«Ծառուկյանով, թե առանց Ծառուկյանի՝ լինելու է առաջին պիկը». Վիգեն Հակոբյան
Լրատվամիջոցներն օրերս կրկին անդրադարձան ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում առկա տարաձայնություններին: Անգամ կանխատեսում էին, որ 88 հոգանոց խմբակցությունում շուտով, բացի Արսեն Ջուլֆալակյանից, կլինեն նաև մանդատից ուրիշ հրաժարվողներ:
Այսօր արդեն տեղեկացանք, որ մանդատը վայր դնելու մասին հայտնել է Գայանե Աբրահամյանը:
168.am-ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը նշեց, որ իշխանական խմբակցությունում առկա տարաձայնությունները, որոնց այս օրերին անդրադառնում են, կանխատեսելի էին և ամենևին էլ նոր չեն ի հայտ եկել, դրանք պարզապես խնամքով թաքցվել են.
«Այդ տարաձայնություններն ինչո՞ւ սկսվեցին, որովհետև իշխանությունը բավականին բազմաշերտ է, ինչ-որ տեղ քաղաքական սկզբունքով չի ձևավորվել ժամանակին. պարզապես բոլոր այն քաղաքական և քաղաքացիական ուժերը, ովքեր մասնակցել են, այսպես կոչված, թավշյա հեղափոխությանը, իրենց մասնաբաժինն են ստացել, բայց գաղափարական որևէ ընդհանրություն գրեթե չի եղել:
Ես էլ մի քանի անգամ ասել եմ, որ բազմաշերտ իշխանության այդ տարբեր շերտերի միակ ցեմենտող բանը Նիկոլ Փաշինյանի՝ ժամանակին ունեցած բավականին բարձր վարկանիշն էր, նրա լեգիտիմությունն էր: Բայց Նիկոլ Փաշինյանի վարկանիշի անկմանը զուգահեռ, երբ արդեն լիդերն այլևս այն հեղինակությունը չէ, հենց իրենց համար՝ թիմի համար, ինչ, ասենք՝ 2-2.5 տարի առաջ, այդ տարաձայնությունները ջրի երես են դուրս գալիս»:
Հարցին, թե այս համատեքստում ի՞նչ քաղաքական զարգացումների ականատես կլինենք՝ հաշվի առնելով նաև արտախորհրդարանական և խորհրդարանական ընդդիմության մոբիլիզացիան, նա պատասխանեց.
«Հիմա գնում է երկու զուգահեռ պրոցես, որոնք նաև իրար վրա փոխադարձաբար ազդում են․ դա մի կողմից՝ իշխանության թուլացումն է, և իշխանության վարկանիշի նվազումն է, մյուս կողմից՝ ընդդիմադիր քաղաքական դաշտում տեղի ունեցող քաղաքական պրոցեսները, որոնք բերում են քաղաքական նոր ուժերի կայացմանը, հին ուժերի վերադասավորմանը, և ընդդիմադիր դաշտում մենք ականատեսն ենք որոշակի կոնսոլիդացիոն գործընթացների՝ ընդհուպ մինչև այն, որ հոկտեմբերի 8-ին առնվազն երեք քաղաքական ուժ այս պահի դրությամբ հայտարարել են համատեղ համապետական հանրահավաք անցկացնելու մասին»:
Քաղտեխնոլոգը համոզված է՝ իշխանության վարկանիշի նվազումն անխուսափելի է՝ հաշվի առնելով համավարակի շուրջ անորոշությունը և սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակը, ինչը, ըստ նրա, բավականին պարարտ հող է ընդդիմության ակտիվացման համար. «Ընդդիմությունը նոր շանս է ստացել՝ ներկայանալ որպես գործուն քաղաքական այլընտրանք այսօրվա իշխանություններին:
Այս պահի դրությամբ մենք ունենք մոտավորապես այսպիսի պատկեր՝ ունենք թուլացած իշխանություն, որն առայժմ, բացի ուժային մեթոդներից, այլ ելք չի գտնում այս իրավիճակից դուրս գալու, ամրապնդվելու համար (քրեական գործերի մահակը միշտ ձեռքն է պահում), և ունենք դեռևս ոչ շատ ուժեղ ընդդիմություն, որի ուժեղանալու հեռանկարներն ավելի տեսանելի են:
Հիմա այդ քաղաքական պրոցեսն ընթանում է. այդ քաղաքական պրոցեսի առաջին պիկը լինելու է սպասվող հանրահավաքը: Ծառուկյանով, թե առանց Ծառուկյանի՝ լինելու է առաջին պիկը»:
Այսինքն՝ եթե Գ. Ծառուկյանին նույնիսկ կալանավորեն, գործընթացը չի՞ խափանվելու՝ հարցին ի պատասխան, Վ. Հակոբյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ այդ տարբերակը հաշվարկվել է բավականին հստակ: Մանավանդ այսօրվա իշխանության վարքագիծն էլ է կանխատեսելի. հենց ընդդիմադիր դաշտում ակտիվություն է ցուցաբերվում, միանգամից քրեական գործերի այդ մահակը հանվում է: Այսինքն՝ կանխատեսելի է, որ կարող է և այդ տարբերակը լինել, առավելևս, որ Ծառուկյանի վրա այդ դամոկլյան սուրը կախված է:
Մյուս կողմից էլ՝ սա էլ տարբեր սխեմաներ ունի, եթե Ծառուկյանին կալանավորում են, դա կարող է բերել պրոցեսի քաղաքականացմանը, նույնիսկ, եթե համարենք՝ դա քրեական պրոցես է: Ի վերջո, ընդդիմադիր գործիչը, որը հայտնվում է բանտում, ցանկացած քրեական հոդվածով, դա սովորաբար նպաստում է իր ռեյտինգի և հեղինակության աճին»:
Վիգեն Հակոբյանը հավելեց նաև, որ ընդդիմության ներկայացուցչի կալանավորումը կարող է ունենալ նաև հոգեբանական ազդեցություն և է՛լ ավելի գրգռել բողոքական ընտրազանգվածին. «Դա հոգեբանական գործոն է, որը միշտ աշխատել է՝ նախևառաջ Հայաստանում»: