«Նովիչոկի» հայաստանյան էֆեկտները
Ալեքսեյ Նավալնիին Հանրայինի եթերում մեղմիկ հակառուսականության ալիքի շրջանակներում ցուցադրող Հայաստանի իշխանությունը որևէ խոսք չասաց ու չի ասել ու չի ասելու նույն Ալեքսեյ Նավալնիի թունավորման առնչությամբ։
Սա այն է, ինչ անհրաժեշտ է իմանալ Հայաստանի իշխանության արժեքային, արժեքաբանական համակարգի, իրականում՝ դրա չգոյության մասին։
Ալեքսեյ Նավալնիի թունավորման հարցով աշխարհը բաժանվել է երկու մասի՝ արևմտյան երկրների մեծամասնությունը կատարվածը համարում է մահափորձ ընդդիմադիր գործիչ նկատմամբ՝ Ռուսաստանից պահանջելով անաչառ հետաքննություն, աշխարհի ռուսական հատվածն էլ՝ ինչպես նախկին, դրանից նախկին ու էլի նախկին թունավորումների դեպքում, հերքում է Նավալնիի թունավորման կայսերապետական գործում Կրեմլի առնչակցությունը։ Հայաստանն այս խմբերից որևէ մեկում չկա։ Թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությամբ իշխանության եկած քայլախումբը չի համարձակվում որևէ հնչյուն արտաբերել ակնհայտ քաղաքական դրդապատճառներ ունեցող այդ իրադարձության կապակցությամբ։ Ընդ որում, պարտադիր չէ, որ Հայաստանը, ասենք, Վրաստանի օրինակով, միանա Նավալնիի թունավորման հետաքննությունը պահանջող Եվրամիության հայտարարությանը։ Բայց Հայաստանը կարող էր ու է գոնե ձևականորեն դատապարտել տեղի ունեցածը՝ հույս հայտնելով, որ կատարվածի բոլոր մանրամասները կբացահայտվեն օբյեկտիվ հետաքննության արդյունքում, պատվիրատուներն էլ պատասխանատվության կենթարկվեն օրենքի ողջ խստությամբ։
Իրականում անատամ ու ոչնչի մասին նման հայտարարությունը հնարավորություն կտար Հայաստանի աղքատիկ դիվանագիտական պորտֆոլիոյում ունենալ արձանագրում առ այն, որ Հայաստանի սարսափելիորեն ժողովրդավարական ու անհասանելիորեն ազատ իշխանությունները գոնե դատապարտում են մեր բարեկամ երկրում ընդդիմադիր, իմա՝ ժողովրդավարական գործունեություն ծավալող գործչի կյանքի դեմ ուղղված քայլը։ Սակայն նման բան տեղի չունեցավ, որովհետև կյանքը ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանի համարձակությունը բավարարում է միայն Պուտինին օդանավակայանում չդիմավորելու, բայց նրա հետևից օդանավակայան շտապելու չափով։ Ահա այդ համարձակությունն այնքան չէ, որ Հայաստանը ՄԱԿ-ում կողմ քվեարկի Բելառուսում մարդու իրավունքների դեմ ոտնձգությունների հետաքննությանը, ու առավել ևս դիրքորոշում արտահայտի Նավալնիի թունավորման հարցում։
Նավալնիին կարելի է միայն հեռարձակել ու միայն չթունավորված վիճակում։
Հարցը, իհարկե, Նավալնին չէ, և ոչ էլ անգամ՝ Պուտինը կամ Լուկաշենկոն։ Խնդիրն այն է, որ Հայաստանի իշխանությունը՝ չունենալով որևէ իրական արժեքային կողմնորոշում, չի համարձակվում և/կամ չի կարողանում իրականացնել այնպիսի արտաքին քաղաքականություն, որը գոնե ցուցափեղկային առումով կվկայեր այս երկրի իշխանությունների դավանած որևէ սկզբունքի կամ հավատամքի մասին։
Նավալնին, ինչպես վկայում են բուժող բժիշկները, կապաքինվի, ինչը դժվար է ասել Հայաստանի հեղինակության մասին, որն ամեն նման առիթով «թունավորվում» է գրեթե այնպես, ինչպես Նավալնիին թունավորել էին «Նովիչոկով»։
Հարություն Ավետիսյան