Նախարարությունը հորդորում է դասախոսներին վերադառնալ լսարաններ

168.am-ի հարցմանն ի պատասխան՝  Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունը քիչ առաջ հայտնեց իր դիրքորոշումը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գործադուլի և դրանով պարտադրված դասադուլի վերաբերյալ:  

«ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հորդորում է դասախոսներին վերադառնալ լսարաններ և զերծ մնալ կրթական գործընթացը խաթարող քայլերից»,- նշեց ԿԳՄՍ նախարարության Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետի տեղակալ Օֆելյա Կամավոսյանը:

Հիշեցնենք՝ երեկ համալսարանի ռեկտորատը և ուսանողական խորհուրդը հանդես էին եկել չափազանց տարօրինակ հայտարարությամբ.

«Սիրելի´ ուսանողներ, ՀՊՏՀ  այլ շահառուներ, տեղեկացնում ենք, որ կոլեկտիվի գերակշիռ մեծամասնության որոշմամբ ՀՊՏՀ-ն ժամանակավորապես դադարեցնում է ուսումնական գործընթացը՝ մինչև ս.թ. հուլիսի 17-ին կայացած մրցույթում «ՀՊՏՀ» ՊՈԱԿ խորհրդի անդամների կողմից ձայների մեծամասնությամբ ընտրված ռեկտորի՝ օրենքով սահմանված կարգով նշանակումը»:

Ի դեպ, սույն հայտարարությամբ նաև ուսանողներին սեպտեմբերի 24-ին, ժամը 10։00-ին հրավիրում էին ՀՊՏՀ բակ՝ հարցի առնչությամբ բաց քննարկման:

168.am-ը ԿԳՄՍ նախարարության հանրային կապերի վարչությունից հետաքրքրվել էր՝ երբ կլինի նախարարության դիրքորոշումը՝ ՀՊՏՀ-ում տեղի ունեցողի վերաբերյալ, և,  թե նախարարության համար որքանո՞վ է ընդունելի, երբ պետական բուհը շանտաժի լեզվով է խոսում, ի պատասխան՝ ԿԳՄՍ նախարարությանը Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետի տեղակալ Օֆելյա Կամավոսյանը խոստացել էր  պատասխանել ավելի ուշ՝ մեկնաբանելով, որ նախարարը Կառավարության նիստի է և պետք է զրուցի փոխնախարարների հետ:

Հիշեցնենք, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կոլեկտիվից ձևավորված կազմկոմիտեն բողոքի ակցիա էր իրականացրել ՀՀ կառավարության դիմաց՝ պահանջելով, որ  կառավարությունը հաստատի «ՀՊՏՀ» ՊՈԱԿ ռեկտորի մրցույթի արդյունքներն օրենքով սահմանված կարգով: Կառավարությունից ցուցարարներին տեղեկացրել են, որ հարցը կզեկուցեն վարչապետին:

Լրագրողների հետ զրույցում բողոքի մասնակիցները հերքել էին ցույցի՝ համալսարանի ղեկավարության կողմից կազմակերպված լինելու մասին լուրերը՝ պնդելով, որ հավաքն ինքնաբուխ է:

«Միայն հիվանդ երևակայությամբ մարդը կաներ պնդում առ այն, որ առավոտյան իր քաղաքական թիմի կողմից պահված նախարարն իր քաղաքական թիմի և իր վաղեմի ընկերոջ դեմ ինչ-որ ցույց կպլանավորի, կհորդորի…»,- ասել էր ՀՊՏՀ-ում այս պահին ռեկտորի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը, ում Դիանա Գալոյանը նշանակել էր ուսումնական գծով պրոռեկտոր:

Նկատենք՝  «ՀՊՏՀ ուսանողները» դեռ օրեր առաջ էին տեղեկացրել այս հավաքի մասին, մասնավորապես՝ գրելով. «Արայիկ Հարությունյանի համառության և օրենքի միտումնավոր խախտումների արդյունքում ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար նշանակված Արմեն Գրիգորյանն իր վարչական լծակը կիրառելով սեպտեմբերի 22-ի առավոտյան որոշ խմբով հուսահատ երթ է կազմակերպում Կառավարության ու Նիկոլ Փաշինյանի դեմ և հրահանգ է տվել դեկաններին ու ամբիոնի վարիչներին «մարդ ապահովել»»:

Տեսանյութեր

Լրահոս