Թուրքիան հետաքրքրված է, որպեսզի Ադրբեջանը պատերազմի, բայց նա չի պատրաստվում պատերազմել Հայաստանի տարածքում Ռուսաստանի հետ․ Եվսեև
Եվսեև «Չի բացառվում, որ Թուրքիան փորձի երկրորդ ճակատ բացել Հայաստանի դեմ Նախիջևանից»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը, անդրադառնալով կիրակի օրը Արցախյան հակամարտության գոտում բռնկված պատերազմական գործողություններին։
Նա նշեց, որ այն, ինչ տեղի է ունենում Արցախյան հակամարտության գոտում, լիովին անսպասելի չէր և ինքն անձամբ վերջին շրջանում անընդհատ նշում էր, որ Ադրբեջանը պարզապես հարմար պահի է սպասում։ Ըստ նրա, ներկայումս կարելի է կանխատեսել ամենամռայլ սցենարը, որովհետև կողմերը տրամադրված են պատերազմել։ Բայց, Եվսեևի համոզմամբ, թուրքական դերակատարությունը կոնֆլիկտի այս փուլի բռնկման հարցում էական նշանակություն ունի։ Ռազմական վերլուծաբանի խոսքով, Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ երկիր, ստեղծում է ամենաշատ խնդիրները հենց ՆԱՏՕ-ի ներսում, Թուրքիայի դեմ հանդես է գալիս Ֆրանսիան, ինչը չափազանց լուրջ խնդիր է ՆԱՏՕ-ի նման կառույցի համար։
«Տեսեք, թե հակամարտությա որքան գոտիներում է ներկայումս Էրդողանի ռեժիմը խառնված և կարծում եմ համարժեք չի գնահատում իր ուժերը։ Էրդողանը 7-8 հազարի հասնող ուժեր ունի Իդլիբում, ավելի քան 10 հազար՝ Լիբիայում, Թուրքիան ունի զորքեր Սիրիայի հետ սահմանին և այնտեղ տարածքներ է օկուպացնում, կան զորքեր իրաքյան ուղղության համար, կարելի է մտածել նաև, որ ցանկանում է ակտիվ գործողությունների դիմել Եմենում։ Այս ամենին Թուրքիան ներկայումս անուղղակիորեն գումարում է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։ Ես այսօր ևս մեկ անգամ ասել եմ՝ իսկ արդյո՞ք նրա ուժերը կբավականացնեն, չի՞ ունենա արդյոք Թուրքիան ուժերի գերլարում։ Այս ամենում կա նաև տնտեսական բաղադրիչ և միանշանակ է, որ Թուրքիայի տնտեսությունը խնդիրներ ունի և ավելի մեծ խնդիրներ է ունենալու, արդեն իսկ նկատեցինք, թե ինչպես թուրքական Լիրան, չգիտես՝ ինչու, անկում ապրեց այն բանից հետո, երբ նա սկսեց ակտիվ միջամտել ԼՂ հակամարտությանը»,-ասաց Եվսեևը։ Նա համոզմունք ունի, որ Թուրքիան դեմ է տարածաշրջանային պատերազմի մեկնարկին Ռուսաստանի մասնակցությամբ։ Ըստ Եվսեևի՝ Թուրքիան հետաքրքրված է, որպեսզի Ադրբեջանը պատերազմի , եթե կարող է , բայց չի պատրաստվում պատերազմել Ռուսաստանի հետ Հայաստանի տարածքում, դա լիովին ակնհայտ է։ «Բայց չի բացառվում երկրորդ ճակատի սանձազերծում Հայաստանի դեմ Նախիջևանից»,-ընդգծեց ռուս ռազմական վերլուծաբանը։
Վլադիմիր Եվսեևը գտնում է, որ իրավիճակի ապաէսկալացիայի գործընթաց սկսելու համար հարկավոր է ամուր հավասարակշռության հաստատում ԼՂ հակամարտության գոտում, ինչից բացի հարկավոր կլինեն ռուս-թուրքական պայմանավորվածություններ, քանի որ եթե Թուրքիան շարունակելու է միջամտել, ուղարկել անօդաչու թռչող սարքեր, հատուկ ուժեր տրամադրել, այլ սպառազինություն, որը ադրբեջանական կողմին մղելու է պատերազմի, այդ դեպքում հակամարտության այս գոտում և դրա շուրջ հնարավոր է պատերազմել բավականին երկար։ «Թուրքիան չափազանց բարձր ռազմական ակտիվություն է ցուցաբերում և Վրաստանում, և Ադրբեջանում, շահագրգռված է, որպեսզի մաքսիմալ կերպով թուլացնի Հայաստանը, որի համար ստեղծվում են ռազմաբազաներ Նախիջևանի տարածքում և խոսվում է երկրորդ ճակատ բացելու հնարավորության մասին։ Բայց չէ՞ որ հենց Ռուսաստանն է Հայաստանի Հանրապետության տարածքի ամբողջականության երաշխավորը և ոչ մի երկրորդ ճակատ Նախիջևանում չի կարող, չպետք է բացի»,-ասաց Եվսեևը։ Հարցին, թե ինչ դիրքորոշում ունեն կոնկրչետ այս պահին ՌԴ իշխանությունները իրավիճակին արձագանքելու հարցում, Եվսեևն ասաց, որ պատրաստակամություն կա շարունակել շփումները կողմերի հետ ամենաբարձր մակարդակում անհրաժեշտության դեպքում, որի մասին հայտնել է Կրեմլը։ Սակայն այս պահին, ըստ նրա, դեռ հետևում են զարգացումներին, քանի որ Ռուսաստանի համար ևս ոչ միանշանակ ու բարդ իրավիճակ է ստեղծվում։