Հայաստանի հաղթական ուժն ու ժպտացող անկարողությունը

Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններից հետո, ոչ առանց հիմքի, հնչում են մտահոգություններ հնարավոր մոտալուտ պատերազմի մասին։ Այդ վտանգն իրականում եղել է միշտ, առկա է նաև այսօր, Ալիևի հայտարարություններից հետո գուցե ավելի է առարկայացել։ Նման իրավիճակներում, առաջին հերթին, քննարկվում է պատերազմին դիմակայելու հայկական բանակի մարտունակության ու կարողունակության հարցը։ Լավ է, որ քննարկվում է, սակայն նման հարց կամ խնդիր, որպես այդպիսին, գոյություն չունի, քանի որ, ինչպես ապրիլյան պատերազմում, այնպես էլ վերջին տավուշյան գործողություններում մեր բանակն ապացուցել է իր ռազմավարական ու մարտավարական կենսունակությունն  ու ամրությունը։ Այսինքն՝  հնարավոր պատերազմի դեպքում, որը, անկախ ամեն ինչից, անցանկալի է, այդուհանդերձ զինված ուժերի առնչությամբ մենք մտահոգվելու խնդիր չունենք, ինչը, իհարկե, չի նսեմացնում բանակն անընդհատ ժամանակակից սպառազինությամբ համալրելու անհրաժեշտությունը։

Մեր խնդիրը, սակայն, ոչ թե բանակում է, ոչ թե ներսում կամ սահմաններին, այլ դրսում՝ այդ նույն բանակի պաշտպանած սահմաններից հազարավոր կիլոմետրերի հեռավորությամբ։ Հայաստանն ունի մարտունակ բանակ, սակայն չունի դրան անգամ մոտավոր չափով համարժեք արտաքին քաղաքականություն կամ դիվանագիտություն։ Իսկ ժամանակակից աշխարհում, պատերազմներում հաղթում են ոչ միայն ու գուցե ոչ այնքան՝ բանակներով, որքան՝ դիվանագիտությամբ, զինված ուժերի՝ սահմանագծին կատարած հերոսական աշխատանքն արտաքին քաղաքական կապիտալի վերածելու կարողությամբ։ Առանց այդ դիվանագիտական աշխատանքի, մեր զինված ուժերի կատարածը՝ իր ողջ հերոսականությամբ, մնալու է սահմանագծին, որովհետև, չստանալով համապատասխան դիվանագիտական ձևակերպումներ ու ամրագրումներ, փոշիանալու է աշխարհաքաղաքականության կեղտոտ առևտրի խոհանոցներում։

Ցավոք, մեր զինված ուժերի մարտունակությանը հակադարձ համեմատական կարգով թշվառ ու մերկ է մեր արտաքին քաղաքականությունը, որը Նիկոլ Փաշինյանի խրոխտ ղեկավարության ու ամպագոռգոռ պոպուլիզմի ներքո հասցրել է անցած երկուսուկես տարվա ընթացքում Հայաստանից վանել ու հեռացնել այնքան իրական ու հնարավոր դաշնակիցների ու գործընկերների, որքան չեն կարող պատկերացնել անգամ ամենաթշնամական դավադրությունների հեղինակները։

Այսօր Հայաստանը գործնականում միայնակ է աշխարհում։ Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունը փչացվել է փառահեղ կերպով, արևմտյան ուղղությամբ Փաշինյանի հետևողական հանդիմանանքը տվել է իր պտուղները՝ ոչ ԱՄՆ-ում, ոչ Եվրամիությունում Հայաստանին որևէ մեկը լուրջ չի ընդունում, Իրանի  ու Վրաստանի հետ հարաբերություններն ընթանում են մեխանիկական իներցիայով․․․ Անցած երկուսուկես տարիներին արտաքին քաղաքականության ասպարեզում չի կատարվել որևէ առարկայական քայլ, որի արդյունքում հնարավոր պատերազմի դեպքում Հայաստանի զինված ուժերի հաղթանակները հաղթականորեն կպսակվեն նաև համապատասխան միջազգային բանաձևերում ու փաստաթղթերում։

Իսկ դա նշանակում է, որ հնարավոր պատերազմի դեպքում բանակն անկասկած կարողանալու է պաշտպանել մեր անվտանգությունը, սակայն դիվանագետները մսխելու են այդ հաղթանակները՝ իրենց դողդոջուն ժպիտների ներքո։ Ճիշտ այնպիսի ժպիտների ներքո, ինչպիսին էր Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի երեկվա ժպիտը, երբ նա հրաժարվում էր մեկնաբանել Ալիևի հայտարարությունները, քանի որ, պարզվում է, մեր դիվանագիտության ղեկավարի համար դրանք չափից ավելի հուզական են։ Մնացականյանի անճար ժպիտն ու  հուսահատ հրաժարումը մեր դիվանագիտության, իսկ իրականում՝ դրա չգոյության խտացված արտահայտություններն են, որոնց գինը, սակայն, կարող է շատ թանկ լինել և պարգևել ամենևին ոչ լեթարգիական ժպիտներ։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս