«Գործող իշխանությունը պետք է հեռանա և ձևավորվի ազգային կառավարություն». Վարդան Ոսկանյան
««Հայրենիք» կուսակցությանը միանալու որոշումս պայմանավորված էր, առաջին հերթին, կուսակցության դավանած դավանանքին և գաղափարախոսությանը հարազատ լինելու հանգամանքով: Գիտեք՝ «Հայրենիք»-ը գործում է ազգային տիրույթում, կենտրոնամետ ուժ է: Երկրորդ՝ նաև համախոհ ընկերներիս ներկայությունը այս կուսակցության շարքերում: Նաև՝ այն հեռանկարը, որը «Հայրենիք»-ը տրամադրում է ազգային ուժերի տիրույթում համախմբման գործընթացներ սկսելու առումով»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում այս մասին ասաց «Հայրենիք» կուսակցության անդամ, իրանագետ Վարդան Ոսկանյանը:
Նրա խոսքով՝ կան բազմաթիվ պատճառներ, որոնց համար գործող իշխանությունը պետք է հեռանա. «Ակնհայտ է, որ չեն կատարվել տրված խոստումները, և ակնհայտ է, որ հասարակական տիրույթում կան լայն դժգոհություններ՝ կապված բազմաթիվ խնդիրների հետ՝ արտաքին քաղաքական մարտահրավերներ, հասարակությանը պառակտող և շերտավորում մտցնելու գործընթաց, որը, բնականաբար, ազգային տեսակետներ դավանող ուժերին ստիպում է, որպեսզի տեղի ունենա մի գործընթաց, որի արդյունքում պետք է ներկայիս գործող իշխանությունը ամբողջությամբ դուրս գա քաղաքական ասպարեզից, այսինքն՝ կորցնի իշխանությունը, և տեղի ունենան արտահերթ ընտրություններ, որի արդյունքում կձևավորվի նոր որակի և, ամենակարևորը՝ ազգային կառավարություն»:
Հարցին՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանավորումը կարո՞ղ է որևէ բան փոխել հոկտեմբերի 8-ին սպասվող հանրահավաքի օրակարգում, նա պատասխանեց. «Իրականության մեջ բոլոր ուժերն էլ հայտարարել են, նաև պնդել են, որ, բնականաբար, Գագիկ Ծառուկյանի կալանավորումը քաղաքական հետապնդում է, և դա չի ազդելու հանրահավաքի կայացման վրա: Ընդհակառակը՝ ԲՀԿ մեր գործընկերները պնդում են, որ իրենց աջակիցների շրջանում դա առաջացրել է լուրջ զայրույթ, որը կարող է պատճառ դառնալ ավելի բազմամարդ հանրահավաքի»:
Ինչ վերաբերում է Հայաստանի անկախության տոնին Իրանի շնորհավորանքի ուշացմանը և դրա մեսիջներին, իրանագետը հետևյալն ասաց. «Շատ դեպքերում պատկան մարմինների անգործության պայմաններում աշխատում են հանրային դիվանագիտության խողովակները, որոնք, որևէ կերպ չեն կարող փոխարինել պատկան մարմինների ունեցած հնարավորություններին: Հետևաբար, մշտապես հույսը դնել այս խողովակների վրա սխալ կլինի, և պատկան մարմինները պետք է իրականացնեն իրենց գործառույթները, հատկապես՝ մեր հարևան և մեր դաշնակից պետությունների հետ հարաբերություններում: Իրանը աշխարհաքաղաքական համատեքստում Հայաստանի անվտանգության կարևորագույն բաղադրիչներից մեկն է ապահովում՝ ելքը դեպի մերձավորարևելյան տարածաշրջան, դեպի Պարսից ծոցի տարածաշրջան, դեպի Հեռավոր Արևելք, դեպի Հնդկաստան, և բացի այդ՝ Իրանը ունի չափազանց կարևոր նշանակություն արցախյան հակամարտության համատեքստում:
Եթե, դիցուք, գնահատենք միայն աշխարհագրությունը, ապա Իրանը միակ և բացառիկ պետությունն է, որը սահմանակից է հակամարտության կողմերին՝ Արցախին, ՀՀ-ին և Ադրբեջանին: Ընդ որում՝ Ադրբեջանի պարագայում՝ երկու հատվածներով՝ նախիջևանյան հատվածով և, այսպես կոչված, մայրցամաքային հատվածով, իսկ Նախիջևանի խնդիրը վերջին շրջանում շատ հրատապ է դարձել: Այս հարցում իրանցիների մոտեցումները նույնպես չափազանց հետաքրքիր են, հետևաբար, այս ուղղությամբ աշխատանքները պետք է ակտիվանան, այլ ոչ թե լրացուցիչ խոչընդոտներ ստեղծվեն այս հարաբերություններում»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում