Սահմանադրական դատարանում շունը տիրոջը չի ճանաչում. մի դիմումի ոդիսական

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) հունիսի 26-ին դիմել էր Սահմանադրական դատարան՝ վիճարկելով հունիսի 22-ին Խորհրդարանի ընդունած սահմանադրական փոփոխությունները։

Երեկ Սահմանադրական դատարանում (ՍԴ) ընթացող այդ և այլ գործընթացների վերաբերյալ 168.am-ի հարցերին ի պատասխան՝ նշել էին, որ «չնայած այն հանգամանքին, որ հարցը ներառված է եղել Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստի օրակարգում, Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կատարող ՍԴ աշխատակազմի իրավախորհրդատվական վարչության պետ Սամվել Առաքելյանը 2020 թվականի օգոստոսի 31-ին Ազգային ժողովի 26 պատգամավորներին հղել է Ա/0821-2020 գրությունը՝ նրանց կողմից 2020 թվականի հունիսի 26-ին Սահմանադրական դատարան մուտքագրված թիվ 3-148 դիմումի հետ՝ եռօրյա ժամկետում դիմումը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով»:

Ըստ էության գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ ՍԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող անձը գերազանցում է ՍԴ իրավասությունը, և դեռ հարց է՝ պատասխանատվություն կկրի՞ արդյոք վերջինս իր կատարած ապօրինության համար: Չի կարող ՍԴ աշխատակարգային նիստի օրակարգում ընդգրկված հարցը հանվել օրակարգից ու վերադարձվել կողմերին:  Այս պարագայում ՍԴ-ն պետք է որոշում կայացներ, ու նոր դրա մասին Սամվել Առաքելյանը կարող էր տեղեկացնել կողմերին:

Այս գործողության իրավաչափության հարցի առնչությամբ 168.am-ը զրուցեց ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանի հետ, ով արդեն վերադարձել է արձակուրդից ու անցել իր պարտականությունների կատարմանը:

«Քանի որ այդ գործողությունը կատարել է Սամվել Առաքելյանը, ես կարծում եմ, որ ճիշտ է իրենից ճշտել, թե նա դա ինչի՞ է արել: Երբ ես դեռ արձակուրդի մեկնած չեմ եղել, այդ հարցը եղել է ՍԴ աշխատակարգային նիստի օրակարգում, և ես դա չեմ ուղարկել պատգամավորներին, որովհետև դա անելու համար իրավական հիմքեր չեմ տեսել, իսկ դրանք սահմանվում են օրենքներով: Ոչ մի օրենքում չկա գրված, որ դիմումը ՍԴ մուտք լինելուց հետո 2 ամիս անց կամ ավելի ուշ կարելի էր ներկայացնել դիմողին: Օրենքը դրա համար հստակ ժամկետ է սահմանում, և դա եռօրյա ժամկետն է»,- ասաց ՍԴ աշխատակազմի ղեկավարը:

Մեր հարցին, թե ինչո՞ւ եռօրյա ժամկետում դա չի վերադարձվել դիմողներին, Էդգար Ղազարյանը պատասխանեց, որ չի վերադարձվել մի քանի պատճառներով:

«Առաջին՝ ՍԴ մուտք եղած ցանկացած դիմում «ՍԴ մասին» սահմանադրական օրենքի պահանջով՝ ենթակա է պարտադիր գրանցման, և սա իմպերատիվ պահանջ է: Նույնպիսի պահանջ է նաև այն, որ ՍԴ մուտքագրված բոլոր դիմումները պետք է ներկայացվեն ՍԴ նախագահին: Այսինքն՝ ՍԴ աշխատակազմում՝ սկսած ղեկավարից մինչև ամենացածր օղակի պաշտոնյաներ, գոյություն չունի թեկուզ մեկ պաշտոնյա, որն իրավասություն ունենա ինքնուրույն տնօրինել ՍԴ մուտք եղած դիմումների ճակատագիրը»,- օրենքի պահանջը ներկայացրեց ՍԴ աշխատակազմի ղեկավարը:

Նրա խոսքով՝ դիմումների բովանդակությանն ու տեխնիկական և այլ խնդիրներին ծանոթանալուց, որոշ դեպքերում՝ նաև աշխատակազմից որոշ նկատառումներ ու պարզաբանումներ ստանալուց հետո ՍԴ նախագահը որոշում է կայացնում այդ դիմումների ճակատագրի վերաբերյալ, և եթե Դատարանի նախագահը նպատակահարմար է համարում, որ դիմումը պետք է վերադարձվի դիմողին, դա ապահովում է աշխատակազմը, սակայն դրա համար սահմանված է հստակ 3-օրյա ժամկետ:

«ԲՀԿ-ի պատգամավորները դիմումը մեզ ներկայացրել են էլեկտրոնային տարբերակով հունիսի 25-ին՝ աշխատանքային օրվա ավարտից հետո, իսկ թղթային տարբերակով՝ հաջորդ օրն առավոտյան: Հենց այդ ժամանակ էլ գրանցվել են դիմումի թե էլեկտրոնային, և թե թղթային տարբերակները: Բայց այդ պահին ոչ մի դատավոր չի ստանձնել Դատարանի նախագահի պարտականությունների կատարումը, որովհետև հունիսի 26-ի ժամը 00:01-ից ուժի մեջ էին մտել սահմանադրական փոփոխությունները, իսկ Աշոտ Խաչատրյանը ՍԴ նախագահի լիազորությունների ժամանակավորապես կատարումը ստանձնել է 2020թ. հուլիսի 22-ին»,- ասաց Էդգար Ղազարյանը՝ հավելելով, որ դա այդ պահին միակ դիմումը չի եղել, եղել են դիմումներ նաև կառավարությունից ու քաղաքացիներից, սակայն չի եղել իրավասու անձ ՍԴ-ում, դատավոր, ով կարող էր ստանձնել ՍԴ նախագահի պարտականությունները ու իրենից պահանջել այդ դիմումները, իսկ ինքն իրավասու չէր ինքնուրույն տնօրինել դրանց ճակատագիրը:

Ըստ ՍԴ աշխատակազմի ղեկավարի՝ հուլիսի 22-ին, ստանձնելով ՍԴ նախագահի պարտականությունների կատարումը, որի մասին կա նաև ՍԴ կայքում տեղադրված հայտարարություն, իրենից պահանջել է բոլոր գործերը, որոնք այդ պահի դրությամբ կուտակված են եղել, և ինքն այդ դիմումը մակագրել է ՍԴ դատավորներ Ա. Դիլանյանին, Վ. Գրիգորյանին և Ա. Թունյանին, որպեսզի «ՍԴ մասին» սահմանադրական օրենքի 27-րդ հոդվածի պահանջներով՝ նրանք իրականացնեն դիմումի նախնական ուսումնասիրություն:

«Դա նշանակում է, որ Աշոտ Խաչատրյանն ընդունել է այդ դիմումի իրավաչափությունը: Հակառակ պարագայում ինքը դա չէր մակագրի դատավորներին, և այդ դիմումն ընթացք է ստացել: Դատավորներն իրենք ներկայացրել են գրություններ, քանի որ նախնական ուսումնասիրության համար էլ օրենքով սահմանված ժամկետ կա, սակայն այդտեղ էլ խնդիր կա, որովհետև օրենքն ասում է, որ դիմումը ՍԴ մուտքագրվելու պահից 20-օրյա ժամկետում պետք է իրականացվի դրա նախնական ուսումնասիրությունը, և միայն դատավորի ներկայացրած միջնորդությամբ այդ ժամկետը կարող է երկարացվել»,- ասաց Էդգար Ղազարյանը:

Ըստ նրա՝ քանի որ դիմումը ՍԴ է մուտքագրվել հունիսի 26-ին, նշանակում է, որ դրա նախնական ուսումնասիրության ժամկետն ավարտվել էր հուլիսի 17-ին, բայց Աշոտ Խաչատրյանը հուլիսի 23-ին դա մակագրել է դատավորներին, նրանք տվել են կարծիքներ ու դրանցում նշել, որ այդ դիմումում 1 ստորագրություն պակաս է:

«Պարոն Խաչատրյանն ինձ առաջարկեց, որ ես այդ մասին տեղեկացնեմ պատգամավորներին, բայց ես իրեն գրավոր զեկուցագրով տեղեկացրել եմ, որ դա հնարավոր չի անել, որովհետև այդ ժամկետը բաց է թողնված: Եվ Աշոտ Խաչատրյանը որոշում է կայացրել հարցը ներառել ՍԴ աշխատակարգային նիստի օրակարգում, որպեսզի Դատարանը քննության առնի և որոշի այդ դիմումի հետագա ճակատագիրը:

Էդգար Ղազարյանը նշեց, որ այդ դիմումը եղել է ներառված ՍԴ օգոստոսի 18-ի աշխատակարգային նիստի օրակարգում, ապա 28-ի, դրանք չեն կայացել, հետևաբար՝ աշխատակարգային նիստի օրակարգում այդ հարցը մնացել է:

«Այդ ընթացքում ես արձակուրդ եմ գնացել, ինձ փոխարինել է Սամվել Առաքելյանը, և չնայած սեպտեմբերի 1-ի աշխատակարգային նիստը չէր կայացել, ու, ինչպես նշեցի, նիստի օրակարգում այդ հարցը կար, ինքը որոշում է կայացրել, որ գրություն գրի պատգամավորներին ու ասի, որ ձեր դիմումի մեջ մի ստորագրություն պակաս է, խնդրում եմ համապատասխանեցնել օրենքի պահանջին»,- ասաց ՍԴ աշխատակազմի ղեկավարը:

Նրան հարցրինք, թե կարո՞ղ էր արդյոք Սամվել Առաքելյանը միայնակ, ինքնուրույն նման որոշում կայացնել, և հնարավո՞ր չէ, օրինակ, որ իր գործողությունը նա համաձայնեցրել է Աշոտ Խաչատրյանի հետ:

«Ես չեմ կարող ասել: Դրա համար ասում եմ, որ լավ կլինի, որ Ս. Առաքելյանն ինքը տա բացատրություն, թե ինչո՞ւ է կատարել այդ գործողությունը: Այս պահին մեր աշխատակարգային նիստի օրակարգում կան հարցեր, և ես՝ որպես այս պահին գործող աշխատակազմի ղեկավար, երբեք չեմ մտածի, որ ես կարող եմ իրավունք ունենալ այդ հարցերի վերաբերյալ որևէ գործողություն կատարել, որովհետև դրանց վերաբերյալ ՍԴ-ն դիրքորոշում չի հայտնել»,- նկատեց ՍԴ աշխատակազմի ղեկավարը՝ շեշտելով, որ աշխատակազմի խնդիրը ՍԴ որոշումներից հետո քայլեր կատարելն է, և իրենց պարտականությունն է՝ արդեն կայացված որոշումների մասին կողմերին տեղյակ պահել:

168.am-ի հարցին, թե ՍԴ ղեկավար կազմը, ինքը՝ այս պահին դեռ ՍԴ նախագահի պարտականությունները կատարող Աշոտ Խաչատրյանը, հա՞շտ են այս իրողության հետ, որ աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող անձն ըստ էության գերազանցել է ՍԴ իրավասությունը, պատասխանեց, որ չի կարող պատասխանել այդ հարցին:

Ճշտող հարցին էլ, թե կա՞ արդյոք պրոցես, որ այդ հարցով այս պահին ընթանում է ՍԴ-ում, օրինակ, ծառայողական քննություն կամ կարգապահական հարցերի հստակեցում, ասաց, որ այս պահի դրությամբ նման գործընթաց առայժմ չկա:

Տեսանյութեր

Լրահոս