
«Վեկտոր» կենտրոնն ավարտել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները

«Վեկտոր» կենտրոնի՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումներն ավարտվել են: Այդ մասին հայտնել է Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան:
«Կլինիկական փորձարկումները բառացիորեն այսօր ավարտվել են «Վեկտոր»-ում,-ասել է Պոպովան ՆՏՎ-ի «Պոզդնյակով» ծրագրին տված հարցազրույցում:
Նա նաեւ հայտնել է, որ շարունակվում են կորոնավիրուսի դեմ Չումակովի ինստիտուտի պատվաստանյութի կլինիկական փորձարկումները:
Պոպովան հարցազրույցում նշել է, որ Արեւմուտքում կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութերի քննադատությունը գիտական հիմնավորում չունի:
«Ռուսական պատվաստանյութերը բացարձակապես արժանի չեն քննադատության»,-ասել է նա:
Նրա խոսքով՝ ՌԴ-ում, Խորհրդային Միությունում վակցինաբանության դպրոցը պատմականորեն շատ ուժեղ է եղել, հայրենական բոլոր պատվաստանյութերն ստեղծվել եւ ստեղծվում են բոլոր կանոններին համապատասխան:
«Բոլոր պատվաստանյութերը տարբեր են, եւ դա շատ լավ է»,-ասել է Պոպովան:
Կորոնավիրուսի դեմ առաջին ռուսաստանյան պատվաստանյութը դարձել է «Սպուտնիկ V»-ն, որը մշակվել է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ:
ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտարարել է, որ պատվաստանյութը կսկսեն արտադրել երկու հարթակներով՝ Գամալեյայի անվան կենտրոնի եւ «Բիննոֆարմ» գործարանի կողմից: Նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատվաստանյութն անցել է բոլոր անհրաժեշտ ստուգումները եւ ձեւավորում է կայուն իմունիտետ:
Երկրորդ պատվաստանյութը մշակել է Ռոսպոտրեբնադզորի «Վեկտոր» կենտրոնը: «Վեկտորի» «ԷպիՎակԿորոնա» պատվաստանյութի գրանցումն սպասվում է մինչեւ հոկտեմբերի 15-ը:
Սեպտեմբերի 22-ին ՌԴ առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական հետազոտություններ է թույլատրել անցկացնել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Չումակովի անվան հետազոտությունների ու իմունոկենսաբանական պատրաստուկների մշակման դաշնային գիտական կենտրոնին: Փորձարկումները պլանավորված են ավարտել նոյեմբերին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: