Երկուսը՝ մի վերելակում, չհաշված Խառատյանը
Թշնամական քարոզչությունն ու այդ քարոզչության շրջանակներում հրապարակվող «տեղեկությունները» նման են հնգամյա երեխայի սպառնալիքին, որ կոնֆետից զրկվելու պատճառով կարող է նետվել հինգերորդ հարկից։ Այդ սպառնալիքն ինքնին իռացիոնալ է, անհեթեթ, բայց կա թեկուզ մեկ տոկոս հավանականություն, որ երեխան կարող է իրականացնել այն՝ չգիտակցելով դրա լրջությունն ու անկարելիությունը։
Համանման պատկեր է Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ Ալիևի հայտարարությունների ու ադրբեջանական քարզչության պարագայում։ Հասկանալի է, որ դա քարոզչություն է, հասկանալի է, որ դա թշնամական է։ Բայց ի՞նչ, եթե կա թեկուզ մեկ տոկոսի հավանականություն, որ դա կարող է համապատասխանել իրականությանը։ Հայաստանում և մնացած հետամնաց հանրույթներում այդ մեկ տոկոսի հարցը լուծվել է էժան ու ճոռոմ հայրենասիրությամբ։ Իշխանության քարոզչության ծանր հրետանին ու կարծիքաստեղծ գրագիրներն այդ մեկ տոկոսի մասին մտածել համարձակվողներին ու, առավել ևս, այդ մտածմունքը հարցերի ձևակերպողներին անմիջապես որակում են՝ որպես դավաճան, թշնամու քարոզչությանը ձայնակցող, թշնամու հետ համագործակցող․․․․ Էժան հայրենասիրությունը դավաճանության քողարկման լավագույն միջոցներից է։ Այն արդյունավետ է աշխատում հանրության գիտակցության ցածր շերտերի վրա, ինչպես «Մակդոնալդսը»՝ ստամոքսի պարագային․ անպետքություն է, բայց թվում է համեղ։ Ահա այդ պաթետիկ հայրենասիրությամբ իշխանությունը մշտապես իրենից վանում է միտքն ընդհանրապես, քանի որ քարզչական հայրենասիրությունը, որպես կանոն, միտք չի պահանջում, այն սովորաբար էմոցիայի պրոդուկտ է, ի տարբերություն իրական հայրենասիրության, որն իրացվում է հիմնականում լուռ, ու ոչ թե՝ խոսքով, այլ՝ գործով։
Քաղաքականապես համեմատաբար զարգացած հանրույթներում քարոզչական հայրենասիրությունն այդ ֆունկցիան չունի, քանի որ դրանցում սովորույթի ու ավանդույթի ուժով կարողանում են տարբերակել իրական քաղաքականությունը պոետիկ հայրենասիրությունից ու բարձրաձայնվող հարցերը բնում չեն խեղդվում՝ հայրենասիրությանը հղում անելով։ Օրինակ, ԱՄՆ-ում Թրամփի քննադատներից ոչ մեկին չեն անվանում ոչ հայրենասեր կամ դավաճան, երբ վերջիններս խոսում են ընդհանրապես Ռուսաստանի ու հատկապես Պուտինի հետ Թրամփի ստվերային ու անմաքուր կապերի մասին։ Որովհետև բոլորը հասկանում են, որ դա քաղաքականություն է։ Իսկ քաղաքականությունը, հատկապես՝ ընթացիկ քաղաքականությունը, որպես կանոն, ոչ միայն կապ չունի իրական հայրենասիրության հետ, այլ սովորաբար դրանք հակամետ են իրար։ Հետևաբար՝ հարցադրումը՝ արդյո՞ք իրականում Նիկոլ Փաշինյանն Ալիևի հետ վերելակում ինչ-որ բան է պայմանավորվել, պետք է դուրս դնել հայրենասիրական տափակաբանությունից ու քննարկել պրակտիկ քաղաքականության տիրույթում։ Ինչպես որ Արսեն Խառատյանի հնարավոր կոնսպիրացիաները։ Դրանք և էլի շատ այլ ակտեր որևէ կապ չունեն հայրենիքի ու հայրենասիրության հետ, որովհետև դրանք մաքուր, իսկ ավելի հաճախ՝ շատ կեղտոտ քաղաքականություն են։
Իշխանությունը, սակայն, ամուր ու անխոցելի չլինելով իր կոնֆիդենցիալ վարքագծում, այդ հարցադրումներին չի կարողանում պատասխանել քաղաքականության, պրակտիկ քաղաքականության ու առավել ևս՝ փաստական տիրույթում, ու գործի է դնում պալատական սազանդարներին, ովքեր ճոռոմ վերնագրերով լավաշներ են ծորում այն մասին, թե ինչպես է Հայաստանի ընդդիմությունը ձայնակցում Ալիևին ու հաքինազին՝ թրիախավորելով վսեմաշուք Նիկոլ Փաշինյանին։ Այդ լավաշները, սակայն, իրենց նպատակին չեն ծառայում, քանի որ բացահայտում են իշխանության տկլորությունը՝ փաստերով հայրենադավության մասին մեղադրանքներին պատասխանելու հարցում։
Նիկոլ Փաշինյանը հավանաբար վաղ մանկության ու պատանեկության տարիներին լավ չի սովորել կամ ընդհանրապես չի սովորել, որպես կանոն, փողոցային միջավայրից սովորելիք այն ճշմարտությունը, որ շառի պոտենցիալ կրողի հետ, առավելևս, երբ այդ կրողը քեզ վրա կրակող է, առանց վկայի չեն խոսում ու հատկապես պայմանավորվածություն ձեռք չեն բերում։ Կամ հակառակը՝ շատ լավ է սերտել այդ դասը ու հենց դրա համար է առանց վկայի ու հատկապես վերելակում գյալաջի արել Ալիևի հետ։ Իսկ ահա Արսեն Խառատյանի դեպքը կա՛մ այդ վերելակային մերձեցման շարունակությունն է, կա՛մ բոլորովին այլ պատում, սակայն նրա պարագային պետք է մոտենալ վերապահումով՝ հիշելով Մեծարենցի հայտնի «Սիրերգը»։
Արմենուհի Հայկազյան