետ
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արդեն հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախաձեռնած ռազմական ագրեսիայում Թուրքիայի ներգրավվածության մասին։
Հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Սեպտեմբերի 29-ի առավոտյան, Ադրբեջանի «Գյանջա» օդանավակայանում տեղակայված Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչներից մեկի կողմից խոցվել է ՀՀ տարածքում գտնվող ռազմական և քաղաքացիական օբյեկտների վրա ադրբեջանական հարձակումները հետ մղելու նպատակով ՀՀ օդային տարածքում՝ Վարդենիսի շրջանում, մարտական խնդիրները կատարող ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը:
Զոհվել է ՀՀ ԶՈՒ օդաչու մայոր Վալերի Դանելինը:
Սա թուրքական օդուժի առաջին սադրանքը չէ: Ադրբեջանում հայտնվելուց ի վեր թուրքական օդուժը սադրիչ թռիչքներ է իրականացնում Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի երկայնքով, իսկ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի ընթացքում փաստացիորեն Ադրբեջանի բանակի հարձակվող զինված ստորաբաժանումներին օդային աջակցություն է ցուցաբերում: Հարկ է նշել, որ թուրքական սադրիչ թռիչքներ են իրականացվում նաև հայ-թուրքական սահմանի երկայնքով՝ առանձին դեպքերում հատելով և խախտելով Հայաստանի օդային տարածքը: Հայ-ադրբեջանական սահմանի նույն հատվածում սեպտեմբերի 27-ին թուրքական F-16 ինքնաթիռը խախտել է Հայաստանի օդային սահմանը և հրթիռներ արձակել Վարդենիսի շրջանի ուղղությամբ:
Թուրքական օդուժը Ադրբեջանում հայտնվել է հուլիսի 29-ից օգոստոսի 13-ը տեղի ունեցած թուրք-ադրբեջանական լայնածավալ զորավարժությունների ժամանակ և մինչ օրս դուրս չի բերվել Ադրբեջանի տարածքից»։
Ավելի վաղ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել էր, որ Ադրբեջանի ռազմաօդային ուժերը խառը մարտակարգով ռմբավիացիոն հարվածներ են հասցնում Արցախի ՊԲ հյուսիսային ուղղությամբ, օգտագործվում են նաև թուրքական արտադրության ԱԹՍ-ներ: «Օդում են նաև Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչները։ Հակառակորդի օդուժը գործում է հեռվից՝ չմտնելով ՀՕՊ միջոցների խոցման տիրույթ։ Կիրառվում են օդ-ցամաք հեռահար հրթիռներ։ Օդաչուների թուրքերենով խոսակցությունները արձանագրված են»,- գրել էր նա։
168.am-ի հետ զրույցում Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն ասաց, որ այժմ վստահ կարելի է ասել, որ տեղի է ունենում թուրք-ադրբեջանական ագրեսիա։ Նա համոզված է, որ այդ ագրեսիան տեղի է ունեցել Թուրքիայի պլանավորմամբ։ Թե մինչև ո՞ւր կգնան երկու երկրները՝ դժվար է ասել։
«Պարզապես կարող ենք որոշակի վերլուծություններ անել աշխարհաքաղաքական համատեքստում։ Ինչո՞ւ է սա տեղի ունենում Թուրքիայի կողմից, ինչո՞ւ այս անգամ Թուրքիան այսպիսի լկտի ձևով միացավ ադրբեջանական ագրեսիային և ըստ էության դա ղեկավարում է։ Կարծում եմ՝ այս անգամ Թուրքիան որոշել է տարածաշրջանում լուծել աշխարհաքաղաքական բնույթի խնդիր, իր տեղը հաստատել այս տարածաշրջանում՝ որպես Ռուսաստանին համահավասար ուժ։ Իր այս աշխարհաքաղաքական նպատակի համար օգտագործում է Ադրբեջանին»,- նշեց Ռուբեն Սաֆրաստյանը։
Հարցին՝ իր նպատակներին հասնելու համար Թուրքիային ինչո՞վ է խանգարում Հայաստանը, թուրքագետը պատասխանեց՝ հայտնի է, որ վերջին տարիներին Ադրբեջանը գործում է Թուրքիայի ղեկավարության ներքո, որը Թուրքիայի ազդեցության տարածման միջոց է և Հայաստանի մեկուսացման։
«Այս պատերազմը նրանց հնարավորություն է տալիս ոչ միայն իրենց ունեցած մասնակցությունը լկտի կերպով ցույց տալ, այլև զորք բերեցին Ադրբեջանի հետ զորավարժություններին և այն պահեցին Ադրբեջանում։ Այսինքն՝ տեղի է ունենում այն գործընթացը, որը Թուրքիան վերջին տարիներին իրականացնում է տարբեր ուղղություններով։ Նա ամեն տեղ ձգտում է դառնալ գերակշռող ուժ, բայց ուրիշ միջոցով՝ խաղաղ ճանապարհով իր ազդեցությունն ուժեղացնելու հնարավորություն չունի, միակ հնարավորությունը տարբեր տեսակի հակամարտություններում կա՛մ ներգրավվելն է, կա՛մ այդ հակամարտությունները հրահրելը։ Հիմա սա մենք տեսնում ենք Սիրիայում, Իրաքում, Միջերկրական ծովի արևելյան հատվածում, նույն բանը տեսնում ենք Հարավային Կովկասում»,- հավելեց թուրքագետը։
Ըստ նրա, Ադրբեջանին առաջ գցելով՝ Թուրքիան Արցախում հրահրելով պատերազմ, իր զինված ուժերն է տեղակայում և ավելի թեժացնում հակամարտությունը։
«Համոզված եմ, որ, բացի իր ազդեցությունը մեծացնելուց, Թուրքիան ունի մեկ այլ նպատակ ևս՝ փորձում է ուժի միջոցով փոխել բանակցային գործընթացի ձևաչափը և Մինսկի խմբի բանակցային ձևաչափը դնել մի կողմ և նոր ձևաչափ ստեղծել, որը պետք է լինի Թուրքիայից և Ռուսաստանից կազմված միջնորդներ»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է գերտերությունների, նաև ՆԱՏՕ-ի վերաբերմունքին՝ կապված Թուրքիայի գործողությունների հետ, Ռուբեն Սաֆրաստյանն ասաց, որ ՆԱՏՕ-ն արդեն հայտարարություն է տարածել և կողմերին կոչ արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, ինչը դրական երևույթ էր, բայց իրականում որևէ ազդեցություն չունի։ Նա նաև նկատեց, որ ՆԱՏՕ-ն՝ որպես ռազմաքաղաքական դաշինք, նույնիսկ այն դեպքերում, երբ Թուրքիայի գործողությունները վնասում են ՆԱՏՕ-ի մյուս անդամ երկրների շահերին, չի փորձում շրջանակների մեջ դնել Թուրքիային։ Հետևաբար, պարզ է, որ ՆԱՏՕ-ն Թուրքիայի վրա որևէ ճնշում չի գործադրում։
Նա նաև ընդգծեց, որ Թուրքիայի վրա ճնշումներ գործադրելու համար շատ մեծ հնարավորություններ չկան։
«Բոլորն էլ տեսնում են, թե Էրդողանն իրեն ինչ լկտիաբար է պահում աշխարհի տարբեր տարածաշրջաններում և չի ստանում համապատասխան հակահարված։ Մեր տարածաշրջանում Թուրքիային, այս ագրեսիվ նկրտումներն իրականացնելուց, միակ ուժը, որը կարող է գործել նրա դեմ՝ Ռուսաստանն է։ Կարծում եմ՝ Ռուսաստանը որոշակի կարմիր գծեր ունի, և դրա մասին նա տեղյակ է պահել Թուրքիային, և եթե վերջինս այդ գիծն անցի, ՌԴ-ն ավելի վճռական գործողությունների կանցնի։ Ներկայումս մենք տեսնում ենք, որ Ռուսաստանն իրեն բավականին նեյտրալ է պահում այս հակամարտությունում»,- նշեց թուրքագետը։