«Եթե մենք ձկնորսների հետ չհամագործակցենք՝ կունենանք 30 տարի առաջվա պատկերը». Թագուհի Թովմասյանը՝ իր առաջարկների և քննադատությունների մասին

Սեպտեմբերի 8-ին Կառավարությունը դրական եզրակացություն էր տվել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ Սևանում ձկնորսության վերաբերյալ առաջարկին: Ֆեյսբուքյան իր էջում պատգամավորը գրել էր, թե կոնկրետ ինչ առաջարկներ է ներկայացրել:

Նախ, ձկնորսության թույլատրելի առավել քանակությունը (տոննա) այդ առաջարկով կլինի ոչ թե 200, այլ 300 տոննա: Նաև սիգ ձկնատեսակի որսն իրականացվելու է Սևանա լճի ամբողջ տարածքով, ափից առնվազն 500 մ հեռավորության վրա՝ նախկինում Մեծ Սևանի փոխարեն: Նախկինում հաստատված 17 տեղամասերին կավելացվեն ևս 8-ը։ Սևանա լճի ողջ ավազանում կգործի «Սևան» ազգային պարկի կողմից հսկվող ընդհանուր 25 տեղամաս: Սևանա լճում կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի գործողության ժամկետ է սահմանվել 2020 թվականի մարտի 15-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը (նախկին հոկտեմբերի 1-ի փոխարեն):

Այդ առաջարկներն ընդունելուց հետո, բազմաթիվ բնապահպաններ հայտնեցին իրենց մտահոգությունները՝ նշելով, որ այդ ամենը կվնասի Սևանի էկոհամակարգին, ինչպես նաև՝ սիգի պաշարներին:

168.amի հետ զրույցում անդրադառնալով թեմային և հնչող քննադատություններին՝ Թագուհի Թովմասյանը նշեց, որ ի սկզբանե իր առաջարկությունները բխում էին Կառավարության ներկայացրած առաջարկությունների փաթեթից, որով առաջարկվում էր կանոնակարգել ձկնորսության դաշտը:

«Իմ առաջարկություններն ընդամենը փորձ էր, որպեսզի կարողանայինք իրավիճակը հնարավորինս կառավարելի դարձնեինք: Գիտեք, որ ձկնորսները փակել էին Արցախ-Երևան միջպետական ճանապարհը և իրենց պահանջներն էին ներկայացնում, և երբ կարդացի Կառավարության ներկայացրած առաջարկությունները, հասկացա, որ այնտեղ առնվազն մեկ-երկու հատվածներ կային, որոնք ծուղակային էին: Այսինքն՝ ձկնորսներին առաջարկվում էր չորսալ 500 գրամից պակաս ձուկ, ստացվում էր, որ դրանով մենք ձկնորսներին տանում էինք անօրինական դաշտ: Հասկանալի է, չէ՞, որ ձկնորսն ուռկանը ջրի մեջ դնելով՝ չի կարող այնպես անել, որ միայն 500 գրամանոց ձուկ որսա, հնարավոր է՝ լինի 450 գրամանոց, և եթե այն գտնեն ձկնորսի ուռկանի մեջ, ուրեմն նրան պետք է քրեական պատասխանատվության ենթարկեին: Հիմա, եթե մեր խնդիրն այն է, որ ձնկորսության ոլորտը կանոնակարգենք, ուրեմն՝ խելամիտ լուծումներ պետք է առաջարկեինք»,- ասաց Թագուհի Թովմասյանը:

Ըստ պատգամավորի, խնդրի խելամիտ լուծումն այն է, որ հնարավորինս պետք է համագործակցված աշխատեն, այսինքն՝ ձկնորսները հասկանան, որ իրենց հնարավորություն է տրված իրականացնելու օրինական ձկնորսություն, միաժամանակ՝ պետությունը պահպանում է Սևանի ձկնային պաշարները:

«Ես չգիտեմ, թե Կառավարությունն ինչ մեթոդոլոգիայով էր առաջնորդվել, ինչ առաջարկներ էր արվել, որոնք էին ընդունել, ես ծանոթ չեմ, չեմ էլ կարող ծանոթ լինել: Ես ընդամենն իրենց հրապարակային առաջարկներին հավելել եմ իմ առաջարկները, որ ձկնորսներին հնարավորություն տան օրինական ձկնորսություն իրականացնել: Ինչո՞ւ եմ դա արել՝ ինքս լինելով այդ մարզի բնակիչ, այնտեղից ընտրված պատգամավոր, ինձ համար առաջնային է ձկնորսների սոցիալական խնդիրը, Սևանի էկոլոգիական և ձկնատեսակների վերարտադրողական խնդիրը: Եթե մենք ձկնորսների հետ չհամագործակցենք՝ կունենանք 30 տարի առաջվա պատկերը: Մենք 30 տարի շարունակ ունեցել ենք ձկնագողեր, հիմա մենք ուզում ենք այս ապօրինությունը շարունակվի՞, ուղղակի քննադատողներին չեմ հասկանում»,- շեշտեց պատգամավորը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս