«Պարոն Բաբայանի մասնակցությունը 2000 թվականի, այսպես կոչված, մահափորձին, բացակայում է». Արամ Ղլեչյան
Սեպտեմբերի 9-ին Արցախի խորհրդարանում պատգամավորների հետ հանդիպմանն ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանը ՀՀ-ի և Արցախի սահմանադրական փոփոխությունների համատեքստում անդրադառնալով ժամանակին 10 տարի մշտական բնակության հետ կապված խնդիրներին, հայտարարել էր. «2000 թվականին իմ դեմ գործած հանցագործության համար դատախազությունում քննություն է ընթանում, կպարզեն, կճշտեն, կուղարկեն դատարան, պարզ կլինի հետո՝ ինչ է կատարվել 2000 թվականին, հանցագործներն ովքեր են, տեռորիստներն ովքեր են: Երբ որ կբացահայտվի, այդ տասը տարվա հարցն ավտոմատ լուծում կստանա՝ վերականգնել բոլոր իրավունքները»:
Հիշեցնենք, որ 2000 թ. մարտի 22-ին Ստեփանակերտում ԼՂՀ նախագահի դեմ մահափորձ իրականացվեց, որի հետևանքով Արկադի Ղուկասյանը հրազենային վիրավորում ստացավ: Իրավապահ մարմինները հայտարարեցին, որ մահափորձի պատվիրատուն Սամվել Բաբայանն է:
2000 թ. սեպտեմբերի 18-ին Ստեփանակերտում մեկնարկեց ԼՂՀ նախագահի դեմ մահափորձի գործով դատական նիստը:
2001 թ. փետրվարի 26-ին Սամվել Բաբայանի գործով մեղադրական վճիռ կայացվեց, որը նախատեսում էր ունեցվածքի բռնագրավում և 14 տարի ազատազրկում: ԼՂՀ պաշտպանության նախկին նախարարը զրկվեց «Արցախի հերոս» կոչումից և «Ոսկե արծիվ» շքանշանից:
2004 թ. սեպտեմբերի 17-ին Արկադի Ղուկասյանը Սամվել Բաբայանին ներում շնորհելու մասին հրաման ստորագրեց:
«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ Արկադի Ղուկասյանը խնամքով պահում է այն տեսագրությունը, որն արվել է Բաբայանի կալանքից անմիջապես հետո, և որտեղ նա գրեթե ինքնախոստովանական ցուցմունք է տվել՝ չհրաժարվելով կատարվածի համար պատասխանատվությունից։
Թերթը փորձել է Ղուկասյանի մեկնաբանությունը լսել Բաբայանի դիմումի վերաբերյալ, սակայն ԱՀ նախկին նախագահն ասել է, թե հեռախոսով հարցազրույց չի տալիս, ապա ավելացրել, որ, երբ իրեն պետք լինի, կխոսի այս գործընթացի մասին։
168.am-ը Սամվել Բաբայանի փաստաբան Արամ Ղլեչյանից փորձեց պարզել՝ Արկադի Ղուկասյանը կարո՞ղ է լուրջ ապացույց կամ խաղաքարտ ունենալ իր ձեռքում, Արցախի ԱԽ քարտուղարի պաշտպանն արձագանքեց. «Եկեք թողնենք, որ այդ քրեական գործի շրջանակներում անհրաժեշտ ապացույցները հավաքվեն, նախաքննական մարմինը գնահատի, հետևություններին հասարակությունը ևս կիրազեկվի»:
Սամվել Բաբայանի պաշտպանին հիշեցրինք, որ ժամանակին սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում արխիվային տեսանյութ էր շրջանառվում, որտեղ Սամվել Բաբայանն ասում է, որ, մեծ հաշվով, մտածված քայլ է եղել:
Հավելենք, որ 2000 թ. դեկտեմբերի 28-ին դատական նիստում կայացել է Սամվել Բաբայանի երկրորդ հարցաքննությունը, որի ընթացքում նա հրաժարվել է ապրիլի 3-ին տված խոստովանական ցուցմունքներից՝ բացատրելով, թե ցուցմունք տալու պահին չի գիտակցել, թե ինչ է ասել:
Այս հիշեցումների առնչությամբ փաստաբան Արամ Ղլեչյանը նախ նշեց, որ քրեական գործի շրջանակում ցուցմունք տված անձինք իրականում ցուցմունք չեն տվել, այլ դրանք խոշտանգումների միջոցով նրանց պարտադրվել են:
«Իրենց հարկադրել են խոշտանգումներով, ստիպել են դրանք ստորագրել: Նմանատիպ դրվագներ տասնյակներով են այդ գործում: Ինչ վերաբերում է Ձեր կողմից նշած տեսագրությանը, այն քրեական գործով ևս գնահատման կարժանանա: Հիմա շատ դրվագներ, դետալներ չեմ կարող մանրամասնել, որ գործին չվնասենք, դրանք նախաքննական գաղտնիքներ են: Այսինքն, հիմա դրա շուրջ դետալային վերլուծություն չենք անի, բայց երբ այս ամբողջը կավարտվի, իրավական գնահատականները կլինեն: Ես խոստանում եմ, որ մանրամասն կներկայացնենք և՛ վերլուծականը, և՛ փաստերը, և դուք կկարողանաք համապատասխան հետևություններ անել: Միայն կարող եմ ձեզ վստահեցնել, որ պարոն Բաբայանի մասնակցությունը 2000 թվականի, այսպես կոչված, մահափորձին, բացակայում է: Ձեռք կբերվեն փաստական տվյալները, որոնք կհերքեն այն վարկածը, որ պարոն Բաբայանը մասնակցություն է ունեցել այդ մահափորձին»:
Ի դեպ, ավելի վաղ livenews.am-ը տեսանյութ էր շրջանառել, որտեղ Սամվել Բաբայանն ինքը հերթական անգամ հերքում է իր մասնակցությունը, ավելին, ակնարկում, որ կատարվածում բեմականացման տարրեր կան: