Ապրիլյան պատերազմի թեման՝ նուրբ և վտանգավոր սահմանագծին. իշխանությունները կհանձնե՞ն քննությունը

Ամենայն հավանականությամբ, հոկտեմբերի 5-ին հանրությանը թույլատրելի չափաբաժնով կամ զուտ քաղաքական «բաղադրությամբ» հասանելի կլինի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի եզրակացությունը, և չի բացառվում, որ թեման, որը հիմա էլ «սառը» վիճակում չէ, առավել «տաքանա»՝ Ապրիլյան պատերազմի մասնակից տղաների դժգոհություններից մինչև իշխանության կողմից քաղաքական շահարկումների և վրեժխնդրության նոր փուլ, պարտված-հաղթած լինելու «շեքսպիրյան» հարցադրումներ և այլն: Եվ երանի թե ամեն ինչ գոնե այս մակարդակում լիներ, բայց ոչ:

Մինչև կհրապարակվի «ապրիլյան եզրակացությունը», առնվազն մեկ ամիս ՀՀ սահմաններից դուրս բնակվող նախկին ոստիկան Վարդան Ղուկասյանը՝ Դոգ մականունով, որի անվան հետ բազմաթիվ աղմկահարույց պատմություններ են կապված, և որը շորթման մեջ է մեղադրված եղել, Ապրիլյան պատերազմի թեմայում անցել է «լուրջ» բացահայտումների՝ համագործակցությամբ, իր ասելով, Ադրբեջանի ԱԱԾ նախկին աշխատակցի հետ, որը նույնպես Եվրոպայում է բնակվում: Ի դեպ, նախկին ոստիկանին մեծ հաճույքով հարթակ են տրամադրում Ապրիլյանի թեմայում իրենց հետաքրքրություններն ունեցող «Սասնա ծռերը»՝ պարբերաբար հաղորդումներ կազմակերպելով նրա հետ:

Իսկ բացահայտումը, մասնավորապես, վերաբերում է նրան, որ Ապրիլյան պատերազմում զոհված երկու զինծառայող իրականում «գերի» են Ադրբեջանում: Դոգ մականունով նախկին ոստիկանը տեսագրություններից մեկում մոտ մեկ շաբաթ առաջ խոստացել էր հրապարակել անունները և նկարները, երբ այդ մասին տեղեկություն ստանա ադրբեջանցի նախկին ԿԳԲ-շնիկից:

Մտածում էինք, որ ՀՀ համապատասխան ուժային կառույցները պիտի կանխեին այս գործընթացը գոնե մեր ահազանգից հետո: Եվ, որ անկախ նրանից, թե նախկին ոստիկանի հետ համագործակցողն Ադրբեջանի ԱԱԾ նախկի՞ն աշխատակից է, թե՞ ոչ, անկախ նրանից՝ մեր «խորամանկ աղվեսը» երկու ոտքով թակա՞րդն է ընկել, թե՞ խոսքը գիտակցված համագործակցության մասին է, Ապրիլյան պատերազմի թեման մտնում է անվտանգային առումով չափազանց վտանգավոր փուլ, ինչը նաև չափազանց նուրբ է և զգայուն, որովհետև մյուս կողմում որդի կորցրած զինվորի մայրն է, որը չի տեսել որդու անշնչացած մարմինը: Օրեր առաջ հրապարակվեցին տղաների անունները և լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյան, Միշա Աղաջանյան, իսկ ուժայինները չեն խախտում լռությունը. ՊՆ-ն, թերևս, չի ցանկանում հնչեղություն տալ թեմային, անհիմն վարկածներին:

Մինչդեռ երեկ այս տղաների ծնողները «Նոյյան Տապանի» ուղիղ եթերում հեռարձակվող «Քննարկում» հաղորդաշարի հյուրերն էին, ինչից պարզ դարձավ, որ նախկին ոստիկան Վարդան Ղուկասյանը, ով շփումների մեջ է Ադրբեջանի, այսպես ասած, ԱԱԾ նախկին աշխատակցի հետ, կապ է հաստատել արդեն այս տղաների ծնողների հետ (թե որտեղից է նրանց կոնտակտները գտել, նրանք պատկերացում չունեն, մինչ այս չեն էլ ճանաչել): Դավիթ Հայրապետյանի հորից, օրինակ, փորձաքննության թերթիկն է խնդրել: Ի դեպ, նախքան այս մարդկանց հետ խոսելը, Վարդան Ղուկասյանը խոսել է Արմենակ Ուրֆանյանի մոր հետ:

«Վարդան Ղուկասյանն ասեց՝ կարա՞ս տաս փորձաքննության թերթիկը… կապնվավ, եսիմ ումից էր իմացել մեր բանը… ասեց՝ տիկինդ հո հիվա՞նդ չի, ասեցի՝ ճնշում ունի: Բա՝ Դավիթի հարցերով պիտի բան խոսամ, որ Դավիթը կա: Ես էլ էդ թղթերն ուղարկեցի, իրիկունը ժամը հինգին էդ ասուլիսը տվեց…»,- պատմում է զինվորի հայրը:

Եվ թեպետ տեսագրության մեջ Վարդան Ղուկասյանն ասում է, որ ինչ-ինչ կասկածներ ունի նրանց ողջ լինելու մասին, քանի որ Ադրբեջանի ԱԱԾ նախկին աշխատակցից ֆոտո, վիդեո դեռ չի ստացել, բայցև չի էլ դադարում հրաժարվել տղաների ողջ լինելու պնդումից: Իսկ զոհված տղաների՝ Դավիթ Հայրապետյանի և Միշա Աղաջանյանի ծնողները պահանջում են արտաշիրմում անել, կամ անհետ կորածի կարգավիճակ տալ, որ Կարմիր Խաչը կարողանա գտնել իրենց «ողջ» մնացած տղաներին:

Հիշեցնենք, որ ըստ ժամանակին տարածված տեղեկության՝ շարքային Դավիթ Հայրապետյանը 2016թ. ապրիլի 4-ին մղված թեժ մարտերի ընթացքում անտեսելով հակառակորդի կողմից վարվող ինտենսիվ հրետանային կրակը՝ փորձել է տանկով կրակային բնագիծ զբաղեցնել, սակայն խոցվել ու զոհվել է թշնամու ԱԹՍ-ի կողմից: Հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիություն» մեդալով:

Միշա Աղաջանյանը դարձյալ զոհվել է ապրիլի 4-ին մղված թեժ մարտերի ընթացքում՝ անտեսելով հակառակորդի կողմից վարվող ինտենսիվ հրետանային կրակը՝ փորձել է տանկով կրակային բնագիծ զբաղեցնել: Զոհվել է մարտադաշտում: Հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիություն» մեդալով:

168.am-ի տեղեկություններով՝ ՊՆ-ից ժամանակին այս տղաների հարազատներին բացատրվել է, որ, «եթե երկաթն է հալվել, ապա պատկերացրեք՝ մարդու մարմինն ինչ կլինի»: Իսկ թե որքանո՞վ է ՀՀ նախկին ոստիկան-Ադրբեջանի ԱԱԾ նախկին աշխատակից տանդեմը, Ապրիլյան պատերազմի թեմայի և որդեկորույս մայրերի զգացմունքների վրա այս վտանգավոր «լարախաղացությունը» ՀՀ ԱԱԾ-ի խոշորացույցի տակ, 168.am-ին խոստացան ավելի ուշ պատասխանել՝ գուցե համապատասխան բաժիններն իրենց գործն անո՞ւմ են:

Թեպետ մենք դեռ մեկ շաբաթ առաջ զգուշացրել էինք, որ վտանգավոր գործընթաց է սկսվել Ապրիլյանի պատերազմի շուրջ, և որն ավելի խորն է գնալու, որ անուններ են տրվելու, պետք է գործել, որ չհիմնավորված տեղեկությունները չբորբոքեն այս մարդկանց վիշտը, չվտանգեն մեր անվտանգությունը, ինչո՞ւ չէ՝ չդառնանք ադրբեջանական օպերացիայի մաս՝ նախկին ոստիկանի ձեռամբ:

Ինչևէ, կսպասենք ԱԱԾ-ի պատասխանին և ստանալուն պես կհրապարակենք: Մի բան, այնուամենայնիվ, պարզ է՝ Ապրիլյան պատերազմը տարիներ շարունակ շահարկող, զինվորի սոված, անփամփուշտ լինելու մասին պնդումներն առաջ քաշած իշխանությունն ինքն է հայտնվել, հայտնվելու չափազանց բարդ իրավիճակում, որից պիտի կարողանա դուրս գալ: «Սասնա ծռերից» մշտական հարթակ ստացած Դոգը մի ձեռքով, ըստ էության, փորձեց երկու նապաստակ խփել, և այսօր Փաշինյանի իշխանությունը պիտի ցույց տա նախկինների համեմատությամբ իր տարբերությունը և կատարի այս տղաների ծնողների պահանջը, այն է՝ արտաշիրմում իրականացնի, կամ անհետ կորածի կարգավիճակ տա ժամկետային այս զինծառայողներին և նրանց ծնողներին հասցնի «գերի ընկած» որդիներին: Կհանձնի՞ արդյոք «Սասնա ծռերի» և Դոգի և Ադրբեջանի առաջադրած այս բարդ քննությունը գործող իշխանությունը, ցույց կտա ժամանակը…

Տեսանյութեր

Լրահոս