«Որպեսզի համոզվեմ, որ դա հեքիաթ չէ, ես պետք է ամեն տարի տեսնեմ ինչ-որ առաջընթաց». քաղտեխնոլոգը՝ 2050 թ. ռազմավարության մասին
Երեկ՝ Հայաստանի Անկախության 29-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակներում, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի շենքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050 թ. ռազմավարությունը։
Հայաստանի թռիչքաձև զարգացման համահայկական օրակարգը ներկայացնելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մինչև 2050 թվականը ՀՀ բնակչությունը պետք է հասցնել առնվազն 5 միլիոնի, երկրում աղքատությունը պետք է հաղթահարվի աշխատանքով, պետք է 20-ապատկվի Հայաստանի համախառն ներքին արդյունքը, պետք է 7-ապատկվի միջին աշխատավարձը, առողջ ապրելակերպը պետք է դարձնել ազգային հատկանիշ, կյանքի սպասվող տևողությունը հասցվի 90 տարվա, պետք է նվաճել 25 օլիմպիական ոսկե մեդալ, ֆուտբոլի ազգային հավաքականն էլ դարձնել Եվրոպայի կամ աշխարհի առաջնության մեդալակիր, նվաճել շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը:
Ներկայացված ռազմավարությունը շատերը կենաց որակեցին՝ նշելով, թե դրանում արձանագրված չեն ներկայացրած արդյունքներին հասնելու ուղիները:
Քաղտեխնոլոգ Կարենը Քոչարյանը ողջունում է Նիկոլ Փաշինյանի այս քայլը, քանի որ, ըստ նրա՝ Հայաստանի 30-ամյա պատմության մեջ առաջին անգամ ներկայացվել է երկարաժամկետ ռազմավարական ծրագիր:
«Առանց տեսլականի հասարակությունը, պետությունը չի կարող զարգանալ, չի կարող ապրել: Չենք կարող մենք անընդհատ ապրել՝ «էշ մի սատկի, գարուն կգա» սկզբունքով, էսօր տենանք՝ ինչ ենք անում, վաղը գլխներիս ճարը կտեսնենք: Ինչպե՞ս ներկայացրեց, դա էլ, ես կարծում եմ, ոչ միայն ինձ, այլև շատերին դուր է եկել՝ ֆորմատը, և այլն:
Այստեղ այլ խնդիր կա: Երկարաժամկետ ծրագիրն ինքը կենացների մակարդակից կդառնա իրականություն, եթե երկարաժամկետ ծրագիրն ուղեկցվի միջնաժամկետ և կարճաժամկետ ծրագրերով: Դա պետք է ամրապնդվի ամենօրյա աշխատանքով, որովհետև ես ուզում եմ, իհարկե, որ ոչ թե 5 միլիոն լինի, այլ 7 միլիոն լինի, ես ուզում եմ ոչ թե 3 համալսարան լինի աշխարհի տասնյակի մեջ, այլ բոլոր համալսարանները լինեն, բայց ինչպե՞ս: Մեխանիզմը պետք է ցույց տալ, և որպեսզի ես համոզվեմ, որ դա հեքիաթ չէ, ես պետք է ամեն տարի տեսնեմ ինչ-որ առաջընթաց: Ինչպես դա անել, ոնց գնալ և այդ «ինչպես»-ը ես պետք է իմ կաշվի վրա ամեն տարի զգամ, գոնե մի քիչ, գոնե ինչ-որ առաջընթացով»,- ասաց Կարեն Քոչարյանը:
Քաղտեխնոլոգի խոսքով՝ այս պահի դրությամբ ռազմավարության պրոբլեմն այն է, որ չկան այն մեխանիզմները, կարճաժամկետ և միջնաժամկետ ծրագրերը, որոնցով պետք է իրականացվի ռազմավարությունը:
«Պրոբլեմը նա չէ, որ «եթե սենց ա, էս ճահճի մեջ էլ մնալու ենք»: Չէ, ինձ ցույց տվեք ճանապարհները, մեխանիզմները՝ ո՞նց ենք դուրս գալու, էդ ժամանակ ես կհավատամ դրան, ոչ թե պարզապես՝ «ցանկանում եմ, որ էսպես լինի»: Ես չեմ տեսնում գրված էդ ռազմավարական ծրագրի մեջ այն մեխանիզմները՝ ինչպես ենք մենք հասնելու բոլոր դրված այդ ցուցանիշներին»,- նշեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում