Նիկոլ Փաշինյանի խոսուն լռությունը

Ադրբեջանը տեղեկատվական գրոհ է սկսել Հայաստանի, այդ թվում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։ Սկսել է նախորդ շաբաթվանից, երբ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ ինքը Դուշանբեի վերելակային հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել հրադադարը ժամանակավորապես կասեցնելու վերաբերյալ, որպեսզի, ըստ Ալիևի, Փաշինյանն այդ ընթացքում լուծի ներքին խնդիրները և բանակցային գործընթացում կառուցողական դիրք զբաղեցնի։ Ալիևի այդ հայտարարություններին հաջորդեց ադրբեջանական քարոզչամեքենայի հրապարակումն այն մասին, որ հայկական և ադրբեջանական կողմերի միջև գաղտնի հանդիպումներ են ընթացել, որոնց մասնակցել է Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը։ Վերջինս փորձեց հերքել այդ տեղեկությունները, սակայն նրա հերքումն ավելի շատ հարցեր առաջացրեց։ Իսկ Նիկոլ Փաշինյանն անգամ չփորձեց հերքել հայ-ադրբեջանական գաղտնի հանդիպումների մասին ադրբեջանական քարոզչամեքենայի տեղեկությունը՝ ընդամենը հայտարարելով, որ «Ադրբեջանը կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ է բացահայտում», և սպառնալով, որ ինքն  էլ կարող է նմանատիպ ինֆորմացիաներով խառնել Ադրբեջանի ներքաղաքական կյանքը։

Ակնհայտ է, որ գործ ունենք թշնամական երկրի կողմից կիրառվող տեղեկատվական պատերազմի հետ։ Այսինքն՝ անկախ գործող իշխանության նկատմամբ վերաբերմունքից, նրա անգամ ամենակոշտ քննադատներն այդ տեղեկություններին պետք է վերաբերվեն խիստ վերապահորեն ու զգույշ՝ որևէ դեպքում երկրի շահերին չվնասելու համար։ Բայց այստեղ չափազանց կարևոր է, առաջին հերթին, գործող իշխանության, անձամբ Նիկոլ Փաշինյանի վարքագիծը, որը, մեղմ ասած, համարժեք չէ։

Խնդիրը շատ պարզ է։ Ալիևը, ապա նրա քարոզչամեքենան հրապարակել են տեղեկություններ։ Կա երեք հնարավոր տարբերակ։

Առաջին՝ դրանք ամբողջությամբ սուտ են ու հորինված, երկրորդ՝ դրանք մասամբ հավաստի են, մասամբ՝ չափազանցված, և, երրորդ՝ դրանք ամբողջությամբ համապատասխանում են իրականությանը։ Ակնհայտ է, որ կախված նրանից, թե այս տարբերակներից որ մեկի հետ գործ ունենք իրականում, պետք է հետևեին նաև Նիկոլ Փաշինյանի գործողությունները։ Եվ ահա, երբ այս մոդելով ենք դիտարկում տեղի ունեցածը, որքան էլ ցավալի ու անցանկալի թվա, առնվազն կյանքի իրավունք է ստանում այն վարկածը, որ Ալիևի հետ Փաշինյանի պայմանավորվածությունների ու հայ-ադրբեջանական գաղտնի հանդիպումների մասին տեղեկությունները գուցե և համապատասխանում են իրականությանը, հնարավոր է՝ մասամբ։

Այդ վարկածին կյանքի իրավունք են տալիս ոչ թե իշխանության հակառակորդների գործողությունները, այլ անձամբ Նիկոլ Փաշինյանի անգործությունը, որը տվյալ դեպքում արտահայտվում է ադրբեջանական կողմի հրապարակած տեղեկություններն ամբողջությամբ, կտրականապես չհերքելու իրողությամբ։

Հերքման ու հակադարձման վարպետ Նիկոլ Փաշինյանն այս դեպքում խուսափում է ուղիղ հերքումից և հակադարձում է Ալիևին ուղղված սպառնալիքով։ Լավ է, իհարկե, որ Հայաստանի ղեկավարը հակառակորդ երկրի ղեկավարին սպառնալու ռեսուրս ունի, թեև այդ մասին, որպես կանոն, չեն բարձրաձայնում նախապես։ Բայց կրկին բաց է մնում հարցը՝ ինչո՞ւ Փաշինյանն ուղիղ տեքստով, առանց այլևայլությունների չի հերքում Ալիևին ու ադրբեջանական քարոզչությանը։ Ահա այդ չհերքումը, բացի այդ տեղեկությունների հավաստի լինելու վարկածից, կյանքի իրավունք է տալիս մեկ այլ հարցի՝ իսկ հնարավո՞ր է՝ Փաշինյանը չի հերքում, որովհետև կա մտավախություն, որ հերքման դեպքում կարող են փակագծեր բացվել ու հրապարակվել ոչ թե քարոզչական, այլ փաստական տեղեկություններ։

Այս բոլոր հարցերն ու վարկածներն իշխանության ներկայացուցիչները, իհարկե, կարող են որակել՝ որպես դավաճանական, թշնամական, օպորտունիստական և այլն։ Բայց այդ որակումներից այդ հարցերի լրջությունը չի նվազում։ Այդ հարցերը պահանջում են ուղիղ, շիտակ պատասխաններ։ Եվ չափազանց կարևոր է, որ այդ պատասխանները Հայաստանի հանրությունը ստանա անձամբ Նիկոլ Փաշինյանից և ոչ թե, Աստված մի արասցե, Ալիևից։

Նիկոլ Փաշինյանը հնարավորություն ուներ ու դեռ ունի պատասխանելու բոլոր այդ հարցերին այնպես, որ գրողի ծոցն ուղարկվեն հակառակի մասին անգամ մտածել համարձակվողները։ Բայց նա  գոնե առայժմ գերադասում է խոսուն լռությունը՝ ջուր լցնելով ոչ այն է՝ ադրբեջանական քարոզչության, ոչ այն է՝ սեփական երկրում ինքնուրույն մտածել կարողացողների ու հարցեր առաջադրողների ջրաղացին։

Հետաքրքիր է՝ ինչո՞ւ։

Այս բոլոր հարցերի պատասխաններն անձամբ Նիկոլ Փաշինյանից լսելու իրավունք ունի ոչ միայն հայ հասարակությունը, այլ նաև Փաշինյանի թիմը, որովհետև, վստահաբար այդ թիմում կան մեծ թվով մարդիկ, ում հետագա գործողություններն ու վարքագիծը կարող են կախված լինել այդ հարցերի պատասխաններից։

Արմենուհի Հայկազյան

Տեսանյութեր

Լրահոս