«Պետք է ջախջախիչ պարտության մատնենք թշնամուն, ծնկի բերենք նրանց բանակը և ստիպենք անվերապահ կապիտուլյացիայի մասին պայմանագիր կնքել». Ադրբեջանագետ

«Ադրբեջանում  ռազմաճակատի առաջին գծում, ինչպես և սպասելի էր, հիմնականում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ են և թուրքական կողմից բերված վարձկաններ: Հիմա նրանք փորձում են վայ-հայրենասիրական ոգին  բարձրացնել, սուտ տեղեկություններ տարածել, թե դեպի հաղթանակ են գնում, բայց իրականությունը բոլորովին այլ է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ադրբեջանահայերի ասամբլեայի» նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը՝ ընդգծելով, որ պատահական չէ Ադրբեջանը կողմից սոցցանցերի արգելափակումը, որովհետև երկրում տիրող իրական վիճակը բոլորովին այլ է: Ամեն օր այս պատերազմի շարունակությունը բերում է նոր ավերածություններ ու մարդկային զոհեր, և, անշուշտ, բնակչության դժգոհությունն այս հարցում աճում է:

«Ադրբեջանն այս անգամ նորից ստեղծել է պատմական հնարավորություն՝ ինչպես դա եղավ 2016 թվականին, այն է՝ պաշտոնապես ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որովհետև այն, ինչ կարող էր Ադրբեջանն անել ընդդեմ հայկական կողմի, արդեն արեց. դա բացահայտ պատերազմն է: Մյուս կողմից՝  համաշխարհային հանրության համար հասկանալի կլինի, որ Հայաստանը ճանաչում է Արցախի անկախությունը և կարող է ուղարկել իր դաշնակցային զորքերը»,- նշեց ադրբեջանագետը:

Գրիգորի Այվազյանը շեշտեց՝ եթե ուզում ենք նշանակալի արդյունքի հասնել, ապա պետք է ավարտին հասցնենք այն գործը, որը 1990-ական թթ. կեսին մնաց կիսատ:

«Այս անգամ պետք է ջախջախիչ պարտության մատնենք թշնամուն, ծնկի բերենք նրանց բանակը և ստիպենք անվերապահ կապիտուլյացիայի մասին պայմանագիր կնքել, նոր տարածքներ ազատագրենք, որովհետև այս պայմաններում եթե թողնենք, որ Ադրբեջանը ցանկացած պատրվակով խաղաղություն կամ ժամանակավոր զինադարար կնքի՝ մի քանի ժամանակ անց նորից կկրկնի իր ագրեսիան: Իհարկե, դժվար է, մենք կռվում ենք երկու ճակատով՝ նաև 70 միլիոնանոց Թուրքիայի դեմ, որը պաշտոնապես  չի թաքցնում իր մտադրությունները՝ Նախիջևանի կողմից հարվածել Հայաստանի Հանրապետությանը: Այստեղ անհրաժեշտ է ՀԱՊԿ-ին դիմել, որպեսզի համապատասխան օգնություն ստանանք: Անհրաժեշտ է հիշել նաև, որ, երբ ասում ենք՝ պետք է խոցենք թշնամու կենդանի ուժը և զինտեխնիկան, և  ցավ պատճառենք, Ադրբեջանը նորից ձեռք է բերելու այդ զինտեխնիկան, ինչ վերաբերում է  կենդանի ուժին, ապա մարդիկ նրանց համար երբեք նշանակություն չեն ունեցել, հատկապես, որ սահման է ուղարկում վարձկանների ու ազգային փոքրամասնությունների: Մենք պետք է գիտակցենք, որ հետնահանջ անգամ մի դիրքով՝  Ադրբեջանի համար կնշանակի՝ մեծ քարոզչական և  դիվանագիտական հաղթանակ,  և այս նահանջը  կարող են օգտագործել նոր պատերազմ հրահրելու համար:

Մենք չենք սկսել այս պատերազմը, բայց պետք է վերջացնենք: Մենք այլևս մարդասպանի հետ խոսելու բան չունենք: Պետք է անցնենք հակահարձակման թե՛ դիվանագիտական, թե՛ ռազմական ճակատում: Այս անգամ չպետք է խնայենք թշնամուն ու նույն տրամաչափի զենքերով հարվածենք: Ի վերջո, Ադրբեջանին կարելի է հիշեցնել Բաքու-Ջեյհան նավթատարի, Մինգեչաուրի ջրամբարի և ռազմավարական այլ օբյեկտների մասին, որոնք մեր թիրախավորման ներքո են գտնվում»,- եզրափակեց ադրբեջանագետը:

Հիշեցնենք՝ Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Տեսանյութեր

Լրահոս