Ադրբեջանի բանակից կլինեն դասալքության դեպքեր. իրանագետը՝ իրանական արձագանքների ու Ադրբեջանում առկա իրավիճակի մասին

Ադրբեջանի սանձազերծած պատերազմը և թուրքական գործոնի ակտիվացումը տարածաշրջանում իրական վտանգ է ոչ միայն Հայաստանի, Արցախի, այլև տարածաշրջանի մյուս երկրների, մասնավորապես՝ Իրանի համար:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի հարձակման առաջին օրն իսկ Իրանն իր պատրաստակամությունն էր հայտնել օգտագործել բոլոր հնարավորությունները՝ մարտական գործողությունները դադարեցնելու հարցում օժանդակելու համար։

Որքանո՞վ է այս պահին Իրանի արձագանքը համարժեք ստեղծված իրավիճակին, ի՞նչ ակնկալիքներ մենք պետք է ունենանք Իրանից առահասարակ, և ո՞րն է տարածաշրջանում Իրանի քաղաքականությունն այս պահին՝ 168.am-ը հարցադրումներ ուղղեց իրանագետ Վարդան Ոսկանյանին։

Իրանագետը մասնավորապես նշեց. «Ընդհանրապես, Իրանի քաղաքականությունը ներկայիս պատերազմական պայմաններում, բնականաբար, միտված է լուծելու իր շահերից բխող խնդիրներ: Այդ խնդիրները ենթադրում են, որ ադրբեջանական կողմը չունենա որևէ հաջողություն, բայց միևնույն ժամանակ՝ իրանցիները բացահայտ հակաադրբեջանական դիրքորոշումներ չեն որդեգրելու՝ հաշվի առնելով երկու կարևոր հանգամանք.

Մեկը՝ այն, որ Ադրբեջանի ներսում կան իրանամետ ուժեր, որոնց Իրանը չէր ցանկանա որևէ պարագայում հարվածի տակ դնել, քանի որ պատերազմական գործողությունների ավարտից և մեր հաղթանակից հետո հնարավոր սցենարներից մեկը կարող է լինել Ադրբեջանի ներսում ներիշխանական խնդիրների ի հայտ գալը և նոր իշխանության ձևավորումը, որտեղ, բնականաբար, Իրանը շահագրգիռ է ունենալու սեփական իրանամետ ուժերի ներկայացուցիչներ, այսինքն՝ շիայական հավատացյալ խմբերի ներկայացուցիչներ:

Եվ երկրորդ խնդիրը, որն Իրանի համար կարևոր է և, ըստ էության, խաթարում է այս պետության անվտանգությունը, իսլամիստ ահաբեկիչների ներկայությունն է Իրանի հյուսիսային սահմաններում, հենց նույն այն ահաբեկիչների, որոնց դեմ Իրանը պայքարել է Սիրիայում, Իրաքում և Մերձավոր Արևելքի այլ տարածաշրջաններում. հետևաբար՝ ադրբեջանական կողմից նրանց ներգրավումն այս հակամարտության մեջ Իրանում առաջացրել է լուրջ անհանգստություն»:

Անդրադառնալով թուրքական գործոնի ակտիվացմանը՝ իրանագետը շեշտեց՝ իրանցիներն ամենևին չեն ցանկանա Հարավային Կովկասում թուրքական ազդեցություն. «Հետևաբար՝ Թուրքիայի գերակտիվությունը նույնպես բերում է նրան, որ Իրանի դիրքորոշումները թեքվեն հօգուտ մեզ»:

Վարդան Ոսկանյանը մեր խնդրանքով անդրադարձավ նաև իրավիճակի վերաբերյալ Ադրբեջանում ապրող տեղաբնիկների արձագանքներին՝ տեղեկացնելով. «Մենք ունենք մի իրավիճակ, երբ ադրբեջանական կողմից սպանվածների շրջանում մեծ է հատկապես տեղաբնիկ ժողովուրդների ներկայացուցիչների թվաքանակը. մասնավորապես, երբ դիտարկում ենք սպանվածների ցանկերը, ապա այնտեղ զգալի թիվ են կազմում թալիշները, լեզգիները և ավարները, ինչպես նաև՝ կովկասյան պարսիկները կամ թաթերը, և սա որոշակի դժգոհություններ է ի հայտ բերել Ադրբեջանի ներսում:

Թեև լրատվական տիրույթը և սոցիալական ցանցերի տիրույթը բավական խստորեն վերահսկվում է Բաքվի բռնապետի կողմից, բայց մենք արձագանքներ ենք ստանում թե՛ Ադրբեջանից, թե՛ այդ ժողովուրդների սփյուռքյան կառույցներից, որ տեղում կան լուրջ դժգոհություններ»:

Մեր զրուցակիցը չբացառեց նաև, որ այդ համատեքստում՝ ադրբեջանական բանակից լինեն դասալքության դեպքեր, ու հավելեց՝ Ադրբեջանի ներսում՝ խորը թիկունքում, ունենք համակիրներ, որոնք դժգոհ են ստեղծված իրավիճակից:

Նա նշեց նաև Ադրբեջանում որոշակի խուճապային տրամադրությունների առկայություն մասին. «Հստակ տեղեկություններ կան, որ այս պահի դրությամբ այդ պետության ներսում վիրավորների թվաքանակն այնքան մեծ է, որ զգացվում է փոխներարկվելիք արյան պակաս: Իրավիճակը միանշանակ չէ նաև տնտեսության տեսանկյունից:

Հետևաբար՝ կարծում եմ, մեր բանակն այս պահին դիմակայելով թշնամուն՝ նաև Ադրբեջանի ներսում է առաջացնում զգալի լարվածություն, որը թեև քողարկվում է, բայց առկա է»:

Տեսանյութեր

Լրահոս