Պատասխանատվություն կկրի՞ արդյոք ՍԴ աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարած Սամվել Առաքելյանն իր գործած ապօրինության համար
Կապված Սահմանադրական դատարանում (ՍԴ) վերջին ժամանակներում ընթացող պրոցեսների հետ՝ 168.am-ը ՍԴ նախագահի պարտականությունները կատարող Աշոտ Խաչատրյանից ցանկացել էր ստանալ հետևյալ հարցերի պատասխանները՝
1. Ի՞նչ հիմքով է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների և Տիգրան Ուլիխանյանի դիմումի քննության ընդունումը ՍԴ-ն մերժել կամ դիմումը վերադարձրել՝ շտկումներ անելու համար:
2. Արդյո՞ք ճիշտ է մամուլի հրապարակումն առ այն, որ նշված հարցը ներառված է եղել աշխատակարգային նիստի օրակարգում, երբ դիմումը վերադարձվել է Սամվել Առաքելյանի կողմից, և, որ նիստից առաջ դատավորները ՍԴ աշխատակազմի ղեկավարի լիազորությունները ժամանակավորապես կատարող Սամվել Առաքելյանի կողմից չեն տեղեկացվել դիմումի վերադարձի մասին:
Եթե այո, ապա խնդրում ենք տրամադրել պարզաբանումներ հարցի առնչությամբ:
3. Արդյո՞ք Սամվել Առաքելյանի նկատմամբ կիրառվելու է կարգապահական տույժ՝ լիազորությունները վերազանցելու համար:
4. Խնդրում ենք հայտնել նաև, թե ի՞նչ փուլում է գտնվում ԱԺ պատգամավորների կողմից ՍԴ մուտք արված երկրորդ դիմումը:
Նշված հարցերի վերաբերյալ ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանի ստորագրությամբ ստացել ենք հետևյալ պատասխանները՝
1. Ազգային ժողովի 26 պատգամավորների կողմից՝ որպես պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդ, Սահմանադրական դատարան ներկայացված դիմումը 2020 թվականի հուլիսի 23-ին ՍԴ նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարող Աշոտ Խաչատրյանի կողմից, հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 27-րդ հոդվածը, մակագրվել է Սահմանադրական դատարանի դատավորներ Արաիկ Թունյանին, Արման Դիլանյանին և Վահե Գրիգորյանին՝ նախնական ուսումնասիրության նպատակով։
ՍԴ դատավորներ Արաիկ Թունյանի, Արման Դիլանյանի և Վահե Գրիգորյանի կողմից ՍԴ նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարող Աշոտ Խաչատրյանին հասցեագրված գրությունների, վերջինիս կողմից ՍԴ աշխատակազմի ղեկավարի ներկայացված և նրա կողմից տրամադրված ներքին գրությունների հիման վրա, հարցը մտել է Սահմանադրական դատարանի օգոստոսի 18-ի, այնուհետև, օգոստոսի 25-ի և սեպտեմբերի 1-ի աշխատակարգային նիստերի օրակարգ, իսկ այդ նիստերը չեն կայացել՝ քվորումի բացակայության պատճառով։
2. Չնայած այն հանգամանքին, որ հարցը ներառված է եղել Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստի օրակարգում, Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կատարող ՍԴ աշխատակազմի իրավախորհրդատվական վարչության պետ Սամվել Առաքելյանը 2020 թվականի օգոստոսի 31-ին Ազգային ժողովի 26 պատգամավորներին հղել է Ա/0821-2020 գրությունը՝ նրանց կողմից 2020 թվականի հունիսի 26-ին Սահմանադրական դատարան մուտքագրված թիվ 3-148 դիմումի հետ՝ եռօրյա ժամկետում դիմումը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով։
Ըստ էության գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ ՍԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող անձը գերազանցում է ՍԴ իրավասությունը, և դեռ հարց է՝ պատասխան կտա՞ արդյոք վերջինս իր կատարած ապօրինության համար: Չի կարող ՍԴ աշխատակարգային նիստի օրակարգում ընդգրկված հարցը հանվել օրակարգից ու վերադարձվել կողմերին: Այս պարագայում ՍԴ-ն պետք է որոշում կայացներ, ու նոր դրա մասին Սամվել Առաքելյանը կարող էր տեղեկացնել կողմերին:
«Ինչ վերաբերում է հանրային ծառայողի նկատմամբ կարգապահական պատասխանատվության միջոց կիրառելու հարցին, ապա համապատասխան հիմքերի առկայության դեպքում Սահմանադրական դատարանում այդպիսի միջոցները հավասարապես կիրառելի են բոլոր աշխատողների նկատմամբ»,- վերոնշյալ հարցի առնչությամբ պատասխանել էին մեզ ՍԴ-ից:
Անդրադառնալով մեր հաջորդ հարցին էլ՝ ի պատասխան՝ նշել էին, որ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի կողմից 2020 թվականի օգոստոսի 18-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը գտնվում է նախնական ուսումնասիրման փուլում:
ՍԴ-ից ցանկացել էինք նաև իմանալ, թե ե՞րբ է ՍԴ-ում վերջին անգամ կայացել աշխատակարգային նիստ և ի՞նչ օրակարգով, և ինչո՞ւ նախորդ շաբաթ ՍԴ-ում աշխատակարգային նիստ չի հրավիրվել:
Մեզ պատասխանել էին, որ ՍԴ վերջին աշխատակարգային նիստը գումարվել է ս/թ սեպտեմբերի 1-ին, որի օրակարգում ներառված է եղել շուրջ 5 տասնյակ հարց: Նշված նիստում 5 հարցով որոշում չի կայացվել, իսկ մնացած հարցերով նիստը իրավազոր չի եղել՝ պայմանավորված քվորումի բացակայությամբ:
«ՍԴ բնականոն գործունեության ապահովման համատեքստում հաջորդ աշխատակարգային նիստը նշանակված է սեպտեմբերի 18-ին, իսկ ՍԴ նիստի օրն է սեպտեմբերի 15-ը»,- գրված էր ՍԴ պատասխանում: