Բաժիններ՝

«Հայն ու հայը»․ համամարդկային ներկայացում՝ հայի առանձնահատկությունների և միմյանց սիրելու անհրաժեշտության մասին

Սեպտեմբերի 20-ին Երևանի թատրոնի, կինոյի պետական ինստիտուտի Ուսանողական թատրոնը բացեց աշնանային թատերաշրջանը՝ «Հայն ու հայը» ներկայացմամբ:

Ներկայացումն ամբողջովին նվիրված էր հայի բնավորության թե՛ դրական, թե՛ բացասական առանձնահատկություններին:  Ներկայացման երկու դերասանները՝ Դավիթ Աբրահամյանը, որը նաև ներկայացման մտահղացման և բեմադրության հեղինակն է, և Սարգիս Շողունցն անձնական կյանքի դրվագներով և հայ մեծանուն գրողների՝ Վիլյամ Սարոյանի, Աղասի Այվազյանի, Գևորգ Էմինի, մեծանուն արտիստ Սոս Սարգսյանի և այլոց ստեղծագործությունների որոշ հատվածների միջոցով փորձել են ցույց տալ, թե ինչպիսին է հայն առօրյայում, ընտանիքում, դժվար պահերին, նույնիսկ՝ որևէ պաշտոն զբաղեցնելիս:

Ներկայացման մեջ դերասաններն արծարծում են նաև վերջերս մեծ աղմուկ բարձրացրած կրթության չափորոշիչների թեման՝ սուր հումորով ցույց տալով, որ առանց ազգային արժեքների՝ հնարավոր չէ սերունդներ դաստիարակել կամ հասնել որևէ հաջողության:

«Կարծում եմ՝ մենք խնդիր ունենք ինքներս մեզ ճանաչելու, գտնելու, հասկանալու, թե, ի վերջո, ով ենք մենք: Եթե մարդն ուզում է ինչ-որ բանի հասնել, պետք է հասկանա՝ ով է և ուր է գնում: Մի օր ընդհանուր խոսակցության ժամանակ մենք հասկացանք, որ ինքներս մեզ, մեր երկիրը դեռ չենք ճանաչում, դրա պատճառով էլ կարիք կար գնալու մեր ներսը: Եթե մենք ուզում ենք աշխարհի հետ խոսել, պետք է մեր դիտանկյունից խոսենք: Այսինքն՝ այստեղ ազգային արժեքները ոչ թե պահպանողական բնույթ են կրում, այլ, եթե խոսում ենք աշխարհի հետ, ուրեմն՝ մենք ունենք մեր տեղը, որը կոչվում է Հայաստան»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Դավիթ Աբրահամյանը:

Նա կիսում է այն տեսակետը, որ յուրաքանչյուր ներկայացումից հանդիսատեսը վերցնում է այն, ինչն ինքն ուզում է, սակայն այս ներկայացումը դիտելուց հետո դերասանը կցանկանար, որ հանդիսատեսը վերցներ ամենակարևորը՝ սիրելը դիմացինին, հայրենիքը:

«Հայրենիքի նկատմամբ սերը միայն բառերով չէ, պաթոսախառը դրոշներով նկարներ չէ, այլ հայրենասիրությունը սերն է հայի նկատմամբ: Հիմա մենք ուզում ենք՝ այս ներկայացումից հետո մարդիկ դուրս գան և հասկանան, որ իրենց կողքի մարդը վատը չէ, տարօրինակ, զարմանալի հայ է, բայց կարելի է իրեն սիրել՝ իր թերություններով ու առավելություններով»,- հավելեց դերասանը:

Նա նշեց, որ ի սկզբանե նպատակ է ունեցել բերադրելու մոնո-ներկայացում, սակայն ընթացքում հասկացել է, որ հային նկարագրելու համար մեկ կերպարը քիչ է, և համագործակցել է Թատերական ինստիտուտի ուսանող Ս. Շողունցի հետ:

«Ամեն ինչ իրական է, մեր կյանքի դրվագներից վերցված, որոնք ուղղակի և անուղղակի կապված են հայերի հետ: Այս դեպրեսիոն շրջանից դուրս գալու համար, մենք ուղղակի ներքին մղումով հասկացանք, որ պետք է անել նոր բան և անել հենց մեր մասին»,- շեշտեց նա:

Ըստ Սարգիս Շողունցի՝ ներկայացման սցենարը գրելիս հասկացել են, որ կան բաներ, որոնք նախկինում երբեք չեն գիտակցել:

«Ես ունեմ մի գաղափարախոսություն՝ ցանկացած արվեստի հիմք ազգայինն է, այսինքն՝ պետք է լինի ազգային հիմքի վրա, բայց մատչելի լինի, այսինքն՝ լինի  համամարդկային: Այս ներկայացումը հենց դրա մասին է, այսինքն՝ ռուսը, ֆրանսիացին և այլք, նույն գաղափարը կարող են գտնել նաև իրենց ազգի մեջ: Լինելով հայի մասին՝ այս ներկայացումը նաև  համամարդկային է: Ներկայացումը նաև հայրենիքը սիրելու մասին է, իսկ սիրելու համար պետք է այն ճանաչես, որևէ կերպ չես կարող սիրել Կոմիտաս, եթե դու չգիտես նրան: Չես կարող սիրել Հաղպատի վանքը, եթե չես այցելել այնտեղ: Այս տեսակ նուրբ բաներ կան, որոնք գալիս են իմացությունից»,- նշեց Ս. Շողունցը:

Ուսանողական թատրոնի տնօրեն Էրիկ Բարսեղյանն էլ անդրադառնալով համավարակի շրջանում թատերաշրջանի բացմանը, նշեց, որ ոչ միայն  թատրոնի, այլև բոլոր ոլորտների համար ստեղծված է ճգնաժամային կառավարման իրավիճակ, ուստի փորձում են իրենց  աշխատանքները կազմակերպել՝ ըստ պարետատան  որոշումների, և այդ ամբողջը հարմարեցնել թատերական մթնոլորտին:

«Դժվարություններ, անշուշտ, կան, բայց դրանք զուտ տեխնիկական բարդություններ են, որովհետև զուտ ստեղծագործական ճգնաժամ ուսանողական թատրոնում երբեք չի եղել: Մեզ մոտ ստեղծագործում են երիտասարդները, որոնք իրենց դրսևորել են ամենափայլուն ձևով:

Սա մեր առաջին ներկայացումն է և սա կլինի, այսպես ասած, «լակմուսի թուղթ»՝ հասկանալու, թե մեր հանդիսատեսն ինչ հաճախականությամբ է այցելում ուսանողական թատրոն: Հետևելով ընդհանուր տենդենցին՝ կարծում եմ՝ հանդիսատեսն իսկապես կարոտով է լցված՝ հաճախելու՝ ինչպես Ուսանողական, այնպես էլ՝ մյուս բոլոր թատրոնները: Այս սթրեսային շրջանից դուրս գալուն, բնականաբար, մեծապես նպաստելու է  արվեստին առնչվելը, և սա բնական պահանջ է»,- շեշտեց նա:

Նա նաև տեղեկացրեց, որ Ուսանողական թատրոնի խաղացանկը մշտապես եղել է բազմաժանր, հոկտեմբերին ևս մեկ պրեմիերա ունեն, որի մասին շատ փակագծեր չբացեց:

«Կարծում եմ՝ բոլոր թատրոններն այս շրջանում պարապ չեն մնացել, և յուրաքանչյուրը  ստեղծագործական պրոցեսի է մասնակցել: Լիահույս եմ, որ պանդեմիայի երկրորդ ալիքը չի ստիպի մեզ նորից փակվել, և մենք կկարողանանք բուռն շրջան մեկնարկել հենց այս ներկայացմամբ»,- եզրափակեց Է. Բարսեղյանը:

Զվարթ Խաչատրյան

Լուսանկարները՝ Դավիթ Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս